• Ամո՛թ է.չի կարելի է անտարբեր լինել պատերազմի հետևանքների հանդեպ.Քահանայապետի առավոտյան քարոզը

    «Պատերազմը դիպչում է յուրաքանչյուրին. պատերազմը սկսվում է սրտում»:


     

    «Պատերազմի Աստված չկա».

    ըստ Vatican Radio-ի, Քահանայապետն այս վճռական հայտարարությունն արել է 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ Սբ. Պատարագի ժամանակ, Ասիզի քաղաք մեկնելուց ժամեր առաջ, ուր  մասնակցելու էր կրոնական առաջնորդների միջազգային գագաթնաժողովի փակման արարողությանը և աղոթելու էին աշխարհի խաղաղության համար:

     

    Քահանայապետը նորից Ասիզի է վերադառնում 2016թ. օգոստոսի 4-ին կատարած այցելությունից ավելի քան մեկ ամիս անց, բայց այս անգամ՝ Խաղաղության Աղոթքի Հանդիպման 30-րդ տարելիցը  ոգեկոչելու համար, որը սկսել է Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը՝ 1986թ-ի հոկտեմբերի 27-ին:

     

    Այս առավոտյան քարոզում, մինչ միջկրոնական գագաթնաժողովին մեկնելը Սրբազան Քահանայապետը նշեց, որ «պատերազմը, ռումբը, որը պայթում է՝ սպանելով և վիրավորելով մարդկանց, և զրկելով մարդասիրական օգնությունից, որը չի հասնում երեխաներին, տարեցներին ու հիվանդներին, «չարի գործն է, ով ուզում է սպանել բոլորին»:

     

    «Մենք բոլորս Աստծո զավակներն ենք և Աստված Խաղաղության Աստվածն է» նշեց Ֆրանցիսկոս Պապը: Պատերազմի Աստված չկա: Նա, ով պատերազմ է հրահրում՝ չարն է. «Սատանա՛ն է ցանկանում սպանել բոլորին»:

     

    Քահանայապետը սկսեց այս առավոտյան քարոզը՝ նշելով, «տարբեր կրոնների ներկայացուցիչներ այսօր գնալու ենք Ասիզի ոչ թե շոուի համար, այլ պարզապես խաղաղության աղոթքի համար»:

     

    Անտարբեր մի´ եղեք

     

    Քահանայապետը հիշեց իր նամակն՝ ուղղված աշխարհի բոլոր եպիսկոպոսներին, որտեղ կոչ է անում նրանց աղոթքի հանդիպումներ կազմակերպել այսօր, հրավիրելով «քրիստոնյաներին, այլակրոններին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց՝ աղոթելու խաղաղության համար», քանի որ «աշխարհը պատերազմի մեջ է, աշխարհը տառապում է»:

     

    Ֆրանցիսկոս Պապը մեկնաբանեց, որ այսօրվա առաջին ընթերցումը եզրափակվում է այսպես. «Նա, ով չի լսում աղքատի կանչը, ինքը ևս կկանչի ու իրեն չեն լսի»:

     

    Եթե մենք հիմա անտարբեր լինենք այս մարդկանց կանչերին, ովքեր  տառապում են ռումբերի տակ, ովքեր տառապում են զենքի առևտրի շահագործումից, ապա կարող է մի օր այդ նույնը մեզ հետ պատահել, և մեր հանդեպ էլ կարող են անտարբեր լինել». ասաց Քահանայապետը: «Մենք չենք կարող չլսել ցավի աղաղակը մեր եղբայրների ու քույրերի, ովքեր պատերազմի պատճառով տառապում են»:

     

    Պատերազմը սկսվում է սրտում

     

    «Մենք չենք տեսնում պատերազմը». քննադատեց  Պապը՝ մեկնաբանելով, որ «մենք վախենում ենք որոշ ահաբեկչական գործողություններից, բայց այս ամենը կապ չունի այն ամենի հետ, ինչ որ կատարվում է այն երկրներում, այն տեղերում, որտեղ օր ու գիշեր ռումբեր են ընկնում և սպանում երեխաներին, տարեցներին, տղամարդկանց ու կանանց»:

     

    «Արդյո՞ք պատերազմը հեռու է», հարցրեց Քահանայապետը: «Ոչ, այն շատ մոտ է, քանի որ պատերազմը դիպչում է յուրաքանչյուրին. պատերազմը սկսվում է սրտում»:

     

    «Թող Աստված մեր սրտերին խաղաղություն շնորհի» ասաց Քահանայապետը: «Թող նա հեռացնի ագահության և կռվի բոլոր ցանկությունները: Խաղաղությու՛ն, խաղաղությու՛ն». նորից բացականչեց Ֆրանցիսկոս Պապը: Եվ մեր սիրտը խաղաղ մարդու սիրտ է՝ անկախ կրոնական պատկանելությունից»:

     

    Մենք պետք է ամաչենք

     

    Այս իրականությունն ի տես ունենալով՝ կրոնական բաժանումներ չպետք է լինեն. նշեց Քահանայապետը: Չպետք է պարզապես շնորհակալ լինենք Աստծուն՝ նրա համար, որ մեզ մոտ պատերազմ չկա:

     

    «Այսօր մենք մտածում ենք ոչ միայն ռումբերի, մահացածների, վիրավորների մասին, այլ նաև մարդկանց՝ երեխաների և մեծահասակների, որոնց համար մարդասիրական օգնությունը չի հասել, որպեսզի նրանք կարողանան սնվել: Դեղեր չեն կարող խմել: Նրանք սոված են, հիվանդ: Քանի որ ռումբերը չեն թողնում, որպեսզի նրանք ստանան այդ օգնությունը»:

     

    Քահանայապետը եզրափակեց՝ ասելով, որ «մինչ մենք այսօր աղոթում ենք, լավ կլիներ, որ բոլորս ամաչեինք նրա համար, որ մարդիկ՝ մեր եղբայրները, ունակ են այս ամենն անելու, և որ այսօրվա աղոթքի ու ապաշխարության ընթացքում, խաղաղության այս  կոչը մեր սիրտը բացի կարեկցանքի, սիրո առջև և մեզ փրկի եսասիրությունից:

     

    Zenit գործակալության կայքից թարգմանեց Նարինե Գալոյանը

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց