• Աշխարհի խորամանկությանը պատասխանենք քրիստոնեական խորամանկությամբ. Քահանայապետի կիրակնօրյա քարոզը

    «Եղէ՛ք խորագէտ՝ օձերի նման եւ միամիտ՝ աղաւնիներին նման», Մտթ., 10:16


    20 սեպտեմբերի, 2016թ.

     

    2016թ. սեպտեմբերի 18-ին Սրբազան Քահանայապետը՝ ավանդության համաձայն, իր գրասենյակի պատուհանից արտասանեց Հրեշտակ Տեառն Մարիամի աղոթքը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների ներկայությամբ։

     

    Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական հատվածի մասին, որտեղ Հիսուս ներկայացնում է կյանքի իրարից տարբերվող երկու ապրելակերպեր և պատմեց «Անիրավ Տնտեսի» առակը:

     

    Անիրավ տնտեսը  ամբաստանված էր իր Տիրոջ ունեցվածքը վատնելու համար և իր ապագան ապահովելու համար խորամանկորեն փորձում էր սիրաշահել իր Տիրոջ պարտապաններին՝ նրանց պարտքերը նվազեցնելով:

     

    Տերը՝ գովելով անիրավ տնտեսի այս վարվելակերպը, հաստատում է, որ «այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»:

     

    «Այս աշխարհի խորամանկությանը մենք պետք է պատասխանենք քրիստոնեական խորամանկությամբ, որը Սուրբ Հոգու պարգևն է»,- ասաց Սրբազան Քահանայապետն ավելացնելով, որ սա նշանակում է հեռանալ աշխարհիկ արժեքներից, որոնք շատ է սիրում սատանան, և ապրել Ավետարանի համաձայն:

     

    Աշխարհիկ կեցվածքն արտահայտվում է կաշառակերության, խաբեության ու հարստահարման միջոցով և բնորոշում է սխալ ուղին, մեղքի ուղին: Մինչդեռ Ավետարանի հոգին պահանջում է լուրջ և հանձնառու ապրելակերպ՝ բնորոշ պարկեշտությամբ, ճշգրտությամբ, ուրիշների արժանապատվության նկատմամբ հարգանքով ու պարտաճանաչությամբ:

     

    Կյանքի ընթացքում մենք պետք է ընտրություն կատարենք այս երկու ուղիների միջև՝ պարկեշտության և անպարկեշտության, հավատարմության և անհավատարմության, եսասիրության և եղբայրասիրության, բարու և չարի միջև: Չպետք է տատանվել մեկի կամ մյուսի միջև, անհրաժեշտ է ընտրություն կատարել, որովհետև «մեկ ծառան չի կարող ծառայել երկու տիրոջ, որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի»:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետն ասաց, որ Հիսուս մեզ հրավիրում է հստակ ընտրություն կատարելու Իր և աշխարհի միջև: Եթե մենք ընտրենք ավետարանական տրամաբանությունը, ապա կդառնանք «արդարության մշակներ և մարդկանց դիմաց կբացենք հույսի հորիզոններ»:

     

    «Թող Սուրբ Կույս Մարիամը բարեխոսի ու օգնի մեզ ընտրելու ճիշտ ճանապարհը, որպեսզի քաջությամբ հետևենք Հիսուսին և Նրա ավետարանին»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը խորհրդածության ավարտին, ապա արտասանեց Մարիամի աղոթքը:

     

    «Սուրբ Ֆրանցիսկոսի օրինակին հետևելով, որ եղավ եղբայրության և խոնարհության գաղափարի մարդ, բոլորս կանչված ենք աշխարհին նվիրելու մի զորեղ վկայություն՝ մեր միասնական հանձնառության, ի սպաս խաղաղության և ժողովուրդների միջև հաշտության»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ բոլոր ներկաներին մաղթելով Բարի Կիրակի ու, ինչպես միշտ, խնդրեց չմոռանալ աղոթել իր համար:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց