• «Սատանան գոհ է, երբ Քրիստոսի Եկեղեցին բաժանված է». Սրբազան Քահանայապետի քարոզը

    «Սատանան Եկեղեցին ոչնչացնելու համար երկու հզոր զենք ունի՝ բաժանումն ու փողը»:


    13 սեպտեմբերի, 2016թ.

    Ըստ Vatican Radio-ի հաղորդման, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2016թ. սեպտեմբերի 13-ի առավոտյան իր քարոզում ասել է.

     

    «Բաժանումները ավերում են Եկեղեցին, սատանան հարձակվում է միասնության արմատի՝ Սբ. Հաղորդության խորհրդակատարության վրա». ասաց Քահանայապետը:

     

    Այդ օրվա Սուրբ Պատարագը նվիրված էր Ամենասուրբ Կույս Մարիամի անվան տոնին, ըստ լատին տոնացույցի:

     

    Սրբազան Քահանայապետը, մեկնաբանելով Կորնթացիների առաջին նամակի հատվածը, որտեղ Սբ. Պողոսը հանդիմանում է Կորնթացիներին՝ իրենց կռվասիրության համար, ասաց. «Սատանան Եկեղեցին ոչնչացնելու համար երկու հզոր զենք ունի՝ բաժանումն ու փողը»: Եվ սա տեղի է ունեցել հենց սկզբում՝ «գաղափարական, աստվածաբանական բաժանումներ, որոնք խեղում են Եկեղեցին»: Սատանան սերմանում է նախանձ, հավակնություններ, գաղափարներ՝ բաժանելու կամ ագահության համար»:

     

    Եվ ինչպես պատահում է պատերազմից հետո. «ամեն ինչ ավերված է, և սատանան գոհ է, և մե´նք, պարզամիտներս, նրա խաղն ենք»: «Սա կեղտոտ պատերազմ է, բաժանման պատերազմ». կրկնեց նա: «Սա նման է ահաբեկչության, համայնքում բամբասելու պատերազմի, լեզվակռվի, որը սպանում է»:

     

    «Եվ Եկեղեցու բաժանումները թույլ չեն տալիս Աստծո Արքայությանը աճել. Դրանք թույլ չեն տալիս տեսնել Տիրոջն այնպիսին, ինչպիսին Նա է: Բաժանումը ստիպում է ձեզ տեսնել միայն այս մասը՝ ընդդեմ մյուսի: Միշտ ընդդեմ: Չկա միասնության ոչ մի յուղ, ոչ մի բալասան: Բայց սատանան ուրիշ տեղ է գնում, նա գնում է ոչ միայն քրիստոնեական համայնք, այլ՝ ուղիղ դեպի քրիստոնեական միասնության արմատներ: Եվ սա տեղի է ունենում այստեղ՝ Կորնթոս քաղաքում, կորնթացիների հետ: Պողոսը հանդիմանում է նրանց այն պատճառով, որ  բաժանում են առաջացնում հենց միասնության սրտում, այսինքն՝ Սբ. Հաղորդության խորհրդակատարության ժամանակ»:

     

    Կորնթոսի պարագայում, հարստությունները բաժանումներ են ստեղծում հարուստների և աղքատների միջև՝ հենց Սբ. Հաղորդության ժամանակ: Հիսուս Հայր Աստծուն աղոթեց միասնության համար».ասաց Քահանայապետը: «Սակայն սատանան, նույնիսկ այդտեղ ձգտում է ոչնչացնել այն»:

     

    «Խնդրում եմ ձեզ՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Եկեղեցին չբաժանվի: Բաժանումը գաղափարական է, այն հետևանք է ագահության ու հավակնությունների, նախանձի: Եվ առաջին հերթին պետք է աղոթել ու պահել աղբյուրները, Եկեղեցու միասնության արմատները, որը Քրիստոսի Մարմինն է, որին մենք ամեն օր խորհրդաբար միանում ենք Նրա «զոհաբերության՝ Սբ. Հաղորդության մեջ»:

     

    Սբ. Պողոսը խոսում է Կորնթացիների միջև երկու հազար տարի առաջ տեղի ունեցած բաժանումների մասին.

     

    «Պողոսն այսօր կարող էր սա ասել յուրաքանչյուրիս և ներկայիս Եկեղեցուն: Եղբայրնե՛ր, ես չեմ կարող գովաբանել ձեզ սրա համար, քանի որ դուք հավաքվել եք ոչ թե ավելի լավի, այլ ավելի վատի համար: Եկեղեցին բոլորին միասին է հավաքում ավելի վատ բանի համար՝ բաժանման համար՝ Սբ. Հաղորդության ժամանակ Քրիստոսի Մարմինը պղծելու համար: Եվ հենց նույն Պողոսը մեկ այլ հատվածում ասում է մեզ. «Նա, ով անարժանաբար ուտում և խմում է Քրիստոսի Մարմինն ու Արյունը, ուտում և խմում է իր իսկ դատապարտությունը»: Եկե´ք Տիրոջից Եկեղեցու միասնությունը խնդրենք, որ այլևս բաժանումներ չլինեն: Նաև խնդրենք՝ Եկեղեցու արմատներում միասնութուն հաստատելու համար, որը հենց Քրիստոսի Զոհաբերությունն  է, որին մենք ամեն օր միանում ենք խորհրդակատարությամբ»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց