• «Մի մատիտ՝ Աստծո ձեռքերում, որ գրեց գթության պոեմներ».Կարդինալ Պարոլինը՝ Մայր Թերեզայի մասին

    «Քրիստոսի սերն առաջ է մղում մեզ»:


    7 սեպտեմբերի, 2016թ.

    Աղբյուր՝ Vatican Insider

    Հեղինակ՝ Iacopo Scaramuzzi

     

    Այս առավոտ պետքարտուղար Կարդինալ Pietro Parolin-ը գոհաբանական Սբ. Պատարագ մատուցեց՝ Մայր Թերեզայի սրբադասման առիթով, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին: Կարդինալը նշեց, որ Մայր Թերեզա Կալկաթացին իր ողջ կյանքը նվիրել է աղքատներին՝ կարևորելով այն փաստը, որ նա «տեսավ դեռևս չծնված երեխաներին, ում գոյությունը սպառնալիքի տակ էր, որպես՝ «ամենաաղքատների»:

     

    Parolin-ը ասաց. «Մայր Թերեզա Կալկաթացին «սիրում էր իրեն համարել «մի մատիտ Աստծո ձեռքերում»: Բայց սիրո, կարեկցանքի, սփոփանքի և ուրախության  ինչպիսի՜ պոեմներ է կարողացել գրել: Սիրո և քնքշության պոեմներ՝ աղքատների համար, ում նա նվիրել է իր ամբողջ կյանքը: Ահա այսպես է նա բնութագրում իր «կոչում՝ կոչման մեջ» հստակ գիտակցումը: Մայր Թերեզայի լուսավորության պահը եկավ 1946թ. մի ճամփորդության ժամանակ, երբ նա հաճախում էր Հոգևոր Վարժանքների: «Ես տեսա տառապանքը և հասա իմ կոչման էության խորն ըմբռնման: Ես զգացի, որ Աստված խնդրում էր ինձ հրաժարվել իմ խաղաղ կյանքից՝ վանական միաբանության մեջ, դուրս գալ փողոցներ և ծառայել աղքատներին: Սա Աստծո հրամանն էր: Այն խորհուրդ, հրավեր կամ առաջարկություն չէր», նշեց Կարդինալը՝ այս բառերը կապելով Ողորմության Հոբելյանի հռչակման պապական կոնդակի հետ հետ, որտեղ Սրբազան Քահանայապետը զգուշացնում էր «անտարբերության» մասին:

     

    Parolin-ը շարունակեց՝ վկայակոչելով Սուրբ Պողոսի նամակը կորնթացիներին.«Նոր սուրբը ցույց տվեց, որ Քրիստոս ներկա էր աղքատների մեջ և «չնայած որ նա հարուստ էր, այնուամենայնիվ նա հանուն ձեզ աղքատ դարձավ, որ դուք նրա աղքատության միջոցով կարողանաք հարստանալ» և նա հատուցեց իր անսահման սերն Աստծուն՝ անսահման սեր ցուցաբերելով աղքատների հանդեպ: «Caritas Christi urget nos»՝ «Քրիստոսի սերը առաջ է մղում մեզ»:

     

    Կարդինալը նշեց. «Մայր Թերեզան շատ լավ էր հասկանում, որ աղքատության ամենավատ ձևերից մեկն այն գիտակցումն է, որ մենք չսիրված, անցանկալի ու արհամարհված ենք: Մի աղքատության տեսակ էլ գոյություն ունի այն երկրներում ու ընտանիքներում, որոնք աղքատ չեն, նույնիսկ այն անձանց մեջ, ովքեր պատկանում են  դասերի, ովքեր ունեն միջոցներ ու կարողություն, բայց ապրում են ներքին դատարկություն՝ կորցնելով իրենց կյանքի իմաստն ու ուղղին, կամ հուսահատված են մարդկային անհաջող հարաբերություններից, մենության դժվարությունից, բոլորի կողմից մոռացված լինելու կամ անօգտակարության զգացումից: Սա Մայր Թերեզային դրդեց ուշադրություն դարձնել դեռևս չծնված երեխաներին, ում գոյությունը սպառնալիքի տակ է՝ որպես ամենաաղքատները: Նրանցից յուրաքանչյուրը, ավելին քան մարդկային որևէ այլ էակ, կախված է մայրիկի սիրուց ու խնամքից և հասարակության պաշտպանությունից»: Նոր սաղմնավորված երեխան ուժ չունի, նրա բոլոր հույսերն ու կարիքները գտնվում են ուրիշների ձեռքերում: Դեռևս չծնված երեխան ունի կյանքի ծրագիր և ապագա, և խնդրում է ընդունված ու պաշտպանված լինել, որպեսզի կարողանա դառնալ այնպիսին, ինչպիսին հիմա է՝ մեզանից մեկը, ում գոյությունն Աստված պլանավորել է հավիտենությունից առաջ՝ մի մեծ առաքելությամբ՝ «սիրել և սիրված լինել», ինչպես Մայր Թերեզան էր միշտ ասում: Նա  խիզախորեն պաշտպանում էր դեռևս չծնված երեխաներին՝ ազնիվ խոսքով ու մեկ նպատակի միտված գործողություններով, որը մարգարեների ու սրբերի ներկայության պայծառ նշանն է, ովքեր բացի Ամենակարող Տիրոջից ոչ ոքի առաջ ծնկի չեն գալիս, ովքեր ներքուստ ազատ են, քանի որ ներքուստ ուժեղ են և ծնկի չեն գալիս նորաձևության կամ ժամանակավոր կուռքերի  առաջ, այլ առաջնորդվում են խղճով և լուսավորվում Ավետարանի լույսով»:

     

     

    Կարդինալ Parolin-ը ավարտեց իր պատարագը` նշելով, որ այս կյանքում Մայր Թերեզան շահել է Նոբելյան Խաղաղության Մրցանակ՝  «իր կատարած բարի գործերի համար», («Ես չեմ ուզում, որ դուք ինձ տաք ձեր առատության ավելցուկից, ես ուզում եմ, որ ինձ տաք այնքան, մինչև որ ձեզ ցավ պատճառի». սրբուհին ասել է բարերարներին 1979թ. Օսլոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ ՝ իր երախտագիտության խոսքում, նշեց Parolin-ը), ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակնե: Նրա աշխատանքը ծաղկեց, մասնավորապես, Գթության Քույրերի ու Գթության Եղբայրների միաբանության ստեղծմամբ, որը նա այնպես է հիմնել, որ հետագայում նրա գործը շարունակվի: Հիմա, երբ նա երկնքում է, Կույս Մարիամի՝ Աստվածամոր և ուրիշ այլ սրբերի հետ, նա ստանում է իր ամենաբարձր պարգևը, որը նախատեսված էր իր համար՝ աշխարհի ստեղծումից ի վեր, պարգևը պահված էր ճշմարիտի, համեստի, խոնարհ սրտի և նրանց համար, ովքեր աղքատներին ընդունելով ընդունում են Հիսուսին: Երբ Մայր Թերեզան 1997թ-ի սեպտենբերի 5-ին հեռացավ աշխարհից և բարձրացավ երկինք, Կալկաթան մի քանի րոպե ընկղմվեց խավարում», նշեց  Parolin-ը: Երկրի վրա նա պարզ նշան էր, որ ցույց էր տալիս Երկինքը: Նրա մահվան օրը Երկինքը ցանկացավ նշել նրա կյանքը՝ տեղեկացնելով մեզ, որ վերևում նոր լույս էր վառվել: Այժմ նրա «պաշտոնապես» սուրբ ճանաչելու լույսի ներքո, լույսն է՛լ ավելի պայծառ է շողում: Թող այս Ավետարանի հավիտենական լույսը շարունակի լուսավորել մեր երկրային ուխտագնացությունը և այս դժվարին  աշխարհի ճանապարհները:

     

    Մայր Թերեզա, աղոթի´ր մեզ համար»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց