• Պապական քարոզիչը խոսում է արարչագործության հանդեպ հոգատարության մասին

    Մարդը կոչված է Աստծուն շնորհակալություն հայտնելու՝ շրջապատող աշխարհի համար և միշտ լինելու արարչագործության հավատարիմ պաշտպանը:


    7 սեպտեմբերի, 2016թ.

     

     

    2016թ. սեպտեմբերի 1-ի երեկոյան`Աստծո արարչագործության պաշտպանության համար աղոթքի Համաշխարհային օրը, Սրբազան Քահանայապետը Վատիկանի բազիլիկայում գլխավորեց երեկոյան ժամերգությունը, որի ժամանակ հավատացյալներին քարոզխոսությամբ դիմեց Պապական տան քարոզիչ Հ. Ռանիերո Կանտալամեսան:

     

    Իր քարոզը նա սկսեց սուրբ Պետրոս Խրիզոլոգի՝ V դարի ռավեննական եպիսկոպոսի,  խորհրդածություններով՝ «մարդու էկոլոգայի» մասին: Մարդիկ չպետք է արհամարհեն իրենք իրենց, քանի որ բոլոր արարածները ստեղծվել են որպես այդպիսին՝ ոչ թե որպես միջոց, այլ՝ իրենք իրենց համար, որպես նպատակ: Մարդը կոչված է զարգացնելու հարաբերություններ շրջապատող աշխարհի հետ, Աստծո պատկերով ստեղծված լինելով` նա չի կարող իշխել մնացած արարածների վրա, և «որքան քիչ նա ինքն իր մեջ ներփակված եսասեր լինի, այնքան ավելի շատ նա իսկական մարդ կլինի»:

     

    «Մարդու գերիշխանությունը տիեզերքում չի հանդիսանում ինչ-որ հաղթական բան, այլ դա թույլերի, աղքատների ու անպաշտպանների համար պատասխանատվության կրումն է»,-ընդգծեց Պապական տան քարոզիչը: Հատկապես դա է մատնանշում Աստծո Որդու մարմնացումը, ով դարձավ «աղքատ, թույլ ու անօգնական»: Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցին ասում էր, որ Քրիստոսի մեջ «աղքատության ու Աստծո արարածների նկատմամբ սերն ընթացել է համահունչ, նրանք ընդհանուր արմատը  տիրապետման ցանկությունից արմատապես հրաժարվելն է»:

     

    Հ. Կանտալամեսան նշեց, որ Ֆրանցիսկոս Պապն իր «Գովեմ Զքեզ» շրջաբերականում ավելի խորն է դիտարկել այս թեման` աղքատության թեման կապելով մոլորակի էկոլոգիական փխրության հետ. «Ամենամեծ վնասը շրջակա միջավայրին ու մարդկությանը հասցնում է որոշ մարդկանց անհագ ցանկությունը՝ չափից շատ մեծացնելու իրենց տիրույթներն ու շահույթը»: Քարոզիչն ընդգծեց, որ մենք չենք հանդիսանում մոլորակի տերը: Այս մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում են այնպիսի տարրերային աղետներ, ինչպիսին էր օրինակ վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Այդ պահերին հարց է առաջանում. «Որտե՞ղ էր այդ ժամանակ Աստված»: Ըստ Հ. Կանտալամեսայի, Աստծո արարչագործությունը համակարգչի նման ամենայն մանրամասնությամբ ծրագրավորված չէ, սակայն մարդու հետ համեմատությամբ, կարելի է խոսել «որոշակի ազատության մասին», որն Աստված տվել է մատերիային, որպեսզի այն զարգանա իր սեփական օրենքներով: Դրա համար էլ հարցին, թե որտեղ էր Աստված այդ գիշեր, հավատացյալը պատասխանում է, որ «Նա այդտեղ էր, տառապում էր Իր արարծների հետ միասին ու Իր հանգստության մեջ ընդունում զոհերին, ովքեր բախում էին դրախտի դարպասները»:

     

    Մարդը կոչված է Աստծուն շնորհակալություն հայտնելու՝ շրջապատող աշխարհի համար և միշտ լինելու արարչագործության հավատարիմ պաշտպանը: Չկա ճշմարիտ էկոլոգիա՝ առանց Աստծո հանդեպ անկեղծ երախտագիտության` աստվածատուր կյանքի պայմանների, բարեգթության ու մեզ շրջապատող աշխարհի գեղեցկության համար:

     

    Ռադիո Վատիկանի ռուսական բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց