• «Գուցե ես չեմ խոսում նրանց լեզվով, բայց ես կարող եմ ժպտալ».Քահանայապետի խոսքը՝ Մայր Թերեզայի սրբադասման առիթով

    «Մայր Թերեզան իր կյանքի բոլոր բնագավառներում եղել է Աստվածային գթության մեծահոգի բաշխող»:


    6 սեպտեմբերի, 2016թ.

     

    Սրբադասման արարողակարգին ներկա էր մոտ 120.000 հավատացյալ:

     

    «Ես կարծում եմ, որ մենք, հավանաբար, դժվարանում ենք նրան «Սուրբ Թերեզա» կոչել.Թերեզան այնքան մոտ է մեզ, այնքան քնքուշ ու այնքան պտղաբեր, որ մենք ինքնաբուխ շարունակում ենք նրան  կոչել «Մայր Թերեզա»»:

     

    Այս խոսքերով Հռոմի Սրբազան Քահանայապետը շեղվեց նախապատրաստված տեքստից, Երանելի Մայր Թերեզայի սրբադասման Սբ. Պատարագի ժամանակ, որը տեղի ունեցավ երեկ, Սբ. Պետրոսի Հրապարակում:

     

    Իր քարոզում, Սրբազան Քահանայապետն աղոթեց այսպես. «Թո´ղ այս ողորմության անխոնջ աշխատողը օգնի մեզ ավելի ու ավելի հասկանալու, որ մեր գործողության միակ չափանիշը անհատույց սերն է՝ զերծ ամեն տեսակի գաղափարախոսություններից ու բոլոր պարտավորություններից, սեր, որը բոլորին առաջարկում է ազատորեն՝ առանց լեզվի, մշակույթի, ռասսայական կամ կրոնական խտրականության»:

     

    Քահանայապետը հիշեցրեց Մայր Թերեզայի խոսքերը. «Գուցե ես չեմ խոսում նրանց լեզվով, բայց ես կարող եմ ժպտալ»:

     

    «Եկեք նրա ժպիտը պահենք մեր սրտերում և տանք նրանց, ում մենք հանդիպում ենք մեր ճամփորդության ժամանակ, հատկապես նրանց, ովքեր տառապում են»: Այս ձևով, մենք երջանկության ու հույսի հնարավորություններ կստեղծենք մեր  շատ եղբայրների ու քույրերի համար, ովքեր հուսալքված են և ըմբռնման ու քնքշության կարիք ունեն»:

     

    Աստծո կամքը մեր կյանքում

     

    Սրբազան Քահանայապետը սրբադասման համար եկած մոտ 120.000 հավաքվածներին խորհուրդ տվեց մտածել նաև իրենց սեփական կյանքի մասին. «Մեր առաջադրանքն է ըմբռնել Աստծո կոչը, ապա կատարել Նրա կամքը: Բայց Նրա կամքը կատարելու համար մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ո՞րն է Աստծո կամքն իմ կյանքում»:

     

    Նա հիշեցրեց, որպեսզի համոզվենք, որ կանչված ենք Աստծուց, պետք է ինքներս մեզ հարցնենք ու հասկանանք, թե ինչն է հաճելի Աստծուն:

     

    «Աստծուն հաճելի է ողորմության ամեն գործ». ասաց նա, քանի որ օգնելով մեր եղբորն ու քրոջը, մենք ճանաչում ենք Աստծո դեմքը, որը ոչ ոք չի կարող տեսնել: Ամեն անգամ, ընդառաջ գնալով մեր եղբայրների ու քույրերի կարիքներին, մենք ինչ-որ բան ենք տալիս Հիսուսին, տալիս ենք ուտելիք և ըմպելիք, մենք հագցնում ենք նրան, մենք օգնում ենք, այցելում ենք Աստծո Որդուն»:

     

    Սա հաշվի առնելով՝ Քահանայապետը կոչ է անում բոլոր հավատացյալներին իրենց աղոթքում ու դավանանքի մեջ ոգեկոչածը վերածել կոնկրետ գործողությունների:

     

    Ոչ մի այլընտրանք՝ ողորմությանը

     

    «Ոչ մի այլընտրանք չկա ողորմությանը: Նրանք, ովքեր ծառայում են ուրիշներին, նույնիսկ չգիտակցելով դա, մարդիկ են, ովքեր սիրում են Աստծուն»:

     

    Սակայն, զգուշացրեց նա, քրիստոնեական կյանքը «պարզապես կարիքի ժամանակ ձեռք մեկնելը չէ»: Եթե դա այդպես է, զգուշացրեց Ֆրանցիսկոս Պապը, ապա այն անշուշտ կարող է, այնուամենայնիվ, լինել «մարդկային համերաշխության գեղեցիկ մի արտահայտություն՝ անհապաղ օգտակարությամբ, սակայն անպտուղ է, քանի որ չունի արմատներ»:

     

    Հակառակը, նշեց Պապը. առաջադրանքը, որը մեզ տալիս է Տերը՝ «Ողորմության կոչումն է»:

     

    «Հիսուսին հետևելը լուրջ առաջադրանք է և, միևնույն ժամանակ, մարդ լցվում է ուրախությամբ: Աստվածային Տիրոջը ամենաաղքատների մեջ  ճանաչելը և ինքնանվիրումով նրանց ծառայելը պահանջում է որոշակի հանդգնություն ու քաջություն», ասաց նա՝ ավելացնելով, որ «Դրա համար կամավորները, ովքեր Հիսուսի սիրուց մղված՝ օգնում են աղքատներին ու կարիքավորներին, չեն ակնկալում որևէ շնորհակալություն կամ վարձատրություն, այլ հրաժարվում են այս ամենից, քանի որ գտել են իսկական սերը»:

     

    Աստվածային Գթության բաշխողը

     

    Քահանայապետի խոսքերով, Մայր Թերեզան իր կյանքի բոլոր բնագավառներում եղել է Աստվածային գթության մեծահոգի բաշխող, հասանելի լինելով բոլորին՝ իր պատրաստակամությամբ ու պաշտպանելով մարդկային կյանքը՝ նրանց,  ովքեր դեռ ծնված չեն և ովքեր լքված ու անտեսված են:

     

    «Նա նվիրված է կյանքի պաշտպանությանը՝ անընդհատ վկայելով, որ «դեռ լույս աշխարհ չեկածներն ամենաթույլ, ամենափոքր ու ամենախոցելի էակներն են»:

     

    Շարունակելով գովաբանել սրբուհի միանձնուհուն՝ Ֆրանցիսկոս Քահանայապետը նշեց. «Նա խոնարհվում էր նրանց առջև, ովքեր շահագործվում էին, մեռնում էին ճանապարհին լքված՝ նրանց մեջ տեսնելով Աստծո կողմից տրված արժանապատվությունը:  Նա իր ձայնը լսելի էր դարձնում աշխարհի հզորների առջև, որպեսզի նրանք հասկանային իրենց մեղքը՝ իրենց ստեղծած աղքատության հանցագործության մեջ»:

     

    Ողորմությունը նրա «աղն» ու «լույսն» էր

     

    Մայր Թերեզայի համար ողորմությունը «աղ» էր, որը համ էր տալիս նրա գործին, և «լույս», որը փայլատակում էր շատերի խավարում, ովքեր իրենց աղքատության ու տառապանքի մեջ այլևս անկարող էին արցունքներ թափել:

     

    «Նրա առաքելությունը մարդկային բնակավայրերի ծայրամասերում այսօր մեզ համար մնում է մի պերճախոս վկայություն առ այն, որ Աստված մոտ է ամենաաղքատներին», ասաց Քահանայապետը:

     

    Նորին Սրբությունն աղոթեց. «Կանացիության և նվիրյալ վանական կյանքի այս խորհրդանշական կերպարը ես փոխանցում եմ ամբողջ աշխարհի կամավորներին. թո´ղ որ նա լինի օրինակ՝ ձեր սրբության համար»:

     

    Թերեզայի ճամփորդությունը՝ դեպի սրբություն

     

    Վատիկանում, ամիսներ առաջ Կարդինալ Angelo Amato-ի՝ Սրբերի գործերով զբաղվող վարչության ղեկավարի հետ մասնավոր հանդիպմանը, Սրբազան Քահանայապետը Սրբերի գործերով զբաղվող վարչությանը լիազորել է հրապարակել Երանելի Մայր Թերեզայի բարեխոսությանը վերագրվող հրաշքի մասին հրամանագիրը:

     

     Ավազանի անունով՝ Agnes Gonxha Bojaxhiu, ծնված 1910թ-ի օգոստոսի 26-ին, հետագայում պետք է հիմներ Ողորմության միսիոներների միաբանությունը, որը հիմնվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և տարածվեց ավելի քան 130 երկրներում, հիմնեց ապաստարաններ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով (HIV/AIDS), բորոտությամբ և պալարախտով (tuberculosis) տառապող մարդկանց համար: Մայր Թերեզան ամբողջ աշխարհին հայտնի դարձավ աղքատներին ու հիվանդներին ուղղված իր բարի գործերով: Նա մահացավ 1997թ-ի սեպտեմբերի  5-ին:  Նրա մահվանից  անմիջապես հետո՝ 1997թ-ին, Կաթողիկէ Եկեղեցին սկսեց նրա Երանացման գործընթացը: Նա երանացվեց Սբ. Հովհաննես Պողոս 2-րդի կողմից՝ 2002թ-ին: Երանացումը հաջորդեց հնդկացի կնոջ հրաշքով բուժմանը, ով տառապում էր որովայնի շրջանի ուռուցքով: Վերջերս Սրբազան Քահանայապետը ստորագրեց երկրորդ անհրաժեշտ հրաշքի մասին փաստաթուղթը, որը վերաբերում է մի բրազիլացի տղամարդու բուժման, ով 2008թ-ին ուներ ուղեղի բազմակողմանի թարախակույտեր և ով մեկ օր կոմայի մեջ մնալուց հետո, ապաքինվեց հրաշքով, Մայր Թերեզայի բարեխոսությամբ:

     

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

Օրացույց

Օրացույց