• Տեսնել մեծությունը՝ պարզության մեջ.Մայր Թերեզայի սրբադասման տոնը՝ Սպիտակի տանը

    «Քրիստոս մեզ տվեց բոլոր շնորհները, բոլոր առիթները, որպեսզի մենք էլ կարողանանք սրբանալ». Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյան


    5 սեպտեմբերի, 2016թ.

     Մայր Թերեզայի սրբադասումը մեծ տոն է նրա հիմնած միաբանության քույրերի համար: Ամբողջ աշխարհում Գթության քույրերը (Missionaries of Charity) իրենց միաբանական տներում տոնում են այս մեծ պատմական իրադարձությունը: Վերջապես, նրանց աղոթքներն իրենց երանելի պտուղը տվեցին.Սրբազան Քահանայապետն իրենց մայրիկին սուրբ հռչակեց՝ արտահայելով ողջ Ընդհանրական Եկեղեցու գնահատանքը ոչ միայն Մայր Թերեզայի, այլև նրա քույրերի կատարած գործին:

     

    Սեպտեմբերի 4-ին բոլոր քույրերը հեռուստաէկրաններից հետևել են երկար սպասված սբդասման արարողությանը, որից հետո բոլոր միաբանական տներում գոհաբանական Սբ. Պատարագ է մատուցվել: Հայաստանում ծառայող Գթության քույրերի Սպիտակի տանը Սբ. Պատարագը և տոնական միջոցառումն այսօր էր, որը Մայր Թերեզայի տոնն է՝ նրա մահվան օրը: Սբ. Պատարագը, քույրերի խնդրանքով, մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը՝ համապատարագությամբ Հ. Եղիա ծ.վ. Քիլաղպյանի՝ Մխիթարյան միաբանության մեծավոր հոր, ով այս օրերին Հայաստանում է, ինչպես նաև՝ Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի ու իմ: Սբ. Պատարագին ներկա էին նաև Հ. Անտոն ծ.վ. Թոթոնջյանը, Անարատ Հղության հայ քույրերը, Հայկական Կարիտասի աշխատակիցները, բարեգործներ Իտալիայից և, իհարկե, Մայր Թերեզայի քույրերը՝ իրենց խնամակալության տակ գտնվող և Սպիտակի տանն ապրող երեխաների հետ միասին:

     

    14281591_1054634381252592_66600958_n

     

    Սբ. Պատարագը մատուցվեց հայկական ծեսով, Ավետարանն ընթերցվեց անգլերեն, Սրբազան Հայրը քարոզը տվեց հայերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով.

     

    «Սիրելի եղբայրնե՛ր,  և քույրե՛ր, Սրբուհի Թերեզան  առաջինն էր 21-րդ դարասկզբում, որը Սուրբ հռչակվեց անմիջապես: Այս Սրբուհու կյանքի մեջ կան երկու կետեր, որոնք հիշեցի: Առաջինը փափագն է այս Սրբուհու, որ ուզում էր դառնալ լույսը բոլոր այն մարդկանց և անձերի, որոնք դժվարության մեջ են և զրկված են լույսից:

     

    Եվ նա ասում էր, եթե ես մի օր Սրբուհի դառնամ, շատ հավանական է, որ հաճախ բացակա լինեմ երկնքից, որովհետև միշտ պետք է վազեմ լույս տալու նրանց,  որոնք այդ լույսից զրկված են:

     14269719_1054634351252595_1846359095_n

    Սա իր առաքելության կետերից մեկն էր: Իսկ երկրորդը, որը նշեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, այն է, որ Սրբուհի Թերեզան  հակառակ իր կարճ հասակին, իր մեծ հոգով կարողացել է գրավել ամբողջ աշխարհը: Պատկերացրեք, կարդինալական դասի ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր կողմերից հավաքված, մասնակցեցին Մայր Թերեզայի սրբադասման արարողությանը: Ավելի քան 1400 վարդապետ`  առանց հաշվելու առնելու նաև այն վարդապետներին, որոնք սրբադասման արարողությանը հետևեցին տաճարից դուրս կանգնած:

     Սիրելի հավատացյալներ, ուզում եմ ասել, որ Մայր Թերեզան շատ պարզ ու խոնարհ էր: Նա ուներ քաջությունը` մարդկանց աչքի մեջ նայելու և իրենց ասելու, թե որքան ոճրագործ է աշխարհը: Նա կարողացավ աշխարհի մեծամեծների դեմ գնալով և նրանց  աչքերի մեջ նայելով` ասել ճշմարտությունը և կանչել նրանց խղճի քննության: Ահավասիկ սա է քրիստոնյայի առաքելությունը:

    14248844_1054634297919267_1062867364_n

    Մայր Թերեզան հրաշքներ չգործեց անմիջական կյանքում, այլ միակ հրաշքը, որ գործեց առավելագույնը աղքատներին օգնելն էր: Պարզ օրինակ, պարզ կյանք և սակայն այդ պարզության, այդ խոնարհության մեջ Աստված փառավորեց իրեն: Այսօրվա խորհրդածության կորիզն այս է՝ անել այն պարտականությունը, որին մեզանից ամեն մեկը կանչված է` արդարության, խաղաղության, բարոյականության , բարձրագույն զգացմունքների և միևնույն ժամանակ ամենախոնարհ և պարզ կյանքի վկայության: Դրա մեջ  է մեծությունը, դրա մեջ է գեղեցկությունը, դրա մեջ է վկայությունը Քրիստոսի, որ մեզ տվեց բոլոր շնորհները, բոլոր առիթները, որպեսզի մենք էլ կարողանանք սրբանալ: Իմ մաղթանքն է, որ մենք կարողանանք առաջանալ Քրիստոսի լույսով, որ Նա իր հովանի ձեռքը մեզ վրա պահելով կարողանա  առաջ տանել  դեպի Աստված: Ամեն»:

     

    Սբ. Պատարագի ավարտին Ռաֆայել Սրբազանը Մայր Թերեզայի մասունքով օրհնեց ներկաներին: Ապա քույրերը բոլորին հրավիրեցին ներկա գտնվելու իրենց երեխաների պատրաստած գեղեցիկ թատերական միջոցառմանը:

     

    Ամեն օր հնարավոր չէ ականատես լինել նման տեսարանի. հաշմանդամություն ունեցող երեխաները փորձում էին ներկայացնել մի դրվագ՝ Մայր Թերեզայի անձնական գրառումներից, մի պատմություն Կալկաթայում հիվանդների, ծերերի, երեխաների հետ Մայր Թերեզայի աշխատանքից: Երեխաների մի մասը հիվանդների դերում էին, մեկը՝ Անահիտ անունով մի ամաչկոտ ու համեստ աղջիկ, ներկայացնում էր Մայր Թերեզային և խնամում մյուսներին, մի քանիսն էլ օգնում էին նրան՝ այսպիսով ցույց տալով սիրո ծառայության գեղեցիկ մի օրինակ, գթության գործեր, որոնց մասին խորհրդածելը, հատկապես այս Ողորմության հոբելյանական տարվա ընթացքում, առավել քան օգտակար է և պտղաբեր բոլորիս համար:

    20160905_123035 20160905_123048

     

    Մտասույզ սևեռվել էի այդ երեխաների, երիտասարդների երջանիկ դեմքերին, երբ կատարում էին իրենց դերախաղերը. հուզված էին, բայց շատ ուրախ, որ կարողանում են իրենց լավագույնը ներկայացնել հանդիսատեսին, ներկայացնել այն, ինչ իրենք հասկացել են Մայր Թերեզայի մասին, ինչ գիտեն Աստծո մասին և գթության մասին, աշխարհի մասին, իրենք իրենց մասին, այն, ինչ տեսել ու սովորել են Մայր Թերեզայի քույրերից, ովքեր փոխարինել են իրենց ծնողներին՝ գրեթե օրորոցից: Կան այնպիսիք, ովքեր արդեն բոլորել են 30 տարեկանը, մեկ-երկուսն ավելի տարեց են, նրանք գրեթե ողջ կյանքն անցկացրել են Սպիտակի այդ տանը՝ քույրերի ընտանիքում, այստեղ են սովորել շփվել մարդկանց հետ, սիրել, նաև հակառակվել, ունենալ սեփական կարծիքը, պնդել այն, այստեղ սովորել են նաև ներել ծնողներին, հարազատներին, ովքեր լքել են իրենց և գերադասում են հարմարավետ կյանք ապրել՝ առանց իրենց խնամքի նեղությունը կրելու, և, ամենակարևորը, այդ տանը երեխաները սովորել են շնորհակալություն հայտնել Աստծուն՝ ամեն ինչի համար, որ իրենք ունեն՝ չնայած այնքան շատ բաների, որոնք երբեք չեն ունեցել՝ ի տարբերություն շատ տարեկիցների: Նրանք ունեն ամենակարևորը՝ Տիրոջ անսահման գթությունը, որը նրանց հանդեպ անմնացորդ նվիրումով ցուցաբերում են Մայր Թերեզայի քույրերը և բարերարները՝ աշխարհի տարբեր անկյուններից, երբեմն նաև՝ Հայաստանից:

     

    20160905_123942

     

    Մայր Թերեզան Հայաստան եկավ 1988թ.երկրաշարժից հետո՝ աղետից տուժածներին օգնելու համար: Նրա քույրերը տներ հիմնեցին Սպիտակում և Երևանում: Սպիտակի տունը գտնվում է Իտալական կոչվող գյուղում, Սպիտակից դեպի Երևան տանող ճանապարհին: Այստեղ 6 քույրեր խնամում են տարբեր հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող մոտ 40 երեխաների ու չափահասների, որոնք, մեծ մասամբ, լքված են ծնողներից, մի քանիսն էլ ծնողազուրկ են: Քույրերը հոգում են նրանց բոլոր կարիքները, գումար հայթայթում ու տանում անհրաժեշտ վիրահատությունների, բժշկական օգնության, կազմակերպում են նրանց թերապևտիկ, լոգոպեդական, հոգեբանական զարգացումը և, ամենակարևորը, հոգևոր կյանքը: Ամեն օր նրանք մասնակցում են Սբ. Պատարագի, որոնք մատուցում են հիմնականում այլ երկրներից եկող Հիսուսյան միաբան վարդապետները, երբեմն, նրանց բացակայության ժամանակ, նաև Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները: Կազմակերպվում են նաև այլ աղոթքներ, քրիստոնեական դասեր, երգեցողության ժամեր: Երեխաների մեծ մասը հասկանում, խոսում և աղոթում է ոչ միայն հայերեն, այլև՝ անգլերեն, որովհետև մանկուց լսել են քույրերից և շփվել նրանց հետ:

     

    Իրենց տանը ապրող երեխաներից ու մեծահասակներից բացի Մայր Թերեզայի քույրերը օգնում են նաև հարևան գյուղի բնակիչներին՝ ֆինանսով, դեղորայքով, սննդով, այլ հարցերով, կազմակերպում նրանց համար քրիստոնեականի դասեր, մինչդեռ իրենք՝ քույրերը, հավատարիմ իրենց մոր՝ Մայր Թերեզայի կանոններին, ապրում են պարզագույն և ամենաաղքատ կենցաղով՝ ջանալով լինել աղքատներից ամենաաղքատը: Նրանք, նույնիսկ, հրաժարվում են նվերներից, որոնք կարող են հեշտացնել իրենց կենցաղը, օրինակ՝ լվացքի մեքենայից: Քույրերն անում են իրենց լավագույնը, որ ուրիշներն ապրեն սիրված և Տիրոջ հանդեպ երախտագիտության ուրույն զգացումով լի:

    Այդպես ապրեց Մայր Թերեզան և հիմա էլ նույն ոգով բարեխոսում է բոլոր նրանց համար, ովքեր դիմում են իր օգնությանը:

     

    Մայր Թերեզա, բարեխոսեա՛ վասն մեր:

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

     

     

Օրացույց

Օրացույց