• Երկու հրաշք` Մայր Թերեզայի բարեխոսությամբ

    Խնդրենք Մայր Թերեզայի զորավոր բարեխոսությունը` ամենակարիքավորների համար։


     

    Երանելի Մայր Թերեզայի մահվանից ի վեր աշխարհը սպասում էր նրա սրբադասմանը։ Նույնիսկ նրա կենդանության օրոք աշխարհը տեսնում էր նրան որպես կենդանի սուրբ։ Սբ․ Հովհաննես Պողոս 2-րդը հրաժարվեց պարտադիր 5-ամյա ժամկետին սպասելուց, որպեսզի սկսի Երանացման գործընթացը։

     

    Երկու հրաշք է անհրաժեշտ, մեկը` երանացման համար, մյուսը՝ սրբադասման, բայց Մայր Թերեզայի մահվան օրերին, հնարավոր հրաշքների մասին տեղեկություններ հաղորդվեցին ամբողջ աշխարհում։ Եվ այսպիսի պահանջների հետ միասին Եկեղեցին նախաձեռնեց բազմակողմանի և մանրազնին ուսումնասիրություններ և վերջում, այս երկու հրաշքները հաստատվեցին Եկեղեցու կողմից։

     

    Առաջին հրաշքը տեղի ունեցավ Արևմտյան Բենգալիայում՝ (West Bengal) Հնդկաստանում, դա հնդկացի մի կնոջ՝ Monica Besra-ի բուժումն է, ում որովայնային ուռուցքն այնքան էր խորացել, որ բժիշկները կորցրել էին նրան փրկելու հույսը։ Հանձնվելով Բարեգործության Միսիոներների խնամքին, կինը այնպես էր տառապում ուռուցքի պատճառով, որ այլևս չկարողացավ քնել։ Մայր Թերեզայի մահվան առաջին տարելիցին միանձնուհիները, Թերեզայի մարմնին դիպչած Հրաշագործ մեդալյոնը դրեցին կնոջ որովայնին։ Տառապյալ կինը քնեց, և երբ արթնացավ, այլևս ցավ չզգաց։ Բժիշկները զննեցին նրան և բացահայտեցին, որ նրա ուռուցքն ամբողջովին անհետացել էր։

     

    Բժշկական մասնագետների մի խորհուրդ, Սրբերի Գործերով զբաղվող Վարչության հետ միասին սկսեցին ուսումնասիրել այդ ենթադրյալ հրաշքը։ Արձանագրությունները գնահատելուց և ամբողջ բժշկական անձնակազմին հարցաքննելուց հետո խորհուրդը որոշեց որ բուժումը բժշկական տեսանկյունից անհնարին էր։ Հովհաննես Պողոս 2-րդը այս հրաշքը հաստատեց 2002թ-ի դեկտեմբերի 20-ին՝ Մայր Թերեզայի մահվանից միայն հինգ տարի անց։

     

    Երկրորդ հրաշքը տեղի ունեցավ Բրազիլիայում՝ 2008թ- դեկտեմբերին։ Marcilio Haddad Andrino-ն, Բրազիալիայի Սանտոս քաղաքում բնակվող ինժեները, ով այժմ 42 տարեկան է, տառապում էր ուղեղի բակտերիական վարակով, որը հանգեցրեց ուղեղի սուր թարախակալման և տանջող գլխացավի։ Մի քահանա վերջերս ամուսնացած այդ երիտասարդին և նրա կնոջը քաջալերեց աղոթել Մայր Թերեզային՝ նրանից օգնություն ստանալու համար։ Andrino-ն սակայն ընկավ կոմայի մեջ, քանի որ բուժումները ձախողվեցին և մինչ Rocha-ն աղոթում էր, Andrino-ին տարան ծայրահեղ վիրահատության։ Երբ վիրաբույժը մտավ վիրահատարան, նա տեսավ, որ Andrino-ն արթուն էր և հարցրեց նրան, թե ինչ է կատարվում։

     

    Andrino-ն ամբողջությամբ ապաքինվեց, և հիմա զույգը ունի երկու երեխա, չնայած նրան, որ բժիշկները այս ամենը համարում էին բժշկական տեսանկյունից անհնար։ Հայր Kolodiejchuk-ը նրանց երեխաներին համարեց երկրորդ հրաշք։

     

    2015թ-ի դեկտեմբերին մի հարցազրույցում Հայր Kolodiejchuk-ը բացատրեց, թե ինչ ուշացում կար 2008-ից 2015թթ. միջև: «Հրաշքը տեղի է ունեցել 2008թ-ին».- ասաց նա.- «բայց մենք չենք լսել դրա մասին մինչև 2013թ-ը։ Բժիշկը Կաթողիկէ չի եղել։ Ինչ-որ ձևով, Հռոմի Սրբազան Քահանայապետի Բրազիլիա կատարած այցը պատճառ դարձավ, որ նա ինչ-որ բան ասեր Բրազիլիայի Santos քաղաքի քահանաներից մեկին, և վերջիվերջո այդ նորությունը հասավ ինձ։ Այդպիսով, սկսվեց իրադարձությունների շղթան»։

     

    2015թ-ի սեպտեմբերին Սրբերի Գործերով զբաղվող Վարչությունը ընդունեց բժշկական խորհրդի եզրակացությունները և զեկույց ներկայացրեց Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ հրաշքների վերջնական հաստատման համար։ Դեկտեմբերի 17-ին Քահանայապետը պաշտոնապես ճանաչեց այն երկու հրաշքները, որոնք անհրաժեշտ էին Մայր Թերեզայի սրբադասման համար։

     

    Փառք Բարձրյալին, որ Երանելի Մայր Թերեզան, ով իր ամբողջ կյանքն ապրել է ողորմության գործեր կատարելով, կսրբադասվի Ողորմության Սուրբ Տարվա ընթացքում։

     

    Փառք Բարձրյալին

    Պատիվ Երանելի Կույս Մարիամին։

     

    Աղբյուր`
    http://www.francismary.org

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց