Եթե ուզում ես, որ Եկեղեցին սուրբ լինի, սուրբ պիտի լինենք ես և դու. Մայր Թերեզա
Մայր Թերեզայի սրբադասումը կլինի Ողորմության Հոբելյանական տարվա գագաթնակետը: Վաղը սպասվում է հարյուր հազարավոր հավատացյալների ժամանում` Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ` հանդիսավոր Պատարագին մասնակցելու համար, որը կգլխավորի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը: Այս մեծ իրադարձությանը հետևում են համաշխարհային ԶԼՄ- ներ, տարբեր կրոնների հավատացյալներ, հիշում են անձը, ուսմունքներն ու գործերը «Սուրբ ամենաաղքատի», 1979թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի:
«Աստծո ձեռքի փոքրիկ մատիտի», ինչպես հաճախ իրեն անվանում էր Մայր Թերեզան, սրբադասման օրվա մոտեցմանը զուգընթաց շատերն են հիշում նրա ժպիտը Կալկաթայի աղքատներին, նրա կոչը ՄԱԿ-ի պաշտոնյաներին, նրա հանդիպումը Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հետ Վատիկանում: Մայր Թերեզայի արտասովոր կյանքը հիշում են եկեղեցական ծխերում, բարեգործական կազմակերպություններում, թերթերի էջերում ու սոցիալական ցանցերում:
Գթության Միսիոներները այս իրադարձությունը կտոնեն բավականին համեստ: Կալկաթայում, որտեղ մեծ հուզմունքով են սպասում այդ օրվան, սեպտեմբերի 4-ին Մայր Թերեզայի քույրերը կմասնակցեն իրենց հիմնադրի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագին` Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գլխավորությամբ հանդիսավոր Պատարագը Վատիկանից հեռուստացույցով դիտելուց հետո: Ուրախությունն ու երախտագիտությունը միավորում է բոլոր մենաստանները` կենտրոնականից միչև ամենահեռավորները, որտեղ ծառայում են Գթության Միսիոներները, սկսած Սան-Գրեգորիո-ալ-Չելիոյի համեստ տնից, որտեղ Մայր Թերեզան մնացել է Հռոմում, մինչև Վիետնամ, ուր Մայր Թերեզան այցելել է հինգ անգամ:
Բոլոր աղքատների Մայրը միշտ հանդես է եկել ի պաշտպանություն մարդկային արժանապատվության` հղիությունից մինչև բնական մահ, նա եղել է համաշխարհային առաջնորդ, ով ունակ է եղել հաշտեցնելու հակամարտող կողմերին ու լուծելու, թվում է թե, անհաղթահարելի վեճեր: Իր աշխատանքների շնորհիվ նա 1979թ. ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակը, ներկայումս ՄԱԿ նստավայրում բացվել է հատուկ էքսպոզիցիա, որը կազմակերպել է Սուրբ Աթոռի մշտական ներկայացուցիչը: Հենց այստեղ, 1985թ. Մայր Թերեզային ներկայացնելով ազգերի Ասամբլեայում, այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Պերես դե Կուէլյառը ասաց. «Նա ինձանից և մեզ բոլորից առավել կարևոր է: Հենց նա է հանդիսանում Միացյալ Ազգերի Կազմակերպությունը: Նա է խաղաղությունն ամբողջ աշխարհում»:
Մայր Թերեզայի սրբադասման նախօրեին Ռադիո Վատիկանի թղթակիցը զրուցեց քույր Մերի Պրեմիի հետ, ով հանդիսանում է Գթության Միսիոներների երրորդ գլխավոր մայրապետը` Մայր Թերեզայից ու քույր Նիրմալայից հետո:
«Մեր Մոր սրբադասումը մեծ պատիվ է մեզ համար,- նշեց մայրապետը: Մենք առավել ուշադիր կնայենք նրա կյանքին ու գործունեությանը, մարդկանց նկատմամբ նրա հոգատարությանը, սակայն, նաև կնայենք մեր կյանքին: Դա խղճի իսկական փորձություն է, որի շնորհիվ մենք ավելի խորը կգիտակցենք մեր Գթության Միսիոներների կոչումը և ամենից առաջ մեր աղոթական միությունը Աստծո հետ ու միությունը Հիսուսի հետ»:
Ըստ քույր Մերիի, Մայր Թերեզան ձգտում էր աշխարհում խաղաղության` այն տեսնելով, որպես մոլորակի ժողովուրդների միասնություն, որպես նույն Երկնային Հոր զավակների միության հիմք: Նա չէր դատում Եկեղեցու գործերը, սակայն կրկնում էր. «Եկեղեցին – դա ես ու դու ենք: Եթե ուզում ես, որ Եկեղեցին լինի սուրբ, ուրեմն սուրբ պետք է լինենք ես ու դու»:
Ռադիո Վատիկանից թարգմանեց` Նաիրա Բաղդասարյանը