Եկեղեցին վարչական բարեփոխումներով ավելի արդյունավետ կարձագանքի սոցիալական ու միջազգային խնդիրներին։
Հռոմի Սրբազան Քահանայապետը Սուրբ Աթոռում հաստատել է մարդկության ամբողջական զարգացմանն աջակցող բաժին, որը կղեկավարի կարդինալ Peter Turkson-ը, ով հիմա Արդարության և Խաղաղության Պապական Խորհրդի նախագահն է։
Այս նոր բաժինը հաստատվեց երեկ՝ 2016թ. Օգոստոսի 31-ին, Լ’Osservatore Romano պարբերականում հրապարակված առաքելական թղթով։
Բաժինը, որը կսկսի գործել 2017թ-ի հունվարի 1-ից, հատկապես «կուսումնասիրի գաղթականների, կարիքավորների, հիվանդների, մերժվածների և մեկուսացվածների, բանտարկյալների և գործազուրկների, նաև զինված հակամարտությունների, բնական աղետների, և ստրկության ու խոշտանգումների զոհերի խնդիրները»։
Այդ նույն օրը, չորս Պապական Խորհուրդներ` Արդարության և Խաղաղության Պապական Խորհուրդը, Cor Unum-ի Պապական Խորհուրդը, Գաղթականների ու ճամփորդների Հովվական Խնամքի Պապական Խորհուրդը և Բուժաշխատողների Պապական Խորհուրդը կդադարեցնեն իրենց գործունեությունը և արդյունավետորեն կընդգրկվեն նոր բաժնում։
Առաքելական նամակում, Պապն ընդգծում է, որ «Եկեղեցին կոչված է աջակցելու մարդկային համընդհանուր զարգացմանն՝ Ավետարանի լույսի ներքո», այսպիսով Պետրոսի Հետևորդը պետք է «շարունակաբար հարմարեցնի այն հաստատությունները, որոնք համագործակցում են նրա հետ»։
Նոր բաժնի մասերից մեկը անդրադառնում է գաղթականների ու փախստականների մտահոգություններին, մասնավորապես Ֆրանցիսկոս Քահանայապետի համոզմունքին, որ ներկայիս աշխարհում համընդհանուր մարդկային զարգացումը չի կարող խթանվել` առանց գաղթականության երևույթին հատուկ ուշադրություն դարձնելու։
Սա հաշվի առնելով, այս հատուկ բաժինը տեղակայված է ad tempus-ում` Պապի անմիջական իրավասության ներքո։
Սրբազան Քահանայապետի՝ Առաքելական Նամակի ամբողջական տեքստը։
Իր գոյության և գործունեության ամբողջ շրջանում, Եկեղեցին կոչված է աջակցելու մարդկային ամբողջական զարգացմանն՝ Ավետարանի լույսի ներքո։ Այս զարգացումը տեղի է ունենում արդարության, խաղաղության և արարչության խնամքի անգնահատելի բարիքներին հետևելով։ Պետրոս Առաքյալի Հաջորդը այս արժեքները հաստատելու իր գործում շարունակաբար բարեփոխում է այն հաստատությունները, որոնք համագործակցում են նրա հետ, այնպես որ նրանք կարողանան ավելի լավ հասկանալ այն մարդկանց կարիքները, ում կոչված են ծառայելու։
Որպեսզի Սուրբ Աթոռը կարողանա հոգատար լինել այս բնագավառներում, ինչպես նաև առողջապահական և բարեգործական աշխատանքներում, ես հաստատում եմ համընդհանուր մարդկային զարգացմանն աջակցող բաժինը։ Այս բաժինը իրազեկ կլինի գաղթականների, կարիքավորների, հիվանդների, մերժվածների և մեկուսացվածների, բանտարկյալների և գործազուրկների, նաև զինված հակամարտությունների, բնական աղետների, և ստրկության ու տանջանքի բոլոր ձևերին զոհ դարձած մարդկանց խնդիրներին։
Նոր կանոնադրությամբ ղեկավարվող բաժնում, որը ես այսօր հաստատում եմ, 2017թ-ի հունվարի 1-ից սկսյալ կմիավորի Պապական հետևյալ խորհուրդների իրավասությունները․ Արդարության և Խաղաղության Պապական Խորհուրդը, Cor Unum-ի Պապական Խորհուրդը, Գաղթականների ու ճամփորդների Հովվական Խնամքի Պապական Խորհուրդը և Բուժաշխատողների Պապական Խորհուրդը։ Այդ նույն օրը այս չորս Բաժինները կդադարեցնեն իրենց գործունեությունը և կկասեցվեն, և Pastor Bonus Քրիստոնեական Սահմանադրության 142-153-րդ հոդվածները չեղյալ կհայտարարվեն։
Ես հրամանագրում եմ, որ այն, ինչ ստեղծվել է այս առաքելական թղթով, ունի օրենքի ուժ… և ուժի մեջ է մտնում 2017թ-ի հունվարի 1-ին…
Տրված Հռոմում, Սբ․ Պետրոսի հրապարակում, 2016թ-ի օգոստոսի 17-ին, Ողորմության Հոբելյանական տարում, Իմ Պապականության չորրորդ տարում։