• Հեռու վանեք կանանց հանդեպ նախապաշարումները.Պապի հրապարակային քարոզը

    Եվ ծագում է հույսի արևը…


    2 սեպտեմբերի, 2016թ.

     

    Հիսուս փրկում է նրանց, ովքեր մերժված են հասարակության կողմից, Նա ազատում և վերադարձնում է արժանապատվությունը. այսպիսին էր Սրբազան Քահանայապետի օգոստոսի 31-ի հրապարակային ուկնդրության առանցքային գաղափարը: Իր խորհրդածություններում Ֆրանցիսկոս Պապն անդրադարձավ ուկնդրության սկզբում հնչած Հիսուսի և արյունահոսող կնոջ մասին ավետարանական պատմությանը: Ի թիվս այլ բաների, Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ Եկեղեցում նույնպես պետք է զգուշանալ կանանց նկատմամբ նախապաշարմունքերից:

     

    «Եթե միայն Նրա հագուստին դիպչեմ, ապա կբժշկվեմ».մտածում էր կինը։ Ֆրանցիսկոս Պապն անդրադարձավ կնոջ արտասովոր հավատքին, ով տառապում էր արյունահոսությամբ: Նա հավատում է, որ Հիսուս կարող է փրկել, և հասարակության կողմից մերժված հենց այդ կնոջը, Հիսուս բժշկում է, ազատում է սոցիալական և կրոնական խտրականությունից:

     

    «Մենք բոլորս պետք է զգուշանանք կանանց հանդեպ նախապաշարմունքներից ու կասկածներից, այդ թվում և` քրիստոնեական համայնքներում, չի կարելի նսեմացնել կանանց անձեռնմխելի արժանապատվությունը: Այս պարագայում հենց Ավետարանն է վերականգնում ճշմարտությունն ու մաքրազերծում մեր հայացքը: Հիսուս հիանում է այդ կնոջ հավատքով և նրա հույսը վերափոխում է փրկության»:

     

    Այնուհետև Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ Հիսուսի հետ հանդիպումը բոլորի առջև բացում է փրկության ու ազատագրման ուղին:

    Սրբազան Քահանայապետը նկատեց, որ արյունահոսող կինը վախենում էր, նա ուզում էր աննկատ մնալ, սակայն, երբ Հիսուս նրան հանդիպում է հայացքով, Նա նրան չի քննադատում, այլ նրան ընդունում է ողորմությամբ ու քնքշությամբ և վերադարձնում իր արժանապատվությունը: Ֆրանցիսկոս Պապն ընգծեց, որ դա վերաբերում է բոլորին, հենց դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք մեզ մերժված ենք զգում մեր մեղքերի պատճառով.

     

    «Մեզ բոլոր մեղավորներիս`մեծ կամ փոքր մեղավորներիս, մեզ բոլորիս Աստված այսօր ասում է. «Համարձակորե՜ն արի այստեղ: Դու այլևս մերժված ու վտարված չես: Ես քեզ ներում ու գրկում եմ»: Այսպիսին է Աստծո ողորմածությունը: Մենք պետք է համարձակորեն Նրա մոտ գնանք և մեր մեղքերի համար ներեղություն խնդրենք: Համարձակորեն` այնպես, ինչպես վարվեց այդ կինը»:

     

    Մարդիկ, ովքեր իրենց մերժված են զգում, լինեն նրանք բորոտ կամ թափառական, սովորաբար թաքնվում են: Հիսուս նրանց բարձրացնում է և վերադարձնում իրենց արժանապատվությունը: Աստված այդ արյունահոսող կնոջը շնորհում է փրկություն, վերադարձնում է կյանք ու վերականգնում նրա արժանապատվությունը։

     

    «Հիսուս ևս մեկ անգամ`ողորմությամբ լի, Եկեղեցուն ցույց է տալիս յուրաքանչյուր անձին հանդիպելու ուղին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա մարմնապես ու հոգեպես բուժվել և վերադարձնել իր Աստծո զավակ լինելու արժանապատվությունը»:

     

    Ուկնդրության ավարտին`ողջունելով ուխտավորներին, Սրբազան Քահանայապետը հատկապես դիմեց նրանց, ովքեր եկել էին Մերձավոր Արևելքի երկրներից: «Երբ մարդկային հույսը կորչում է և ամեն ինչ անհնարին է թվում Աստվածային հույսի արևը նորից ծագում է նրա համար, ով պահում է իր հույսի կրակը`չնայելով փորձությունների խավարին»:

     

    Թարգմանեց` Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց