• Պատեհապաշտ հաշվարկների փոխարեն՝ անշահախնդիր գործ.Քահանայապետի կիրակնօրյա քարոզը

    «Ով բարձրացնում է ինքն իրեն, պետք է խոնարհեցվի, իսկ նա, ով խոնարհեցնում է ինքն իրեն, պետք է բարձրացվի»:


    30 օգոստոսի, 2016թ.

     

     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի քարոզը՝ Տիրոջ Հրեշտակի կեսօրյա աղոթքից առաջ և հետո, Սբ․ Պետրոսի հրապարակում հավաքված մարդկանց հետ։

     

    «Բարի´ առավոտ, սիրելի´ եղբայրներ և քույրեր,

     

    Այսօրվա Ավետարանական հատվածը մեզ պատմում է, թե ինչպես է Հիսուս փարիսեցիների առաջնորդներից մեկի տանը զննում ճաշին հրավիրված հյուրերին, ովքեր ձգտում էին զբաղեցնել ամենալավ տեղերը։ Սա մի տեսարան է, որին մենք շատ անգամներ ենք ականատես եղել․ մարդիկ փնտրում են լավագույն տեղերը՝ նույնիսկ արմունկներով միմյանց հեռու են հրելով ճանապարհից։

     

    Տեսնելով այս տեսարանը՝ Նա պատմում է երկու հակիրճ առակներ, որոնցով առաջարկում է խորհրդածել տեղի և պարգևի մասին։

     

    Առաջին զուգահեռը վերաբերում է հարսանեկան խնջույքին։ Հիսուս ասում է․ «Երբ դու ինչ-որ մեկի կողմից հրավիրված ես հարսանեկան խնջույքի, մի´ զբաղեցրու սեղանի պատվավոր հյուրի տեղը։ Քեզանից ավելի ականավոր հյուր կարող է հրավիրված լինել տանտիրոջ կողմից, և նա, ով հրավիրել է երկուսիդ կարող է մոտենալ քեզ և ասել. «Քո տեղը զիջի´ր այս մարդուն»»։

     

    Այս խորհուրդով Հիսուս հասարակական էթիկայի նորմեր չի տալիս, այլ ավելի շատ դասեր՝ խոնարհության արժեքի վերաբերյալ։ Պատմությունը սովորեցնում է մեզ, որ հպարտությունը, փառասիրությունը, սնափառություն ու ցուցամոլությունը պատճառ են շատ չարիքների։ Եվ Հիսուս սովորեցնում է մեզ տեսնել վերջին տեղն ընտրելու անհրաժեշտությունը, այսինքն ձգտել փոքրության ու աննկատության՝ խոնարհության։

     

    Երբ մենք այսպիսի խոնարհությամբ կանգնում ենք Աստծո առաջ, ապա Նա բարձրացնում է մեզ, նա հասնում է մեզ՝ որպեսզի մեզ դեպի Իրեն բարձրացնի, քանի որ «ով բարձրացնում է ինքն իրեն, պետք է խոնարհեցվի, իսկ նա, ով խոնարհեցնում է ինքն իրեն, պետք է բարձրացվի»։

     

    Հիսուսի խոսքերն ընդգծում են երկու վերաբերմունք, որոնք ամբողջովին տարբեր և հակադիր են։ Մեկի վարմունքը, ով ի՛նքն է իր տեղն ընտրում, և մյուսի վարմունքը, ով թույլ է տալիս, որ Աստված ընտրի իր տեղը և Տիրոջի՛ց է սպասում իր պարգևը։

     

    Եկեք չմոռանա՛նք սա․ Աստված ավելի շատ է վճարում, քան՝ մարդը։ Նա մեզ շատ ավելի գեղեցիկ տեղ է հատկացնում, քան մարդկանց կողմից տրված ցանկացած տեղ։ Այն տեղը, որը տրվել է մեզ Աստծուց, մոտ է Նրա սրտին, և Նրա պարգևը հավերժական կյանքն է։ «Երանի՛ քեզ», ասում է Հիսուս, «քանի որ քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղկ., 14:14)։

     

    Սա այն է ինչ նկարագրված է երկրորդ առակում, որտեղ Հիսուս ցույց է տալիս այն անշահախնդիր վարմունքը, որը պետք է բնորոշի հյուրընկալությունը։ Նա ասում է. «Երբ դու ընթրիք կամ էլ ճաշ ես կազմակերպում, մի´ հրավիրիր քո ընկերներին, քո  եղբայրներին կամ բարեկամներին կամ քո հարուստ մերձավորներին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն», Ղկ., 14:13։

     

    Սա անշահախնդիր գործ կատարելու մասին է՝ փոխարեն պատեհապաշտ հաշվարկների, որոնց նպատակը պարգև  ձեռք բերելն է, որոնք ձգտում են շահի և հարստանալու։

     

    Անշուշտ, աղքատ ու պարզ մարդիկ, ովքեր արհամարհված են, երբեք չէին կարողանա հատուցել ճաշի հրավերի դիմաց։ Այսպիսով, Հիսուս ցույց է տալիս Իր նախապատվությունը աղքատներին ու մերժվածներին, ովքեր Աստծո Արքայության արտոնյալներն են, և փոխանցում են Աստվածաշնչի հիմնական ուղերձը, որը ծառայելն է մերձավորներին՝ հանուն Աստծո սիրոյն։

     

    Այսօր Հիսուս դառնում է ձայնազուրկների ձայնը և յուրաքանչյուրիս ուղղում է վշտալի մի կոչ՝ բացելու մեր սրտերը և տառապելու, անհանգստանալու աղքատների, սովածների, արհամարհվածների, գաղթականների, կյանքի հարվածները կրածների, հասարակության և ամբարտավան հզորների կողմից մերժվածների հետ միասին։ Եվ մի կողմ շպրտվածները, իրականում, բնակչության մեծամասնությունն են։

     

    Այս անգամ երախտագիտությունս եմ հայտնում ճաշարաններին, որտեղ շատ կամավորներ իրենց ծառայությունն են առաջարկում՝ սնունդ տալով այն մարդկանց, ովքեր միայնակ են, դժվարությունների մեջ, առանց աշխատանքի կամ էլ առանց տան։

     

    Այս ճաշարանները և ողորմության այլ գործերը՝ հիվանդին կամ բանտարկյալին այցելելը, բարեգործության փարոսներ են, որոնք տարածում են երախտագիտության մշակույթը, քանի որ նրանք, ովքեր կատարում են այդ  գործերը,  առաջ են շարժվում Աստծո սիրով և լուսավորված են Ավետարանի իմաստությամբ։ Այս կերպ մեր եղբայրներին մատուցած ծառայությունը դառնում է սիրո վկայություն, որը Քրիստոսի սերը դարձնում է վստահելի ու տեսանելի։

     

    Եկե´ք խնդրենք Կույս Մարիամին, որ նա ամեն օր առաջնորդի մեզ մեր խոնարհության ճանապարհին։ Նա իր ողջ կյանքի ընթացքում եղել է խոնարհ, թո´ղ Նա մեզ ունակ դարձնի այնպիսի գործողությունների, որոնք արվում են անհատույց, հյուրընկալության, ունակ  համերաշխ լինելու արհամարհվածների հետ, որպեսզի արժանի դառնանք աստվածային պարգևին։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց