• Հարկ է վերանայել «զանգվածային ոչնչացման զենք» արտահայտությունը.Սուրբ Աթոռի ներկայացուցչի ուղերձը՝ ՄԱԿ-ին

    «Միջազգային հանրությունը պետք է միաձայն արգելի բոլոր զանգվածային ոչնչացման զենքերը»:


    29 օգոստոսի, 2016թ.

     

     

    Ստորև ներկայացնում ենք Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի և մշտական դիտորդ Արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուզայի ՄԱԿ-ին ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի սահմանափակման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը՝ Անվտանգության Խորհրդի բաց քննարկման ընթացքում։

     

    Արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուզայի՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ և մշտական դիտորդի ՄԱԿ-ին ուղղված պաշտոնական հաղորդագրությունը։

     

    Անվտանգության Խորհրդի բաց քննարկում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի սահմանափակմանը։

     

    23-ը օգոստոսի, 2016թ

     

    Պարոն Նախագահ,

     

    Սուրբ Աթոռը խորհուրդ է տալիս Մալազիայի Նախագահությանը այս պալատի և ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս թեմային։

     

    Նախ և առաջ, իմ պատվիրակությունը ցանկանում է վերահաստատել Սուրբ Աթոռի մշտական և հաստատուն հակադրությունը՝ զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության և օգտագործման նկատմամբ։ Ցանկացած գործողություն, ցանկացած զենք, որը չմտածված կերպով նպատակադրված է ոչնչացնելու ամբողջական քաղաքներ կամ ընդարձակ տարածքներն իրենց բնակիչներով, դեմ է միջազգային մարդասիրական օրենքին և արժանի է միանշանակ և վճռական դատապարտման։

     

    Պարոն Նախագահ,

     

    Մինչ պայմանագրերն ու կոնվենցիաները հասել են քիմիական և  կենսաբանական զենքերի արգելման ու միջուկային զենքերի սահմանափակմանը, մարդկային հանճարը շարունակում է ինքն իրեն բնաջնջելու նոր ձևեր հնարել։ Օրինակ, «սովորական» (ոչ զանգվածային ոչնչացման) զենքերը դառնում են ավելի քիչ և քիչ «սովորական», քանի որ տեխնոլոգիական առաջընթացները մեծացնում  են իրենց իշխանությունը՝ վերացնելու զանգվածային ոչնչացման զենքերի մի մասը։

     

    Այս պատճառով, Սուրբ Աթոռը խորհուրդ է տալիս, որ զանգվածային ոչնչացման զենքերի մասին քննարկումները դուր գան ավանդական դարձած «միջուկային, քիմիական, կենսաբանական և ճառագայթային զենքերի» հասկացություններից և ներառեն նաև ավերիչ հզոր «սովորական» զենքեր, որոնք օգտագործվում են պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ոճրագործությունների համար։ Ռազմական ուժերը, ապստամբները, ահաբեկիչներն ու ծայրահեղական խմբերը ավելի մեծ հաճախականությամբ են օգտագործում հզոր «սովորական» զենքերը՝ գրեթե արհամարհելով քաղաքացիական անձեռնմխելիությունը, խտրականությունը կամ համաչափության սկզբունքը։

     

    Անշուշտ, աղետները, որոնք շարունակում են տեղի ունենալ իրական ժամանակում, մեր աչքերի առաջ մեզ ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցները, հիվանդանոցներն ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվում՝ հզոր «սովորական» զենքերի անդադար օգտագործման հետևանքով։ Տասնյակ միլիոնավոր փախստականներ ու տեղահանված մարդիկ այսօր շատ կարևոր մի ուղերձ են հղում այս պալատին․

     

    «Մենք պետք է կամ փախչենք կամ մեռնենք, քանի որ մեր քաղաքները և համայնքներն ամբողջությամբ ավերված են, ոչ թե միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքերով, այլ՝ սովորական հզոր զենքերով»։

     

    Այս ողբերգությունները կոչ են անում միջազգային հանրությանը խստագույնս բանեցնել բոլոր օրինական պարտավորեցնող պայմանագրերն ու փաստաթղթերը՝ զանգվածային ոչնչացման զենքերի արգելման ու սահմանափակման համար և շտապ վերանայել առկա դասակարգումներն ու սահմանումները, թե ինչ է նշանակում «զանգվածային ոչնչացման զենք»։

     

    Պարոն Նախագահ,

     

    Հենց այս պալատում և այլուր, Սուրբ Աթոռը  բազմիցս կոչ է արել աշխարհի զենք արտադրող ազգերին՝ խստագույնս սահմանափակել և վերահսկել զենքերի արտադրությունն ու վաճառքն աշխարհի անկայուն երկրներին ու տարածաշրջաններին, որտեղ դրանց անօրեն օգտագործման հավանականությունը և ոչ պետական խմբերի կամ անձանց ձեռքերում հայտնվելը իրական ու արդի է։ Զենքերի տարածումը, անկախ նրանից՝ հասարակ զենքեր են, թե զանգվածային ոչնչացման,  պարզապես սրում են հակամարտությունների իրավիճակները և բերում մարդկային ու նյութական հսկայական կորուստների՝ հատկապես խափանելով զարգացումն ու հարատև խաղաղության որոնումը։ Իսկապես, զենքերի արտադրության և վաճառքի սահմանափակումը, վերահսկողությունը և զինաթափումը համընդհանուր անվտանգության և կայուն զարգացման հիմքն են։ Առանց դրանց, բազմիցս  գովաբանված Կայուն Զարգացման 2030 գործողությունների օրակարգը լրջորեն վտանգված է։

     

    Պարոն Նախագահ,

     

    Երկակի չափորոշիչները զանգվածային ոչնչացման զենքերի ստեղծումը կանխող և սահմանափակող պայմանագրերը ու կոնվենցիաները գործողության մեջ դնելու գործում կարող են միայն հանգեցնել արհամարհանքի՝ հենց այդ պայմանագրերի ու կոնվենցիաների նկատմամբ՝ նրանց կողմից, ովքեր տուժել կամ խտրականության զոհ են դարձել։ Զանգվածային ոչնչացման զենք ունեցող և չունեցող երկրների մեջ խտրականություն դնելը չի կարող հարատև լինել։ Եթե անհավատալի է պատկերացնել մի աշխարհ, որտեղ զանգվածային ոչնչացման զենքերը հասանելի են բոլորին, ապա ողջամիտ է պատկերացնել և համախմբված կերպով փորձել ստեղծել մի աշխարհ, որտեղ ոչ ոք չունի այդ զենքերը։ Միջազգային հանրությունը պետք է միաձայն արգելի բոլոր զանգվածային ոչնչացման զենքերը։ Այս ձգտումը պահանջում է շարունակական պաշտպանություն և համագործակցություն բոլորի հետ, քանի որ դեռ շատ բան կա անելու դրան հասնելու համար։

     

    Կասկած չկա որ զանգվածային ոչնչացման զենքերի արգելմանն ուղղված ամեն մի ջանք հսկայական մի քայլ է՝ ավելի լավ աշխարհ ունենալու ուղղությամբ»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց