• Վերականգնվեցին և օծվեցին Քեսապի Սբ. Միքայել եկեղեցու զանգերը

    Այս զանգը դարձյալ հնչում է, որովհետև Աստծո ձայնը անխափանելի է։


    24 օգոստոսի, 2016թ.

    2016թ. օգոստոսի 21-ին Բեյրութի թեմի Օգնական Եպիսկոպոս Արհիապատիվ Տ. Գևորգ Եպիսկոպոս Ասատուրյանը Քեսաբի Սուրբ Միքայել Եկեղեցում մատուցեց հանդիսավոր Սուրբ Պատարագ և կատարեց Եկեղեցու նոր զանգակների օրհնության կարգը:

     

    Պատմական հին եկեղեցու զանգակները քանդվել էին ահաբեկիչների կողմից` ռազմական հակամարտության ժամանակ և վերականգնվել Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի և Միացյալ Նահանգների հայ կաթողիկէ թեմի համատեղ ջանքերով։ Վերականգնման աշխատանքները կատարվել են Լիբանանում, ապա զանգերը վերադարձվել են Քեսապ։

    FB_IMG_1472055785208

    Իր քարոզում Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը, անդրադառնալով եկեղեցու նոր զանգակներին, ասաց.

    «Սուրբ Միքայել եկեղեցու զանգակները պետք է շարունակեն ավելի ուժգին հնչել հավատացյալ ժողովրդին հրավիրելու, Աստծուն հանդիպելու և Նրա հետ` Սուրբ Միքայելի և Աստվածամոր  բարեխոսությամբ, զրուցելու համար:

    Սիրելի Քեսաբի հայ քույրե՜ր և եղբայրնե՜ր, ինձ համար մեծ ուրախություն է համեմատաբար կարճ ժամանակահատվածի ընթացքում դարձյալ միասին աղոթելու առիթ ունենալ, չնայած, որ միասին կամ առանձին աղոթելու համար պետք չէ սպասել հատուկ առիթների: Սակայն, ինչպես գիտեք, այս Սուրբ Խորանի դիմաց մեր այսօրվա համախմբման առիթը բացառիկ է: Դա այս պատմական հավանի Սուրբ Միքայել եկեղեցու զանգակի վերականգնումն է, որպեսզի այն շարունակի ավելի ուժգին հնչել և հրավիրի հավատացյալ ժողովրդին Աստծո հետ հանդիպելու` Սուրբ Միքայելի և Տիրամոր բարեխոսությամբ, զրուցելու համար:

     

    Այսօր, երբ շրջապատված ենք հաղորդակցության զանազան գերժամանակակից միջոցներով, հաղորդակցության նախակարապետը Հայ Եկեղեցու զանգակատնից հնչող կոչնակն է, այսինքն զանգակը: Կոչնակն է, որ օրվա տարբեր ժամերին հավատացյալներին կամ վանականներին հրավիրում է եկեղեցի աղոթելու: Նրա ձայնը Աստծո կոչն է, այսինքն Իրեն հանդիպելու և առ Աստված աղոթք բարձրացնելու հրավեր: Ահա, թե ինչու Հայ Եկեղեցու զանգակատունը և նրանում զետեղված կոչնակը հատուկ նշանակություն ունեն քրիստոնյա հավատացյալի համար: Եկեղեցու զանգը Աստծո ձայնի արձագանքն է, որ հրավիրում է մեզ եկեղեցի` աղոթելու, իսկ աղոթքը`ընդհանրապես քրիստոնյայի և մասնավորապես հայ քրիստոնյայի համար, վերանորոգ հավատքով լիցքավորվելու, ավելի մեծ հույսով ապագան կերտելու և իր շրջապատին ու իր նմաններին ավելի մեծ սիրով նայելու միջոց է:

     

    Այս հավատքը, հույսն ու սերը եղել են ու կան մեր ժողովրդի մեծագույն արժանիքը, և դու՛ք այդ արժանիքով օժտված և նրանով զորացած լինելու ձեր վկայությունը տվեցիք մոտ անցյալում` դիմադրելով ձեր կյանքին իսկ սպառնացող վտանգներին ու հաղթահարելով ձեզ հանդիպած դժվարությունները:

    FB_IMG_1472055794900

    Դուք զտարյուն քրիստոնյայի և հայի վկայությունը տվեցիք: Ձեզ Աստծո ձայնից զրկելու համար չարագործ ձեռքերը քանդեցին ձեր զանգակատունն ու կոչնակը, սակայն այսօր նրանք վերականգված են և կոչնակը դարձյալ հնչում է, որովհետև Աստծո ձայնը անխափանելի է, հավերժահունչ: Հայ ժողովրդի պատմության ընթացքում այդ կոչնակը եղել է անգամ զորակոչ: Հայ ժողովուրդը միշտ ականջալուր է եղել այդ ձայնին և հաճախ կյանքի գնով է առաջնորդվել նրանով: Շատ բնական է, որ Աստված իր ուշադրությունն ու հովանին չի հեռացնում հայ ժողովրդի վրայից և օգնում է նրան հարթելու իր ճանապարհը դեպի խաղաղ ու բարգավաճ ապագա:

     

    Պատահական չէ, որ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դեռ մեկ ամիս առաջ, երբ այցելեց Հայաստան, աշխարհին մատնացույց արեց հայ ժողովրդին` որպես առաջին քրիստոնյա երկրի զավակներ և իր հիացմունքն հայտնեց հայ ժողովրդի` ամեն փորձություն հաղթահարելու կամքի ուժի և կյանքի գնով իր լուսավորչական հավատքից կառչելու համար: Ահա, թե ինչու նա գնաց Խոր Վիրապ մոմ վառելու հայ ժողովրդի հավատքի հոր հիշատակի համար: Դու՛ք, այդ հավատքի հոր զավակները, կոչված եք ընդառաջելու Աստծո հրավերին և ինչպես միշտ հավաքվելու այս եկեղեցու մեջ` ձեր հովվի շուրջ ամեն անգամ, երբ հնչի այս եկեղեցու կոչնակը:

Օրացույց

Օրացույց