• Հիսուս ամեն օր կերակրում է մեզ Իր Մարմնով և Արյամբ. Քահանայապետի հրապարակային ունկնդրությունը

    «Հիսուս մեզ շատ է սիրում և ցանկանում է մոտ լինել մեզ»։


    19 օգոստոսի, 2016թ.

    Ստորև ներկայացվում է Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Վատիկանի Պողոս 6-րդի դահլիճում առավոտյան Հրապարակային Ունկնդրության ընթացքում հնչեցրած խոսքը.

     

    Բարի´առավոտ, սիրելի´ եղբայրներ ու քույրեր։

     

    Այսօր մենք ցանկանում ենք անդրադառնալ հացի բազմապատկման հրաշքին։ Մատթեոսի Ավետարանի սկզբում Հիսուս նոր էր ստացել Հովհաննես Մկրտչի մահվան լուրը և Նա նավակով անցավ լիճը, փնտրելով  «մի ամայի տեղ՝ մենակ մնալու համար»։ Մարդիկ, սակայն, լսեցին և ոտքով գնացին Նրա հետևից, և «երբ Նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին» (Մտթ․ 14։14)։ Հիսուս այսպիսին է․ միշտ կարեկցում է ուրիշներին ու միշտ մտածում նրանց մասին։ Ժողովրդի որոշումը, ովքեր վախենում են մենակ մնալ լքվածների նման, տպավորիչ է։ Քանի որ Հովհաննես Մկրտիչը՝ խարիզմատիկ մարգարեն, արդեն մահացած էր, մարդիկ իրենք իրենց վստահեցին Հիսուսին, ում մասին ինքը՝ Հովհաննեսն ասել էր «նա, ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է» (Մտթ․ 3։11)։ Այսպիսով ամբոխը ամենուրեք Նրան հետևում է ՝ Նրան լսելու և հիվանդներին Նրա մոտ բերելու համար։ Եվ սա տեսնելով, Հիսուս հուզվում է, Նա սառնասիրտ չէ։ Նա կարող է հուզվել։ Մի կողմից նա կապվածություն է զգում այս ամբոխի հետ և չի ուզում, որ նրանք հեռանան, մյուս կողմից նա մենակության կարիք ունի, որպեսզի աղոթի Հորը։ Նա շատ գիշերներ է անցկացնում աղոթելով Իր Հորը։

     

    Եվ այդ օրը ևս, Վարդապետն իրեն ժողովրդին նվիրեց։ Նրա կարեկցանքն անորոշ զգացում չէ, այլ հակառակը, այն ցույց է տալիս Նրա՝ մեզ մոտ լինելու և մեզ փրկելու կամքի ամբողջ ուժը։ Հիսուս մեզ շատ է սիրում և ցանկանում է մոտ լինել մեզ։

     

    Երբ արդեն երեկո էր, Հիսուս մտածեց սովածներին կերակրելու ու  հոգ տանելու այն մարդկանց մասին, ովքեր հետևում են իրեն։ Եվ նա ցանկանում է Իր աշակերտներին ևս ներառել սրա մեջ։ Եվ Նա ասաց նրանց «դու´ք նրանց ուտելու բան տուէք» (Մտթ․ 14։16)։ Եվ Նա ցույց տվեց նրանց, որ նրանց ունեցած քիչ հացը և ձուկը, հավատքի ուժով ու աղոթքով, կարող էին կիսել այդ բոլոր մարդկանց հետ։ Հիսուս հրաշք գործեց, բայց դա հավատքի, աղոթքի հրաշքն էր՝ կարեկցանքից ու սիրուց բխած։ Եվ Հիսուս «կտրեց և նկանակները աշակերտներին տուեց, իսկ աշակերտները՝ ժողովրդին» (Մտթ․ 14։19)։ Տերը գնում է մարդկանց կարիքների մասին հոգալու, բայց Նա  ցանկանում է մեզանից յուրաքանչյուրին դարձնել Իր կարեկցանքի կոնկրետ մասնակիցը։

     

    Հիմա մենք կանգ առնենք Հիսուսի օրհնության վրա․

     

    Նա վերցրեց «հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի  երկինք, օրհնեց, կտրեց նկանակները և տվեց նրանց» (Մտթ․ 14։19)։

     

    Ինչպես տեսնում ենք, սրանք այն նույն նշաններն են, որոնք Հիսուս կատարեց Վերջին Ընթրիքի ժամանակ, և սրանք նաև այն նույն նշաններն են, որոնք յուրաքանչյուր քահանա կատարում է Սուրբ Պատարագը մատուցելիս։ Քրիստոնեական համայնքը շարունակաբար ծնվում և վերածնվում է այս Հաղորդությամբ։ Քրիստոսի հետ հաղորդություն ապրելն, ուստի, ոչ թե միասին պասիվ մնալն ու առօրյա կյանքից հեռանալն է, այլ հակառակը, այն մեզ ավելի ու ավելի է մտերմացնում մեր ժամանակների կանանց ու տղամարդկանց՝ առաջարկելու նրանց ողորմության կոնկրետ նշանն ու Քրիստոսի հոգատարությունը։ Մինչ Քրիստոս սնում է մեզ, Հաղորդության խորհուրդը քիչ-քիչ մեզ նաև դարձնում է Քրիստոսի Մարմինն ու եղբայրների համար հոգևոր սնունդ է։ Հիսուս ցանկանում է հասնել բոլորին, որպեսզի Տիրոջ սերը բերի նրանց։ Հետևաբար, Նա յուրաքանչյուր հավատացյալի ներկայացնում է որպես ողորմության ծառա։ Հիսուս տեսավ ամբոխին, Նա գթաց նրանց և բազմապատկեց հացի նկանակները։ Նա նույն կերպ վարվում է նաև Սբ. Հաղորդության ժամանակ։ Եվ մենք՝ հավատացյալներս, ովքեր ընդունում ենք այս Հաղորդության Հացը,  կոչված ենք Հիսուսի կողմից՝ այս ծառայությունը անելու ուրիշների համար՝ Նրա նույն կարեկցանքով։ Սա է ճանապարհը։

     

    Ձկան և նկանակների բազմապատկման մասին պատմությունը ավարտվում է այն համոզմամբ, որ բոլորը հագեցած են և հավաքում են մնացած կտորները։ Երբ Հիսուս Իր կարեկցությամբ ու սիրով շնորհ է տալիս, Նա ներում է մեր մեղքերը, Նա գրկում է մեզ, Նա սիրում է մեզ, Նա ոչ մի բան կիսատ չի անում, այլ՝ ամբողջությամբ։ Այդպես տեղի ունեցավ այստեղ․ բոլորը գոհ էին։ Հիսուս մեր կյանքն ու սրտերը լցնում է Իր սիրով, Իր ներողամտությամբ, Իր ողորմությամբ։ Եվ այդպիսով, Հիսուս թույլ տվեց Իր աշակերտներին իրականացնել իր պատվերը։ Այսպիսով, նրանք գիտեն այն ճանապարհը, որին հետևելու են՝ կերակրել մարդկանց և նրանց միասնական պահել, այսինքն, ծառայել  կյանքին և հաղորդությանը։ Հետևաբար, մենք խնդրում ենք Տիրոջը, որ նա միշտ Եկեղեցին պահի ունակ՝ մատուցելու այս սուրբ ծառայությանը, այնպես որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա լինել հաղորդության գործիք՝ մեր իսկ ընտանիքում, աշխատանքում, ծխական եկեղեցում և անդամակցության խմբերում, Աստծո ողորմության տեսանելի  մի նշան, ով չի ցանկանում ոչ մեկին մենակության և կարիքի մեջ թողնել, այնպես որ հաղորդությունն ու խաղաղությունը և մարդկանց հաղորդությունը Տիրոջ հետ իջնի մարդկանց մեջ, որովհետև այս հաղորդությունը կյանք է բոլորի համար։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց