«Մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից» (Յայտնութիին 12։1)
17 օգոստոսի, 2016թ.
Ստորև ներկայացվում է Հռոմի Սրբազան Քահանայապետի խոսքը՝ ուղղված Սբ․ Պետրոս հրապարակում հավաքված հավատացյալների՝ Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ և հետո։ Այն նվիրված էր Սբ․ Կույս Մարիամի Վերափոխման Տոնին։
«Բարի´ առավոտ սիրելի´ եղբայրներ և քուրեր։ Շնորհավորում եմ Վերափոխման Տոնի կապակցությամբ։
Այսօրվա տոնի ավետարանական հատվածը նկարագրում է Մարիամի և նրա ազգական Եղիսաբեթի հանդիպումը, նշելով, որ «այդ օրերին Մարիամը վեր կացաւ և շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը» (Ղկ 1։39)։ Այդ օրերին, Մարիամը վազեց դեպի Երուսաղեմի մոտ գտնվող փոքրիկ քաղաքը՝ Եղիսաբեթի մոտ։ Այսօր մենք խորհրդածում ենք նրա՝ դեպի երկնային Երուսաղեմ ճամփորդության մասին՝ ի վերջո տեսնելու Տիրոջ և Մարիամի Որդի Հիսուսի դեմքը։ Իր երկրային կյանքի ընթացքում շատ անգամներ, Մարիամը գնացել էր լեռնոտ վայրեր, մինչև անգամ՝ Գողգոթայի վշտալի գագաթը, որը կապված է Քրիստոսի տառապանքների խորհրդի հետ։ Հիմա մենք տեսնում ենք նրան Տիրոջ լեռանը հասնելիս՝ «արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից» (Յայտնութիին 12։1), ինչպես ասում է Հայտնության Գիրքը, և մենք տեսնում ենք Նրան՝ անցնելով երկնային հայրենիքի շեմը։
Նա առաջինն էր, ով հավատաց Տիրոջ Որդուն, և Նա առաջինն էր, ով մարմնով և հոգով բարձրացավ Երկինք։ Սկզբում նա վերցրեց Հիսուսին և դրեց Նրան իր թևերի վրա, երբ Նա դեռ երեխա էր, և Մարիամն առաջինն էր, ում Հիսուս վերցրեց իր գիրկը և տարավ Տիրոջ Հավիտենական Արքայության մեջ։ Մարիամը՝ կայսրությունից հեռավոր կորած գյուղի այդ համեստ և պարզ աղջիկը, ընդունվեց Տիրոջ կողմից՝ հավիտենապես լինելու Աստծո Որդու գահի կողքին, որովհետև Մարիամն ընդունեց Ավետարանը և ապրեց Ավետարանով։ Այսպես է Տերը հզորներին տապալում է իրենց աթոռներից և բարձրացնում խոնարհներին։
Մարիամի Վերափոխումը մի մեծ խորհուրդ է, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին․ այն վերաբերում է մեր ապագային։ Իրականում, Մարիամը մեզնից առաջնորդում է մեզ այն ճանապարհին, որն անցնում են բոլորը, ովքեր Մկրտությամբ իրենց կյանքը կապել են Հիսուսի հետ, ինչպես Մարիամը կապեց Հիսուսի հետ։ Այսօրվա տոնը նախապես հայտարարում է «նոր երկինքն ու նոր երկիրը»՝ Հարություն առած Քրիստոսի մահվան դեմ հաղթանակով և չարիքի վերջնական պարտությամբ։ Ուստի, Գալիլիացի համեստ աղջկա հաղթանակը արտահայտվեց «Մեծացուսցէ» օրհներգում, որը դարձավ ամբողջ մարդկության երգը, որն ուրախ է տեսնել, որ Տերը ողորմած է բոլոր տղամարդկանց ու կանանց, խոնարհ էակներ հանդեպ, և նրանց Իր հետ միասին ընդունում է երկնքում։
Ինչպես որ «Մեծացուսցէ» օրհներգում է ասվում, Տերն իր գթությամբ իջնում է դեպի խոնարհները, բարձրացնում նրանց։ Կույս Մարիամի օրհներգը նաև օգնում է մեզ մտածել ժամանակակից շատ տխուր իրավիճակների մասին, հատկապես՝ այն կանանց մասին, ովքեր ճնշված են ծանր կյանքի ու բռնության հետևանքով, այն կանանց մասին, ովքեր ստրկացված են այս աշխարհի անբարտավան հզորների կողմից, աղջիկներն, ովքեր բռնի կերպով անմարդկային աշխատանքն են կատարում, կանայք, ովքեր հանձնվում են տղամարդկային ագահությանը հոգեպես և մարմնապես։ Թո´ղ խաղաղության, արդարության և սիրո կյանքը հասնի նրանց հնարավորինս շուտ՝ այն օրվա սպասումով, որտեղ նրանք վերջապես կզգան, որ նրանց մեկնված ձեռքերը չեն նսեմացնում նրանց, այլ քնքշորեն ամոքում և առաջնորդում են դեպի Երկինք։ Մարիամը՝ մի աղջիկ, մի կին, ով շատ է տանջվել իր կյանքում, ստիպում է մեզ մտածել այդ կանանց մասին, ովքեր շատ են տառապել։ Եկե´ք խնդրենք Տիրոջը, որ Նա Ինքն Իր ձեռքով առաջնորդի նրանց իրենց կյանքի ճանապարհներին՝ ազատելով ստրկությունից։
Եվ հիմա մենք վստահությամբ դիմում ենք Մարիամին՝ Երկնքի քնքուշ Թագուհուն և խնդրում նրան․«Խաղաղ օրեր տու´ր մեզ, հսկի´ր մեր ճանապարհը, թու´յլ տուր տեսնել քո Որդուն՝ լի Երկնային ուրախությամբ»։
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը