«Ինչ որ անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար», Ղուկաս, 18:27
14 օգոստոսի, 2016թ.
Այս նյութը տրամադրել է Հայկական Կարիտասի Հասարակայնության կապերի բաժինը (պատասխանատու՝ Մարինա Բազաևա)
Հայկը սիրում է երաժշտություն: Տանը ժամեր շարունակ դասական երաժշտություն է լսում իր համակարգչով: Աուտիզմ ունի եւ պարբերաբար հաճախում է «Էմիլի Արեգակ»: Շաբաթը մեկ անգամ Հայկը մասնակցում է 1.5 ժամ տեւողությամբ երաժշտական թերապիային: Ավելորդ է ասել, որ անում է դա մեծ հետաքրքրությամբ ու սիրով:
«Երբ Հայկը առաջին անգամ եկավ կենտրոն 2009 թ.–ին, ոչ մեկի հետ չէր խոսում: Դժվարանում էր կանոններ պահպանել: Տառապում էր ուշադրության պակասից եւ թույլ կենտրոնացումից: Չէր կարող հանգիստ նստել եւ երկար կենտրոնանալ մի բանի վրա թերապիաների ժամանակ», – հիշում է Տիգրանուհի Հակոբյանը` «Հայկական Կարիտաս»-ի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի տնօրենը:
Բայց Հայկը մի բան էր անում, որ գրավում էր բոլորի ուշադրությունը: «Նա ունի հիանալի հիշողություն եւ երաժշտություն է սիրում: Ուստի, զարմանալի չէ, որ նա քայլում է ու երգում: Սակայն, զարմանալին այն էր, որ նա այդ երգերը կատարյալ տոնով էր երգում: Ոչ մի կեղծ նոտա», – բացատրեց Տիգրանուհին:
Թիմը հասկացավ, որ Հայկի հետ հաղորդակցվելու համար պետք է օգտագործել նրա երաժշտական ներուժը: Մի քանի տարի երկուստեք նվիրված եւ հավատարիմ ջանքերից հետո Հայկը պատրաստ էր մասնակցել առանձին երաժշտական թերապիաների:
Որոշ ժամանակ անց Հայկը սկսեց փոքրիկ մեղեդիներ նվագել: Սկսեց անհամբեր սպասել պարապմունքներին եւ կատարելապես հիշում էր նախորդ պարապմունքների նոտաները եւ մեղեդիները:
Նրա անհատական պարապմունքների սկսվելուց կարճ ժամանակ անց, կենտրոնը թմբուկ ստացավ Ստեֆանիից` նվիրված ավստրիացի կամավորից: Հայկն այն միանգամից սիրեց եւ սկսեց նվագել: Շուտով կարողանում էր նվագակցել որոշ հայկական երգերին` լսելով եւ զգալով երաժշտությունը: «Նա կենտրոնացած եւ ուշադիր լսում էր հրահանգները եւ շատ արագ հանպատրաստից նվագում երաժշտությունը թմբուկի վրա», – ասաց Գոհարը` «Էմիլի Արեգակ»-ի երաժշտական թերապեւտը:
Ամենակարեւորն այն է, որ Հայկը զարգանում է երաժշտության միջոցով: Լավ է զգում իրեն: Ստանում է շատ դրական էներգիա եւ փոխանցում այն հանդիսատեսին: Շատ է սիրում դասական երաժշտություն ու վերարտադրում է մեղեդին թմբուկի վրա հնչյուն առ հնչյուն: «Հիշում եմ որքա՜ն էի զարմացել այն օրը, երբ նա նվագեց Կարմենի նախերգանքը»,- հիշեց Գոհարը:
2015թ-ի նոյեմբերի 1-ից «Էմիլի Արեգակ»-ի աջակցությամբ Հայկը հաճախում է պետական երաժշտական դպրոց: Մի քանի դաս հետո Հայկը փայտիկներով նվագում էր պրոֆեսիոնալ թմբուկների վրա: Նա զարմացրեց իր ուսուցչին, ով նախկինում երբեք չէր աշխատել հաշմանդամություն ունեցող երեխայի հետ: 14 դասից հետո Հայկը կարող էր նվագել 4 դասական քայլերգ, ինչպիսիք են, Վագների, Մենդելսոնի եւ Շտրաուսի հարսանեկան եւ «Փոքրիկ թմբկահար տղայի» քայլերգերը:
2015 թ.-ի դեկտեմբերի 23-ին Հայկը տպավորեց բոլորին իր տարեվերջյան կատարմամբ: Գոհարը ներկա էր միջոցառմանը.
«Բառեր չեմ կարող գտնել արտահայտելու զգացմունքներս, երբ նա սկսեց նվագել: Այնքան փայլուն կատարեց: Նվագելու այնպիսի պատշաճ տեխնիկա ցույց տվեց: Ձեռքերի դիրքից մինչեւ ձայնի տիրապետումը, ամեն ինչ կատարյալ էր: Նա հարվածում էր բոլոր նախատեսված նոտաները: Դա մեծ ձեռքբերում էր եւ‘ Հայկի, եւ’ «Էմիլի Արեգակի» համար:»