«Բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով, որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է…», Մտթ. 7:7
14 օգոստոսի, 2016թ.
Այս նյութը տրամադրել է Հայկական Կարիտասի Հասարակայնության կապերի բաժինը (պատասխանատու՝ Մարինա Բազաևա)
Արտյոմ Հովհաննիսյանը «Հայկական Կարիտաս»-ի «Էմիլի Արեգակ»-ի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի սաներից է: Արտյոմը 13 տարեկան է եւ ունի մտավոր հաշմանդամություն: Քրտնաջան աշխատանքից եւ նվիրվածությունից հետո Արտյոմը վերջերս կարողացավ սովորել հայոց այբուբենը եւ կարդալ:
2015թ. հունիսի 21-ին Արտյոմը հասավ իր կյանքի մեկ այլ կարեւոր հանրգվանի. մասնակցեց Երեւանի ԹՈԻՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած TEDxKids Yerevan-ին:
Նրա ելույթը յուրօրինակ պատգամ էր՝ ընթերցանության կարեւորությունը եւ «ավանդական» ճանապարհի ճանաչումը՝ համակարգչի առջեւ շատ ժամանակ ծախսելու փոխարեն:
«Համակարգիչները մեզ հեռացնում են ընթերցանությունից, ընկերների հետ շփվելուց եւ դրսի իրական կյանքից: Ուզում եմ, որ բոլոր երեխաները ավելի շատ կարդան եւ դառնան կրթված եւ գիտակ մասնագետներ: Ուզում եմ, որ ավելի շատ օգնեն իրենց ծնողներին ու «ստիպեն» նրանց հպարտանալ իրենցով»: Սրանք Արտյոմի ելույթի եզրափակիչ խոսքերն էին:
Արտյոմը միայնակ չի գնացել Երեւան: Նրան քաջալերում եւ աջակցում էին «Էմիլի Արեգակ»-ի իր ընկերները, ովքեր ներկա էին միջոցառմանը:
Արտյոմը շատ նպատակասլաց է: Ցանկանում է շատ գրքեր կարդալ: «Երբ սահուն կարդալ կարողանամ, առաջին գիրքը, որ կկարդամ կլինի Աստվածաշունչը», – հպարտությամբ ասում է Արտյոմը: Նա երազում է ծրագրավորող դառնալ եւ խրախուսում է իր հասակակիցներին գիրք կարդալ:
TEDxKidsYerevan-ի նպատակն է հարթակ տրամադրել երիտասարդներին, որպեսզի բարձրացնեն իրենց մտահոգող եւ հետաքրքրող խնդիրները: Դա մի վայր է, որտեղ նրանք կարող են խոսել իրենց կոնկրետ հաջողությունների, հայտնագործությունների, հետազոտությունների եւ պատմությունների մասին: Սա 6-րդ տարին է, որ TEDxKids տեղի է ունենում Հայաստանում: «Էմիլի Արեգակ»-ի երեխաներն առաջին անգամ մասնակցել են այս միջոցառմանը 2012 թ.-ին:
«Էմիլի Արեգակ»-ը կշարունակի համագործակցել TEDxKids-ի հետ, քանի որ դա մեծ հնարավորություն է երեխաների համար ավելի շատ բան բացահայտելու իրենց շրջապատող աշխարհը, կիսել իրենց գաղափարները եւ շփվել Հայաստանի այլ վայրերից եկած երեխաների հետ», – ասաց «Էմիլի Արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը: