«Մեր հավատը եւ մեր նվիրվածությունը աղքատներին շատ ուժեղ է»:
12 օգոստոսի, 2016թ.
Հարցազրույցում տկն. Անահիտ Գևորգյանը խոսում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության լավագույն մարմնավորման՝ Հայկական Կարիտասի ծրագրերի, նպատակների, ինչպես նաև Հայաստանում առկա բարդ սոցիալական խնդիրների լուծման ուղիների մասին: Ներկայացնում ենք Caritas Europa-յի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածն՝ ամբողջական հայերեն թարգմանությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը գտնվում է Գյումրիում: Այս քաղաքից կազմակերպությունը համակարգում է 9 սոցիալական ծրագրերի աշխատանքները 4 մարզերում, Երեւանի գրասենյակի հետ համատեղ, որը կենտրոնացած է միգրացիայի, ինտեգրման եւ թրաֆիքինգի վրա: Բացի այդ, «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ է` նվիրված աղետների կանխարգելմանն ու արձագանքմանը: Հայաստանում կարիքները բազմաթիվ են, կազմակերպությունը եւս զարգանում է: Այդ առումով, «Հայկական Կարիտաս»-ը բացահայտել է գործողությունների նոր ոլորտներ:
Անահիտ Գեւորգյանը «Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի ղեկավարն է, ով վերահսկում է կազմակերպության ողջ ընթացիկ գործունեությունը: Նա պատմեց մեզ «Հայկական Կարիտաս»-ի աշխատանքի, առաքելության ու ապագա ծրագրերի մասին:
Ինչո՞վ է հայտնի «Հայկական Կարիտաս»–ը, եւ ո՞րոնք են գործունեության մյուս ոլորտները, որոնցով զբաղվում է կազմակերպությունը:
Անահիտ. Հիմնականում հայտնի ենք երեխաներին, կանանց ու ծերերին սոցիալական եւ առողջապահական ծառայությունների տրամադրման մեր էապես մեծ փորձով, ինչպես նաեւ՝ վերջերս աղետների ռիսկերի կառավարմանը մեր ներգրավվածությամբ: Սակայն, «Հայկական Կարիտաս»-ն ակտիվ է նաեւ 3 այլ ոլորտներում՝ սիրիացի փախստականների ինտեգրում, Հայաստանում բնակվող հայերի արտագաղթի կանխարգելում՝ հատուկ շեշտադրելով անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի եւ աշխատանքային շահագործման ռիսկերի մասին նրանց իրազեկելն ու նախազգուշացնելը: Եվ, վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը, համայնքային զարգացումն է, որը որոշակիորեն ներառում է բոլոր մյուս գործունեությունները, բայց հիմնականում կենտրոնացած է տեղական` գյուղական եւ քաղաքային համայնքների ակտիվ անհատներին հզորացնելու վրա, որպեսզի նրանք ձեռք բերեն հմտություններ եւ գործիքներ իրենց համայնքների զարգացման ակտիվ դերակատարները լինելու համար:
Մյուս նորույթը մեր աշխատանքում շահերի պաշտպանությունն է: Մինչ օրս, շահերի պաշտպանության մեր ջանքերը սահմանափակվում էին կոնկրետ նպատակներով կոնկրետ ծրագրերի շրջանակներում: Այժմ կառուցելու ենք մեր շահերի պաշտպանության եւ հաղորդակցության աշխատանքներն այնպես, որ նվաճենք ավելի լայն նպատակներ՝ Հայաստանի համար հասարակական ազդեցությամբ: Առաջիկա 3 տարիների ընթացքում` 2017-2019թթ-ին, մեր ուշադրության կենտրոնում կլինի երեխայի եւ տարեցների առողջության եւ երեխաների պաշտպանության ոլորտներում ծառայությունների մատուցման մեր մոդելների խթանումը՝ որպես վերարտադրելի մոդելներ պետության համար եւ պետությունից այս ոլորտների մեր ծրագրերի համաֆինանսավորման 10%-ը ստանալը:
Արտագաղթը դարձել է քննարկման կարեւոր առարկա: Երկիրը կորցնում է շուրջ 50,000 մարդ ամեն տարի: Ո՞րոնք են դրա հետեւանքները:
Անահիտ. Սա բարդ թեմա է: Մի կողմից, արտագաղթը, միակ իրական լուծումն է, որ հասանելի է շատերին՝ սեփական անձի եւ ընտանիքի գոյությունը պահպանելու համար: Դրամական փոխանցումները, որ հայկական սփյուռքը ուղարկում է Հայաստանում ապրող իրենց բարեկամներին, փրկօղակ է դառնում՝ այդ ընտանիքների եւ երկրի տնտեսության համար: Բայց, մյուս կողմից, արտագաղթն ունի հսկայական բացասական ազդեցություն բազմաթիվ ընտանիքների եւ համայնքների վրա: Շատ դեպքերում տղամարդիկ են արտագաղթում` թողնելով ընտանիքներին եւ տարեց ծնողներին: Այս ընտանիքների մեծամասնությունը վերամիավորվում է տարին մեկ կամ երկու անգամ: Այս իրավիճակը նրանց մոտ առաջացնում է սթրեսի եւ անհանգստության շատ բարձր մակարդակ: Դա հսկայական հոգեբանական զոհաբերություն է նրանց բոլորի համար, մասնավորապես` երեխաների: Բացի հոգեբանական եւ փոխհարաբերություններում առաջացած խնդիրներից, կան նաեւ առողջապահական հարցեր, որոնք բխում են պատահական սեռական հարաբերություններից, որ տղամարդիկ կարող են ունենալ ընդունող երկրներում: Հայաստանում ՄԻԱՎ վարակների տոկոսային աճն ապացուցել է կապը հիմնականում սեզոնային միգրացիայի գործոնի հետ: «Հայկական Կարիտաս»-ն աշխատում է անօրինական միգրացիայի կանխարգելման, վերադարձողների վերաինտեգրման եւ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղություններով: Կանխարգելման աշխատանքները կրում են իրազեկության բարձրացման բնույթ, իսկ վերաինտեգրացիան կատարվում է անհրաժեշտության վրա հիմնված խորհրդատվության տրամադրման աջակցությամբ, ինչպես նաեւ՝ սեմինարների եւ ֆինանսական աջակցության միջոցով Հայաստանում նոր կյանք սկսելու համար: ՄԻԱՎ վարակի ռիսկերի մասին իրազեկությունը բարձրացնելուն զուգահեռ, «Հայկական Կարիտաս»-ն առաջարկում է ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի, C-ի եւ սիֆիլիսի անվճար թեստավորում: Դրանք առավել լայն տարածում ունեցող վարակներն են:
Մարդիկ զանգվածաբար լքում են երկիրը: Սա, թերեւս խոչընդոտ է համայնքային զարգացման համար: Ինչպե՞ս է «Հայկական Կարիտաս»-ն աշխատում կոնկրետ այս ոլորտում:
Անահիտ. Մենք դրական որեւէ բան ենք գտնում ցանկացած բացասականի մեջ, հնարավորություններ` դժվարությունների մեջ: Միգրացիան հայերի համար կարող է նաեւ լինել զարգացման հետաքրքիր աղբյուր եւ ոգեշնչում: Երբ հայերը վերադառնում են ավելի առաջադեմ երկրներից, իրենց հետ փորձ են բերում, հարմարեցնում այն եւ օգտագործում հայկական համատեքստում: Սակայն, արտագաղթելը հեշտ որոշում չէ: Շատ մարդիկ արտագաղթում են, որվհետեւ պետք է արտագաղթեն: Նոր կյանք սկսել բոլորովին «օտար» միջավայրում կարող է շատ դժվար լինել: Ուստի, եթե կարողանում ենք ապահովել ընտանիքներին նվազագույն հնարավորությամբ, որ կարողանան վաստակել եւ ապրել սեփական երկրում, ապա վճռորոշ դեր ենք խաղում նոր միգրացիոն ռիսկերը կանխելու հարցում, ինչպես նաեւ գրավում նախկինում տեղափոխված ընտանիքներին, որպեսզի հետ վերադառնան եւ վերաբնակվեն Հայաստանում: Մեր համայնքային զարգացման ծրագրերով փորձում ենք «առաձգականություն» ստեղծել եւ լուծել միգրացիայի հիմնական պատճառները մի քանի տեսանկյունից. մեկ կողմից, վերանորոգում եւ վերակառուցում ենք հիմնական ենթակառուցվածքները, մյուս կողմից, բարձրացնում բնակչության քաղաքացիական մասնակցությունը եւ գիտակցությունը: Աշխատում ենք նաեւ ֆերմերների եւ ձեռնարկատերերի հետ` հնարավորություն տալով նրանց ծավալել եկամուտ բերող գործունեություն, զարգացնել գյուղատնտեսությունը, հողագործությունը, ձեռնարկատիրությունը, որով կկարողանան պահպանել իրենց եւ իրենց ընտանիքների գոյությունը, եւ նպաստել համայնքի բարեկեցությանը:
Իրավիճակը Հայաստանում բարդ է: Երկիրը կանգնած է լուրջ սոցիալ–տնտեսական մարտահրավերների առջև, ներգրավված է չլուծված աշխարհա–ռազմավարական վեճերի մեջ եւ գտնվում է տեկտոնական ակտիվ պրոցեսների գոտում եւ հակված է բնական աղետների, ինչպիսին է Սպիտակի երկրաշարժը 1988թ.: Եւ ընդդեմ բոլոր այս դժվարությունների, ձեզ նման մարդիկ եւ «Հայկական Կարիտաս»-ի ողջ աշխատակազմն ու կամավորները չեն հանձնվում, հավատում են, որ հնարավոր է ինչ–որ բան փոխել Հայաստանում: Ո՞րտեղից եք ուժ գտնում շարունակելու համար:
Անահիտ. «Հայկական Կարիտաս»-ի առաքելությունը նաեւ իմն է եւ ամբողջ աշխատակազմի անդամներինը. «ծառայել տարբեր խոցելի խմբերին սիրով ու սրտացավությամբ` հարգելով յուրաքանչյուր անձի արժանապատվությունը»: Ցավոք սրտի, Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր խոցելի են, եւ որոնց արժանապատվությունը չի հարգվում: Բարեբախտաբար, շատ սեր եւ կարեկցանք կա հայերի մեջ:
Ճիշտ է, խոչընդոտները կարեւոր են: Բայց մեր հավատը եւ մեր նվիրվածությունը աղքատներին շատ ուժեղ է: Գիտենք նաեւ, որ Եվրոպայի Կարիտասյան կազմակերպությունները չեն հրաժարվի այն մարդկանց, ում մենք ծառայում ենք: Ապավինում ենք նրանց աջակցությանը մինչեւ ինքնուրույն կայուն լինելու ուղիներ գտնենք:
Նյութը տրամադրել է Հայկական Կարիտասի Հասարակայնության հետ կապերի բաժինը (պատասխանատու՝ Մարինա Բազաևա):