• Մի´ լար. Հիսուս մխիթարում է յուրաքանչյուրիս

    Սրբազան Քահանայապետի 2016թ.օգոստոսի 10-ի հրապարակային ունկնդրությունը



    Ֆրանցիսկոս Պապի հրապարակային ունկնդրությունը «Մոր մխիթարությունը»

    2016թ. օգոստոսի 10-ի առավոտյան Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի Պողոս Զ անվան սրահում համախմբված հազարավոր ուխտավորներին շնորհեց հրապարակային ուկնդրություն, որի ժամանակ խորհրդածեց Ղուկասի ավետարանից վերցրած Նայինի երիտասարդի հարության հրաշքի մասին:

     

    <<Բարի΄ լույս սիրելի եղբայրնե΄ր և քույրե΄ր:
    Ղուկասի ավետարանի հատվածը, որ ունկնդրեցինք մեզ է ներկայացնում Հիսուսի մեծ հրաշքը` երիտասարդի հարությունը: «Թեև այդ պատմվածքի հիմքում հրաշքը չէ, այլ Հիսուսի քնքշությունն է այդ պատանու մոր նկատմամբ»,- ասաց նորին Սրբությունը` ընդգծելով, որ «Այստեղ ողորմությունը ստանձնում է գթության մեծ անունր այրի կնոջ նկատմամբ, ով արդեն կորցրել էր իր ամուսնուն և հիմա էլ իր միակ զավակին էր ուղեկցում դեպի գերեզման»:

     

    «Մոր այդ մեծ ցավն է, որ շարժում է Հիսուսի գութը ու Նրան մղում է հարության հրաշքը գործել»,-ասաց Սրբազան Քահանայապետը` մեկնաբանելով Ղուկասի ավետարանի այս հատվածը, որի մեջ ավետարանիչը մանրամասնություններ է ընծայում։ Հիսուս գնաց Նային քաղաքը։ Երկու խմբերը իրար են հանդիպում։ Հիսուսի հետ էին գնում նաև Իր աշակերտներն ու բազում ժողովուրդ, ովքեր քաղաք էին մտնում, իսկ հակառակ ուղղությամբ գնում էին այրի կինն ու իր մեռած զավակը, որի հետ գնում էին բազմաթիվ մարդիկ։ Դարպասի մոտ այդ երկու խմբերը իրար են հանդիպում և ահա, թե ինչպես է Ղուկաս ավետարանիչը նկարագրում Հիսուսի հույզերը. «Տերը տեսավ մորը, գթաց նրան և ասաց. «Մի΄ լար»։ «Մոտեցավ և դիպավ դագաղին: Դագաղը տանողները կանգ առան»։ «Վսեմ գթությունը առաջնորդեց Հիսուսի ներգործություններին. Ինքն է, որ կանգնեցնում է երթը` դագաղին դիպչելով, ու այդ մոր նկատմամբ ունեցած խոր ողորմությամբ որոշում է դիմակայել մահվանը»,- ասաց Սրբազան Քահանայապետը և մատնանշեց Հոբելյանական տարին ու Սուրբ դուռը` ուխտավորներ հրավիրելով Ողորմության դռան մոտ, և ասաց, որ մտաբերեն Նային քաղաքի մուտքի մոտ պատահած ավետարանական այս հատվածը` Սուրբ Դռնից անցնելու ժամանակ։
    «Արցունքների մեջ թաթախված մայրը մուտք գործեց Հիսուսի սրտի մեջ»,-ասաց Սրբազան Քահանայապետը։ Մեզանից յուրաքանչյուրը Սուրբ դռան մոտ է հասնում իր ուրախություններով, տառապանքներով, իր ծրագրերով ու ձախողություններով, իր վախերով ու կասկածներով` դրանք Տիրոջ ողորմությանը ներկայացնելու համար, այն վստահությամբ, որ Սուրբ Դռան մոտ Տերը կմոտենա մեզ` մեզանից յուրաքանչյուրին հանդիպելու համար, ու մեզ կնվիրի իր զորեղ մխիթարիչ խոսքը «Մի΄ լար»։

     

    Դա Աստծո գթության և մարդկային ցավի հանդիպման դուռ է: Այդ դռնով անցնելիս մենք մեր ուխտագնացությունն ենք կատարում դեպի Աստծո ողորմությունը, Ով մեզ կասի այնպես, ինչպես, որ ասաց այդ մեռած պատանուն. «Քե΄զ եմ ասում, ո΄վ պատանի, վե΄ր կաց»:

    «Հիսուսի զորեղ խոսքը կարող է ներգործել մեր վրա և մեզ ուղղորդել մահից դեպի կյանք։ Նրա խոսքը վերակենդանացնում է, հույս է ներշնչում, մխիթարում է վշտահար սրտերը, ընծայում է կյանքի և աշխարհի նոր տեսություն, որը վեր է տառապանքից ու մահվանից: Այդ ողորմության դռան վրա մեզանից յուրաքանչյուրի համար արձանագրված է Աստծո ողորմության անսպառ գանձը»,- ասաց Սրբազան Քահանայապետը և շարունակելով մեկնաբանել ավետարանական հատվածը ասաց, որ Հիսուսի խոսքը լսելով «մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել»։ Հիսուս նրան մորը տվեց։ Մայրը վերագտավ իր զավակին` Հիսուսի ձեռքերից նրան ընդունելով ու երկրորդ անգամ Մայր դառնալով։ «Այսպիսին է նաև մայր Եկեղեցին` հատկապես Հոբելյանի ժամանակ, ընդունում է իր զավակներին` նրանց մեջ նկատելով Աստծո շնորհով պարգևված կյանքը: Եվ այդ մկրտության շնորհի զորությամբ է, որ Եկեղեցին դառնում է մայր և մեզանից յուրաքանչյուրը` նրա զավակը»,- ասաց Սրբազան Քահանայապետը և ապա եզրափակեց իր խոսքը այն մասին, որ ահը պատեց բոլորին, փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ և Աստված այցելեց իր ժողովրդին»:

    «Հիսուսի ներգործությունը չի վերաբերում միայն այրի կնոջն ու նրա զավակին, Նա ընթանում է դեպի իր ժողովուրդը, Նա հայտնվել է ու պետք է շարունակի հայտնվել համայն մարդկությանը։ Նշելով այս Յոբելյանը` ուզեցի, որ այն ապրի ոչ միայն Հռոմի մեջ, այլև աշխարհի բոլոր եկեղեցիներում, կարծես թե համայն եկեղեցին միաձայն Տիրոջը գովաբանություն է մատուցում: Այսօր ևս Աստված սրա համար է այցելում իր Եկեղեցին: Մոտենալով Ողորմության դռանը` մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ մոտենում է Հիսուսի ողորմած սրտին, արդարև Նա է իսկական դուռը, որը տանում է դեպի փրկություն և պարգևում նոր կյանք: Ողորմությունը Հիսուսի մեջ կամ մեր մեջ, մի ուղևորություն է, որը մեկնարկում է սրտից և հասնում ձեռքերին, ողորմության ներգործություններին»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը ավարտելով իր խորհրդածությունը: Այնուհետև տարբեր լեզուներով ողջունեց Պողոս Զ անվան սրահում համախմբված ուխտավորներին, հատուկ ողջույնի խոսք ուղղեց երիտասարդներին, հիվանդներին և նորապսակներին` նրանց խրախուսելով լսել Հիսուսի խոսքն ու Նրա մեջ գտնել ներքին ուժ, ապա Նրա առաքելական նվիրումով ըմբռնել ընտանիքի մէջ քրիստոնեական դաստիարակության կարևորությունը։

Օրացույց

Օրացույց