Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդությամբ, Հայկական Կարիտասն իր ներդրումը կունենա ՀՀ սոցիալական ծրագրերի ռազմավարության մշակման գործում:
11 օգոստոսի, 2016թ.
Կարիտաս Եվրոպան հոդվածներ է հրապարակել Հայկական Կարիտասի գործունեության մասին: Ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ հարցազրույցը՝ գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի հետ:
«Հայկական Կարիտաս»-ը մոտենում է իր պատմության շրջադարձային պահին: 2017-2019 թ․թ․ ընթացքում Հայաստանի կառավարությունը որոշում կկայացնի` տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաների ու պատանիների հոգածությանը եւ պաշտպանությանը վերաբերող ազգային կանոնակարգերի մասին:
«Հայկական Կարիտասը» գործադրում է բոլոր ջանքերը` խթանելու սեփական մոդելների զարգացումը` որպես լավագույն տարբերակ Հայաստանի բնակչության կարիքների համար: «Հայկական Կարիտաս»ը ամեն տարի ծառայում է մոտ 150,000 մարդու՝ 45 ծրագրերի եւ հինգ մարզերում գործող 9 մշտական կենտրոնների միջոցով (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ եւ Երեւան): «Հայկական Կարիտասը» ծառայում է երկրի ընդհանուր բնակչության ավելի քան 5% -ին եւ երկրում աղքատների ընդհանուր թվի ավելի քան 11%-ին (բնակչության 37% -ը): Այս տպավորիչ թվերը ձեռք են բերվել անձնակազմի ընդամենը 200 անդամների եւ 80 կամավորների աշխատանքով:
Այս ձեռքբերումները բնութագրել են «Հայկական Կարիտաս»-ին՝ որպես Հայաստանում աղքատ բնակչությանը բարձրորակ սոցիալական եւ առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն:
Գագիկ Տարասյանը «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրենն է: Նա հպարտ է վերոնշյալ արդյունքներով: Սակայն, նաեւ գիտի, որ հանգստանալու ժամանակը չէ: Առաջիկա տարիները լի են քաղաքական որոշումներով, որոնք չափազանց կարեւոր են «Հայկական Կարիտաս»-ի համար: Հետեւաբար, Գագիկը եւ նրա թիմն արդեն աշխատում են 2017-2019 թթ. շահերի պաշտպանության եւ հաղորդակցման համապարփակ ռազմավարության մշակման վրա: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդելու «Հայկական Կարիտաս»-ի դիմագիծը եւ բարձրացնելու աշխատանքի վերաբերյալ իրազեկությունը՝ երկրում եւ արտասահմանում հայ բնակչության, ինչպես նաեւ շահառուների եւ որոշում կայացնողների շրջանում:
-«Հայկական Կարիտաս»-ի աշխատանքը մինչ օրս իսկապես տպավորիչ թվեր է ներկայացնում: Ինչպե ՞ս կբնութագրեք աշխատանքը եւ գործընթացները, որոնք ընկած են այս հաջողության հիմքում:
Գագիկ Տարասյան– Այս արդյունքներն ավելի քան 20 տարվա քրտնաջան աշխատանքի պտուղներն են: Շատ հպարտ եմ դրա համար եւ շնորհակալ եմ մեր բոլոր աշխատակիցներին եւ կամավորներին՝ իրենց նվիրվածության համար: Փնտրել դոնորներ, գտնել վայրեր, որտեղ հնարավոր կլինի մատուցել ծառայություններ, վարձել լավագույն մասնագետներ: Հրաշալի ապրումներ են եղել: Իսկ դրա լավագույն մասն այն է, որ օգնում ենք մարդկանց, նույնիսկ փոխում ճակատագրեր: Հարյուր հազարավոր հայեր, ովքեր ապրում են աղքատության եւ սոցիալական մերժման մեջ, «Հայկական Կարիտաս»-ում գտել են իրենց ամենատարրական կարիքների լուծումները:
-Եվ հիմա «Հայկական Կարիտաս»–ը սպասում է 2017-2019 թթ–ի ժամանակաշրջանին: Այս տարիների ընթացքում կառավարությունը կարող է ճանաչել տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաների եւ պատանիների խնամքի եւ պաշտպանության «Հայկական Կարիտաս»–ի մոդելները՝ որպես վերարտադրելի մոդելներ, որոնք կարող են օգտագործվել համազգային մակարդակում՝ պետական հաստատությունների կողմից: Բացի այդ, «Հայկական Կարիտաս»–ը հույս ունի կառավարության կողմից ստանալ իր ընթացիկ ծրագրերի համաֆինանսավորում՝ 10%-ի չափով: Ինչպե՞ս եք պատրաստվում հասնել այս երկու նպատակներին:
Գագիկ Տարասյան– Այո’, մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը պետական մարմինների եւ տեղական իշխանությունների հետ: Դա փաստ է, որ մեր մոդելը լավագույնն է երկրում եւ նույնիսկ ամբողջ Կովկասում: Նրանք էլ գիտեն դա: Պետք է համոզվենք, որ ոչ ոք չի համոզի նրանց ընտրել ավելի էժան, բայց պակաս որակյալ տարբերակներ: Դա ամոթալի կլինի Հայաստանում աղքատության մեջ ապրող 1.1 մլն մարդու համար: Այսպիսով, հիմա մեր գործն է պնդել, պնդել, եւ նորից պնդել, որ կառավարութան քաղաքականության հիմքում ընկած լինի մարդ անհատը եւ պետք է լրացվեն մեր սոցիալական քաղաքականության մեջ առկա բացերը` առաջարկելով բարձրորակ լուծումներ: Պետք է պնդենք, որ այնպիսի ծրագրերում ներդրումներ կատարելը, ինչպիսիք մերն են, նշանակում է ներդրումներ կատարել երկրի ապագայի համար:
Ինչ վերաբերում է համաֆինանսավորմանը, դա կարեւոր քայլ կլինի՝ մեր ծրագրերի երկարաժամկետ կայունության, եւ, հետեւաբար, նման ծառայությունների կարիք ունեցող մարդկանց համար:
-Շահերի պաշտպանության նման ինտենսիվ մակարդակի պահպանումը երեք տարի շարունակ, հավանաբար, շատ դժվար կլինի մի կազմակերպության համար, որն ունի սահմանափակ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ: Ինչպե ՞ս եք պատրաստվում հաղթահարել դա:
Գագիկ Տարասյան– Ունենք մի քանի գաղափարներ: Վերջերս կամավորների հավաքագրման հանրային կոչ ենք կատարել, որպեսզի օգնեն մեզ: Առաջին անգամն էր, որ այդպես վարվեցինք: Եվ արդյունքները տպավորիչ էին: Ունենք բարձր որակավորում ունեցող երիտասարդների հարյուրավոր դիմումներ: Հրավիրել էինք նաեւ պրակտիկանտների եւ մեծ թվով ստաժորների, ովքեր փափագում են հետագայում նույնպես աշխատել «Հայկական Կարիտաս»-ի հետ: Մտադիր ենք նաեւ ֆինանսական աջակցություն խնդրել մեր ցանցում եղած քույր կազմակերպություններից:
Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում նրանց կապ հաստատել ինձ հետ, եթե ցանկանում են ներգրավվել այս հիանալի եռամյա փորձի մեջ: 2017 – 2019 թվականները կարող են լինել «Հայկական Կարիտաս»-ի տարիները Հայաստանում: Կարող ենք ավելի ուժեղ դառնալ եւ, հետեւաբար, ամբողջ Կարիտաս Եվրոպան կարող է լինել շատ ավելի ուժեղ: Ինչպես Ֆրանցիսկոս Պապն ուխտագնացություն կատարեց առաջին քրիստոնյա պետություն եւ աղավնիներ բաց թողեց, այնպես էլ ցանկանում ենք, որ Սրբազան Քահանայապետի հետեւորդներն այցելեն մեր հինավուրց ու գեղեցիկ երկիր եւ աջակցեն հայ ժողովրդի ներուժին:
Նյութը տրամադրել է Հայկական Կարիտասի Հասարակայնության հետ կապերի բաժինը (պատասխանատու՝ Մարինա Բազաևա):