• Զմմառի վանքում Երանելի Իգնատիոս Մալոյանին նվիրված ամֆիթատրոնի բացման հանդիսությունը

    «Երանելի Մալոյանը երկինքից թող հաճի ընդունել և օրհնել այս կառոյցը…».Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարք


    11 օգոստոսի, 2016թ.

    Նյութը քաղվել և արևելահայերների է վերածվել «Ազդակ» օրաթերթի կայքից:

     

    2016թ. օգոստոսի 7-ին Հայ Կաթողիկէ Զմմառի վանքում` հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ տեղի ունեցավ Զմմառու պատրիարքական կղերի միաբանության նահատակ երանելի Իգնատիոս արք. Մալոյանին նվիրված ամֆիթատրոնի բացման պաշտոնական հանդիսությունը՝ նախագահությամբ և հովանավորությամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի:

     

    Հանդիսությանը ներկա էին Մարոնիտ Կաթողիկէ համայնքի Պշարա Ռայի պատրիարքը, Լիբանանի մեջ պապական նվիրակ գերապայծառ Գաբրիել Քաչիան, Անտիոքի և համայն արևելքի կաթողիկէ համայնքի Գրեգորիոս Գ. Լահհամ պատրիարքը, Մեծի Տանն Կիլիկոյ Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչ`Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, վեր. Րաֆֆի Մսրլյանը, Լիբանանի մեջ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ պատվիրակ Հակոբ Բագրատունին, Դատական իշխանության գերագույն խորհրդի նախագահ, դատավոր Ժան Ֆատը, Ընդհանուր ապահովության տնօրեն, հազարապետ-զորավար Աբբաս Իբրահիմի ներկայացուցիչ Էլի Մալյանը, պետական պատվիրակներ, նախարարներ, հոգևորականներ, միությունների, կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր:

     

    Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի ձեռամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ քողազերծվեց երանելի Իգնատիոս արքեպս. Մալոյանի արձանը և ապա կատարվեց նրա օծումն ու օրհնությունը:

     

    Զմմառու միաբանությունից բացման խոսքով հանդես եկավ եղբ. Գրիգոր Բոյաջյանը: Նա ողջունեց ներկաներին և ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ծրագրված և երանելի նահատակ Իգնատիոս արք. Մալոյանի անվամբ կառուցված շքեղ ամֆիթատրոնի բացման հանդիսությունը անմահացնում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ օսմանյան յաթաղանի տակ անշնչացած Զմմառու միաբան հայրերի հիշատակը, ինչպես նաև հայ ազգի բյուրավոր նահատակներին և հավատքի համար ընկած մարտիրոսներին ու սրբերին:

     

    Անդրադառնալով աշխարհի ներկայիս քաղաքական ու տնտեսական ճգնաժամային իրավիճակին և դրա հետևանքով կատարված գաղթին`նա հայտարարեց, որ հայ ժողովուրդը իր պապերի անմար հավատքի զորությամբ է կերտում համազգային նորանոր հաղթանակներ: Գ. Բոյաջյանը իր խոսքը եզրափակեց Իգնատիոս արք. Մալոյանի քաջալերական թելադրանքով. «Գալիս ենք հորդորելու, որպեսզի ամուր պահեք ձեր հավատը, ու ձեր հույսը հաստատեք Պետրոս-Վեմի վրա բարձրացրած Խաչի նկատմամբ: Վեմ, որի վրա Հիսուս  Քրիստոս հիմնեց իր անմար ու հաստատուն եկեղեցին»:

    bz16-978

    Ելութ ունեցաւ «Կռունկ» պատրիարքական երգչախումբը` խմբավարությամբ դոկտ. Եդուարդ Թորիկյանի, ներկայացրեցին «Սրբերի աչքեր» և «Պետք ունենք քեզի» երգերը: Իսկ «Էն. Տի. Եու» համալսարանի երգչախումբը` խմբավարությամբ հայր Խալիլ Ռահմէի, ներկայացրեց «Ռուհմաքա իլահի» եւ «Քատիշա» շարականները:

     

    Հանդիսության ընթացքում ելույթ ունեցան Հոգշն. Հ. Մովսես վրդ. Տոնանյանը և Հոգշն. Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը, ովքեր փաստեցին, որ Զմմառու պատրիարքական կղերի միաբանությունը, առաջնորդությամբ և օրհնությամբ ամենապատիվ կաթողիկոս պատրիարքների, գործադրում է ամեն ջանք երանելի Մալոյանի սրբադասման դատի օր առաջ իրականացնելու և 14 նահատակ միաբաններին երանացնելու համար` Զմմառու վանքի արխիվներից տեղեկություններ հավաքելով և ներկայացնելով Վատիկանի սրբադասման ատյանին: Նրանք նկատեցին, որ վերջերս Վատիկանի արխիվներից բացահայտվել է տեղեկություն առ այն, որ 1915թ.  Հայոց եղեռնի օրերին Բենեդիկտոս ԺԵ Սրբազան Քահանայապետը անձամբ է միջամտել Մուհամեդ սուլթանին, սակայն Պապի բողոքը անպատասխան է մնացել: Վատիկանի արխիվների համաձայն, այն օրերի Կ. Պոլսի պապական նվիրակը ևս հայ եպիսկոպոսների մասին տեղեկություններ է հավաքել ֆրանցիսկյան, դոմինիկյան և հիսուսյան միսիոներներից, որոնք ականատես ու ականջալուր են եղել այդ արհավիրքներին: Դիվանական նյութերով և արխիվային փաստաթղթերով ապացուցել են, որ զմմառյան առաքյալ վարդապետները, ովքեր պաշտոնավարել են այդ ատյանում Օսմանյան կայսրության զանազան քաղաքներում, ենթարկվել են տարագրության, կոտորածի և աքսորի: Միաբան հայրերը Արևմտյան Հայաստանի մեջ հերոսաբար իրենց արյունը թափեցին հանուն կրոնի ու հայրենիքի և արժանացան նահատակության պսակին: Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Յովհաննես Պողոս Բ Պապը և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը անձամբ այցելեցին մայր Հայաստան և դատապարտեցին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը, որը մինչև օրս չի ընդունվել ու ճանաչվել Թուրքիայի կողմից:

     

    bz16-1078 (1)

    Նրանց խոսքով, 1749թ. հիմնված Զմմառու պատրիարքական միաբանությունը հանդիսանում է համայն հայության և հատկապես լիբանանահայության առաջին փարոսը` ի սպաս քրիստոնյա կրոնի պահպանման և հայ մշակոյթի, գրականության և արվեստի ծաղկման:

     

    Ելույթ ունեցավ Մարոնի համայնքի Պշարա Ռայի պատրիարքը: Նա հայտնեց իր ուրախությունը՝ այս հանդիսությանը մասնակցելու համար և երանելի Մալոյանի բարեխոսությամբ Աստծուց խնդրեց, որ զմմառյան պատմական կառույցին պարգևի բարիք, բարգավաճում և զարգացում:

     

    Պշարա Ռայի պատրիարքը ասաց, որ 2015թ. մեկուկես միլիոն հայերի, ինչպես նաև ասորի և քաղդէացի նահատակների արյունը դարձավ քրիստոնեական սերմ, որով բոլոր եկեղեցիները իրենց մնացած հավատացյալներով կրկին աճեցին, մեծացան ու տարածվեցին աշխարհով մեկ` պահելով իրենց միասնականությունը, ավանդույթներն ու սովորությունները:

     

    Մարոնիտների պատրիարքը անդրադառնալով Միջին Արևելքի կացությանը և ասաց, որ այսօր քրիստոնյաները, հատկապես, Սիրիայում և Իրաքում, ապրում են  ցեղասպանություններ՝ ծայրահեղ իսլամական խմբավորումների, ահաբեկչական կազմակերպությունների բարբարոսությունների և մեծ պետությունների շահերի պատճառով, ապա հաստատեց, որ քրիստոնյա եկեղեցիները պետք է հաստատուն մնան, կրկին պետք է աճեն ու մեծանան իրենց նահատակների արյունով` շաղախված Հիսուսի արյամբ ու Նրա հարության ուժով:

     

    Նա ասաց. «Մենք` Միջին Արևելքի քրիստոնյաներս, նկատում ենք, որ մեր ներկայությունը Արևելքում խիստ կենսական է: Քրիստոնեությունը իսլամից 600 տարի առաջ  իր մտավոր, աստվածաբանական և քաղաքակրթական բեղուն գործունեությամբ,  արաբական Արևելքը հարստացրեց  մարդկային,  մշակութային, պատմական և գիտական ուշագրավ ձեռքբերումներով, միաժամանակ դարձավ կամուրջ Արևմուտքի հետ` պահելով մշակութային և գիտական առողջ հարաբերություններ: Փոխադարձաբար նկատում ենք, որ իսլամը իր հարուստ ու բազմաբնոյթ արժեքներով անհրաժեշտություն է արաբական աշխարհի համար, պայմանով, որ կասեցնի ահաբեկչական կազմակերպությունների կողմից Աստծո և իսլամի անունով բռնության գործադրումը: Մենք և մահմեդականները հրավիրված ենք պահելու Արևելքի արաբական գեղեցիկ դիմագիծը` հաշվի առնելով  կրոնական, դավանական, լեզվական, ցեղային բոլոր տարբերությունները»:

     

    Նա ասաց, որ հայերը և քրիստոնյաները Լիբանանի մէջ կառչած են մնում խաղաղ համակեցության սկզբունքին, մշակութային և կրոնական բազմազանության առումով միշտ դրական դեր ունեն պետության մեջ, որը պատկանում է արաբական ընտանիքին և պահպանում է հավասարակշռությունը բոլոր պետությունների հետ, աշխատում է խաղաղության, արդարության և ներքին միասնականության իրականացման համար:

     

    Նա ասաց. «Հայ ժողովրդի զավակների հետ, որոնք հանդիսանում են այս երկրի պաշտպանը, երանելի Մալոյանի արձանի առջև կուսակցություններից և քաղաքական խմբավորումներից պահանջում ենք օր առաջ ընտրել Լիբանանի նախագահին», ապա եզրափակեց. «Մեր աչքերը, միտքն ու սրտերը հառում ենք դեպի երկինք և նահատակ սրբերից խնդրում, որ ամրապնդեն Արևելքի քրիստոնյաների կամքը և չարին դիմակայելու ուժ տան` Հիսուսի խաչի զորությամբ և հարությամբ»:

     

    Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա վեհափառ հայրապետի խոսքը կարդաց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը. «Երանելի Իգնատիոս Մալոյանին նվիրված ամֆիթատրոնի բացման հանդիսությունը չպէտք է դառնա սովորական ձեռնարկ: Այս ձեռնարկը հիշեցնում է մեր ժողովրդի զավակներին, ինչպես նաև մեր շրջապատին, որ 1915թ. ցեղասպան թուրքը այս ժողովրդի դեմ ցեղասպանություն ծրագրեց ու գործադրեց: Ցեղասպանը խտրականություն չդրեց հոգևորականի կամ աշխարհականի, այրիի կամ կնոջ, մեծի կամ փոքրի միջև: Հարյուրավոր հոգևորականների կողքին նահատակվեց նաև երանելի Իգնատիոս արք. Մալոյանը»:

     

    Ցեղասպանությունից հետո անհայրենիք ու անտուն դարձած և աշխարհի չորս ծայրերը ցրված հայ ժողովուրդը հավատարիմ մնաց իր նահատակների նվիրական կտակին, չմոռացավ իր իրավունքների ձեռքբերման մասին` այն վերածելով ամենօրյա տագնապի ու պայքարի:

     

    «Անցնող 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչումը ժողովրդի բոլոր զավակների համար դարձավ առաջնահերթություն: Միասնական ոգով, խոր հավատքով և ամուր վճռականությամբ հետապնդեցինք մեր դատը` արդարություն պահանջելով: Հայոց ցեղասպանության ճանաչման ոսկե շղթայի վերջին օղակը հանդիսացավ հանդուգն ոգով, քաջ կեցվածքով և խոր համոզմունքով Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը Վատիկանում և Երեւանում»:

     

    «Արդարությունը աստվածատուր պարգև և իրավունք է, հետևաբար ոչ ոք իրավունք չունի այն խլելու իր նմանից: Անարդարությունը մեղանչում է Աստծո նկատմամբ, իսկ արդարության համար պայքարելը աշխարհի բոլոր կրոնների համար հիմնական առաջնահերթություն է: Հայ ժողովուրդը կոչված է վերանորոգ հավատքով ու ամուր հանձնառությամբ շարունակելու իր պայքարը հանուն արդարության:

     

    «2015թ., իբրև մեկ ազգ, նշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հիշելը, հիշեցնելն ու պահանջելը դարձնելով մեր մտածումների ու աշխատանքների մղիչ ուժը: Ցեղասպանությանը զոհ դարձած նահատակների հավաքական սրբադասումը և Իգնատիոս արք. Մալոյանին «երանելի» հռչակելը պետք է ավելի ամրացնեն ու խորացնեն մեր քրիստոնեական հավատքն ու նահատակների նկատմամբ մեր հավատարմությունը:

     

    Սրբացած և երանացած նահատակների արյունը մեր ժողովրդի համար պետք է դառնա աղբյուր՝ հոգևոր վերանորոգման ու ազգային վերազարթոնքի»:

     

    Այնուհետև ելույթ ունեցավ Անտիոքի և համայն արևելքի կաթողիկէ համայնքի Գրեգորիոս Գ. Լահհամ պատրիարքը, ով ասաց, որ Եկեղեցու առաքելությունը հիմնված է առաքյալների և նահատակների  արյան ու վկայության վրա: Եկեղեցին, առանց նահատակնեերի և նրանց վկայության, եկեղեցի չի համարվում: «Մեր նահատակները մեր հավատքի հայրերն են, մեր նահատակները մեր առաջնորդներն ու ուսուցիչներն են՝ հավատքի ճանապարհին: Մենք հպարտ ենք մեր նահատակներով և նրանց հիշատակը հոգևոր տոն է մեզ համար»:

     

    Լահհամ պատրիարքը իր խոսքում հիշելով Հայոց ցեղասպանության նահատակներին՝ ասաց, որ նրանք հպարտության պսակ են Հայ Եկեղեցու համար: Նա նշեց, որ պետք չէ վախենալ նահատակությունից, պետք է կրթվել ու կրթել գալիք սերունդները նահատակության և վկայության սկզբունքների հիման վրա:

     

    Վկայությունը հավատքի մասնակցություն է, իսկ խաղաղ համակեցությունը լիբանանյան քրիստոնեական-իսլամական պատգամ է ուղղված աշխարհին, որտեղ ահաբեկչական խմբավորումների կատարած վայրագություններն ու արյունահեղությունը ահաբեկում են Արևելքի և Արևմուտքի բոլոր ժողովուրդներին, վտանգում են խաղաղ համակեցության արժեքներն ու սկզբունքները և սպառնում են ապագա սերունդների բարվոք կյանքի ապահովմանը:

     

    Լահհամ պատրիարքը եզրափակեց խոսքը՝ ասելով. «Հայոց Ցեղասպանության հիշատակությունը առիթ է բոլորին հաստատելու, որ սերը ընկերության  մեջ պետք է լինի ավելի զորավոր, քան չարն ու ատելությունը: Քրիստոնեական հավատքը հիմնված է սիրո վրա: Սերը մեծագույն վկայությունն է: Այսպիսին է Հիսուսի վկայությունը: Եթե սիրեցիր, ուրեմն դու վկա ու նահատակ ես, դու հարության զավակն ես»:

     

    Ելույթ ունեցավ Լիբանանում պապական նվիրակ գերապայծառ Գաբրիել Քաչիան: Նա իր խոսքի սկզբում ուրախություն հայտնեց այն վայրում գտնվելու համար, որտեղ չորս տարի առաջ գտնվել է Բենեդիկտոս ԺԶ սրբազան քահանայապետը: Ապա Երանելի Իգնատիոս արք. Մալոյանին նվիրված ամֆիթատրոնի բացման հանդիսության առիթով ասաց, որ երանելիի արձանը խորհրդանշում է  ժողովուրդը, որին փորձեցին ոչնչացնել, բայց չկարողացան, որովհետև հոգին հնարավոր չէ սպանել, հայ ժողովրդի հոգին սերտորեն կապված է գրքի, գրականության, մշակույթի, արվեստի ու  երաժշտության հետ, իսկ խաչքարը, որը ճանապարհն է դեպի երկնային երանություն, խորհրդանշում է նաև նահատակներին, ովքեր դեպի երկինք սլացան:

     

    Պապական նվիրակը իր խոսքի մեջ՝ հիշելով Բենեդիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետի խոսքը Հայոց ցեղասպանության մասին, ասաց, որ Հայոց եղեռնը համաքրիստոնեական ողբերգություն է, որը խտրականություն չդրեց հայ ժողովրդի դավանանքների միջև: Նա  ընդգծեց, որ քրիստոնեական հավատքի մեջ միություն կա՝ դավանանքներից այն կողմ գնացող միություն: Գերապայծառ Գաբրիել Քաչիան եզրափակեց իր խոսքը ասելով. «Երբ քրիստոնյա է տառապում, բոլոր քրիստոնեական եկեղեցիները տառապում են նրա հետ, և ամեն անգամ, որ քրիստոնյան ուրախության մեջ է, այդ ուրախությունն էլ բաժանվում է բոլոր եկեղեցիների կողմից: Սովորենք պաշտպանել մեր հավատքը Սբ. Հարության խորհրդով, և իբրև եղբայրներ ու քոյրեր քայլենք միասին դեպի Աստծո թագավորություն»:

     

    bz16-1800

    Ապա հանդիսության իր պատգամը փոխանցեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը: Նա ասաց, որ հանդիսավոր համախմբումը կազմակերպված է մեծարանքի և երախտագիտության տուրք տալու հերոս նահատակների քաջ հովվին, եկեղեցական կերպարին, որը իր կյանքով ու մահվամբ տվեց վկայությունը իր սիրո ու անսասան հավատքի այն Տիրոջ հանդեպ, որին ուխտել էր իր կյանքը նվիրել դեռահաս տարիքից և հավատարիմ մնաց Նրան իր արյան հեղման գնով: Ամենապատիվ Հոգևոր Տերը նշեց, որ Զմմառու պատրիարքական կղերի միաբանությունը նվիրական պարտականություն է զգացել ձեռնարկելու հուշակոթողի կառուցումն ու նվիրել իր գրկից ելած արժանի անդամներից մեկին`երանելի Իգնատիոս արք. Մալոյանին, ով, հեռու ապրելով հանդերձ իր սիրած վանքից, միշտ կապ է պահպանել նրա և իր մեծավորների հետ:

     

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը ասաց. «Երանելի Մալոյանը երկինքից թող հաճի ընդունել և օրհնել այս կառոյցը, որը կհավերժացնի ո՛չ միայն իր հիշատակը, այլ նաև կլինի կենդանի հրավեր՝ մեզ բոլորիս համար, կղեր թե հավատացյալ, մեր վկայությունը տալու աշխարհին ի նմանություն Ս. Պողոսին»:

     

    Նա հաստատեց, որ նորակառույց ամֆիթատրոնը երբեք չպետք է լինի թատերաբեմ՝ գազանների կեր դարձած քրիստոնյաների, ո՛չ էլ անապատների մեջ դեպի մահ քաշքշված հայ ժողովրդի զավակների,  այլ պետք է լինի սրբավայր, որը բոլորին հրավիրում է դարավոր վանքի կողքը կատարելու հավաքական պաշտամունքը` ծիսական հատկանշական տոներին: «Հորդորում ենք  մեր Զմմառու պատրիարքական կղերի միաբանության վարչական մարմնին, մեր կղերին ու հավատացյալներին, որ արդարացնեն ու արժևորեն այս գեղեցիկ կառույցի գոյությունը` իրենց հավատքի վկայությունը տալով այստեղ, ասաց Հոգևոր Տերը և եզրափակեց.

    «Աղոթում ենք Աստծուն, որ Իր նահատակ երանելի Մալոյանի բարեխոսությամբ հրաշքներ կատարի, որ օր առաջ երանելին արժանանա սրբերի պսակին և դասվի սրբերի շարքին` Ընդհանրական Եկեղեցու գերագոյն հոգևոր պետի կողմից: Օրհնում և օծում ենք այս նոր սրբավայրի խորանը, ինչպես նաև նրա վերևում կանգնած մեզ օրհնող Մալոյանի արձանը և մաղթում ենք, որ այն դառնա ներշնչանքի աղբյուր մեր բոլորի համար` քրիստոնեական հավատքի և արիության մեկական վկաները դառնալու համար»:

     

    Շնորհակալական խոսքով հանդես եկավ Զմմառու պատրիարքական կղերի միաբանության մեծավոր և պատրիարքական փոխանորդ Գաբրիել թ.ծ.վրդ. Մուրադյանը:

     

     

    Նա ասաց, որ որևէ գործի հաջողություն չիրականանում՝ առանց հավաքական աշխատանքի, ապա հայտնեց, որ ամֆիթատրոնի կառուցումը, որը նպատակ ունի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնել սրտի, խղճի և էության մեջ, գալիս է հաստատելու, որ միաբանությունը կառչած պետք է մնա հյուրընկալ Լիբանանի սուրբ հողից: Միաբանությունը իր բոլոր կառոյցներով պետք է շարունակի իր հոգևոր և մշակութային պայծառեցումը:

     

    Գաբրիել թ.ծ.վրդ. Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ Զմմառու միաբանություն տվեց կարողություն և հարատևություն` հակառակ բոլոր դժվարություններին: Շնորհակալություն հայտնեց Զմմառու Տիրամորը, որի շուրջն է կենտրոնանում ցանկացած միաբանի կյանքը:

     

    Գաբրիել թ.ծ.վրդ. Մուրադյանը հուշանվերներով պատվեց երանելի Մալոյանի արձանի քանդակագործ Րաֆֆի Ետալյանին, ամֆիթատրոնի ճարտարապետ Անտուան Ալամին, նվիրատու Անդրեյ Էլիովիցուն և երանելի Մալոյանի արձանը նվիրող Վարուժ Ներկիզյանին:

     

    Պատրաստեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց