«Դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին» (Ղկ․ 12։40)
10 օգոստոսի, 2016թ.
2016թ. օգոստոսի 7-ին կիրակնօրյա քարոզի ժամանակ Քահանայապետն ասաց հետևյալը.
«Բարի´ առավոտ սիրելի´ եղբայրներ և քույրեր։
Այսօրվա Ավետարանական հատվածում Հիսուս Իր աշակերտների հետ խոսում է այն Տեր Հիսուս Քրիստոսի հետ վերջնական հանդիպման մասին, և բացատրում է թե ինչպես է այս հանդիպման սպասումը մեզ առաջ մղում դեպի մի կյանք, որը լի է բարի գործերով։ Ի թիվս այլ բաների, նա ասաց․«Վաճառեցէ´ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք․ եւ ձեզ համար շինեցէ´ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո´չ գողն է մօտենում, եւ ո´չ ցեցը՝ փչացնում» (Ղկ․ 12։33)։
Սա հրավեր է՝ արժևորելու ողորմություն տալը՝ որպես գթության գործ, հույսը անցողիկ բաների վրա չդնելու։ Իրերն օգտագործել առանց դրանց հետ կապվածության ու եսասիրության, բայց ավելի շատ ըստ Աստծո տրամաբանության, ուրիշներին ուշադիր լինելու, սիրո տրամաբանության։ Մենք կարող ենք ունենալ շատ բաներ, կապված լինել փողի հետ, շատ փող ունենալ։ Բայց վերջում մենք չենք կարող այն մեզ հետ վերցնել։ Հիշեցե´ք, որ պատանքը գրպաններ չունի։
Հիսուսի ուսմունքը շարունակվում է հսկման թեմային վերաբերող երեք հակիրճ առակներով։ Հսկումը կարևոր է․ կյանքում լինել ուշադիր և աչալուրջ։
Առաջին առակը ծառաների մասին է, ովքեր ամբողջ գիշեր սպասում են իրենց վարդապետին։ «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի Տէրը, երբ գայ» (Ղկ․12։37)։ Սա Տիրոջը հավատով սպասելու երանությունն է, պատրաստ լինելը՝ ծառայելու պատրաստակամությամբ։ Նա Իրեն ամեն օր ներկա է դարձնում։ Նա թակում է մեր սրտի դռները։ Եվ նա, ով իր դուռը բաց կանի Նրա առջև, օրհնյալ է, քանի որ նա կստանա մի մեծ պարգև։ Իրականում Տերն Ինքը կլինի Իր ծառաների ծառան․ հենց սա է գեղեցիկ պարգևը։ Իր արքայության մեծ խնջույքին, նա Ինքը կանցնի ծառայության։
Այս առակով Հիսուս նկարագրում է կյանքը՝ որպես ակտիվ սպասման հսկում, որը նախորդում է հավիտենականության լուսավոր օրվան։ Աայս օրը մուտք ունենալու համար անհրաժեշտ է լինել պատրաստ, արթուն և զբաղված՝ ուրիշներին ծառայելով, այն սփոփող հեռանկարով, որ «այդտեղ» այլևս ոչ թե մենք ենք ծառայելու Տիրոջը, այլ Ինքն է մեզ հյուրընկալելու Իր սեղանի մոտ։ Այս ամենը ուշադրությամբ հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք, որ այս ամենը տեղի է ունենում արդեն ամեն անգամ, երբ մենք գտնում ենք Տիրոջը՝ մեր աղոթքներում, կամ աղքատներին ծառայելով, և նախ և առաջ Սուրբ Հաղորդության ժամանակ, որտեղ Նա խնջույք է պատրաստում, որպեսզի սնի մեզ իր Խոսքով ու Մարմնով։
Երկրորդ առակն օգտագործում է գողի չնախատեսված այցի պատկերը։ Այս իրավիճակը պահանջում է զգոնություն։ Իրականում, Հիսուս հորդորում է. «Դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին» (Ղկ․ 12։40)։ Աշակերտը նա է, ով սպասում է Տիրոջն ու Նրա Արքայությանը։
Ավետարանը պարզաբանում է այս տեսարանը երրորդ առակով, որը տնտեսի մասին առակն է։ Առաջին տեսարանում տնտեսը հավատով կատարում է իր պարտականությունը և ստանում իր պարգևը։ Երկրորդ տեսարանում տնտեսը չարաշահում է իր իշխանությունն ու ծեծում իր ծառաներին, և սրա համար, Տիրոջ չնախատեսված վերադարձին նա կպատժվի։ Այս տեսարանը նկարագրում է նաև այս հաճախակի իրավիճակը մեր օրերում․շատ անարդարություններ, շատ վայրագություններ և ամենօրյա չարիքներ են ծնվում՝ կյանքի ու այլոց տերը լինելու գաղափարից։ Եվ մենք միայն մեկ Տեր ունենք, չնայած որ նա չի նախընտրում, որ մենք նրան Տեր կոչենք, Նա գերադասում է, որ մենք Նրան Հայր կոչենք։ Մենք ծառաներ ենք, մեղավորներ, որդիներ, բայց նա միակ Հայրն է։
Այսօր Հիսուս հիշեցնում է մեզ, որ հավիտենական երանության սպասելը չի ազատում մեզ աշխարհն ավելի արդար ու ավելի տանելի դարձնելու հանձնառությունից։ Իրականում, հենց մեր՝ հավերժական Թագավորությանը տիրապետելու հույսն է մղում է մեզ աշխատել բարելավելու մեր երկրային կյանքը, հատկապես, մեր ամենաթույլ եղբայրների կյանքը։
Թո´ղ Կույս Մարիամը օգնի մեզ լինել այնպիսի մարդիկ և համայնքներ, ովքեր չեն սահմանափակվում ներկայով կամ ավելի վատ՝ անցյալի նոստալգիկ հիշողություններով, այլ միտված են դեպի ապագան Տիրոջ, դեպի հանդիպումը Նրա հետ, Ով մեր կյանքն ու մեր հույսն է։
(Տիրոջ Հրեշտակը աղոթքը)
Սիրելի´ եղբայրներ և քույրեր,
Ցավոք, մենք դեռ շարունակում ենք Սիրիայից և, հատկապես, Հալեպ քաղաքից լուրեր ստանալ՝ քաղաքացիական զոհերի մասին։ Անընդունելի է, որ այսքան շատ անմեղ մարդիկ, նույնիսկ շատ երեխաներ պարտավոր են վճարել այս հակամարտության գինը, գերտերությունների փակ սրտերի և խաղաղության համար նրանց կամքի պակասի գինը: Մենք մեր աղոթքով ու միասնությամբ մենք մոտ ենք մեր սիրիացի քույրերին և եղբայրներին և նրանց վստահում ենք Մարիամ Աստվածածնի մայրական պաշտպանությանը։
Թարգմանեց Նարինե Գալոյանը