• Աստված միշտ ներում է մեզ, իսկ մենք մեր պարտապանների՞ն…

    «Երբ մենք ուրիշներին ենք պարտք, ողորմություն ենք հայցում, իսկ երբ ուրիշն է մեզ պարտք` մենք արդարություն ենք պահանջում»:


    8 օգոստոսի, 2016թ.

    2016 թ. օգոստոս 4-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, Ասսիզիի Ներումի 800-րդ տարելիցի  ինչպես նաև  Ողորմության Սուրբ տարվա առթիվ  ուխտագնացություն է կատարել Ասսիզացիի Սուրբ Ֆրանցիսկոսի Սրբավայր` այցելելու Սուրբ Ֆրանցիսկոսի վերանորոգված փոքրիկ մատուռը, որն այսօր գտնվում է Սանթա Մարիա Դելի Անջելի մայր տաճարի ներքո: Այն այսօր համարվում է ուխտագնացության վայր:

     

    Նշենք, որ սա Սրբազան Քահանայապետի երկրորդ այցելությունն էր Ասսիզիի սրբավայր, 2013թ. հոկտեմբերի 4-ին կատարած հովվական մեկօրյա այցելությունից հետո:

     

    Ասսիզի ժամանելուց հետո  Ֆրանցիսկոս Պապը   ուղևորվեց  «Սանթա Մարիա Դելի Անջելի (Հրեշտակների Տիրամայր) բազիլիքա` որտեղ «Փորցիունկուլայի» փոքրիկ  մատուռում մի  պահ աղոթքի մեջ ամփոփվելուց հետո, Սրբազան Պապը  մի  խորհրդածություն ներկայացրեց՝  քաղված Մատթեոսի ավետարանից (Գլ. 18, 21-35): Ավետարանում Պետրոս առաքյալը  հարց է տալիս  Հիսուսին, թե «Քանի՞ անգամ պետք է ներեմ եղբորս»

     

    Մեկնաբանելով Ավետարանական վերոհիշյալ  հատվածը` Սրբազան Քահանայապետը  խորհրդածության սկիզբում  ուզեց հիշել այն խոսքերը, որը   Սուրբ Ֆրանցիսկոսը  ավանդության համաձայն արտասանել էր նույն  այդ վայրում, եպիսկոպոսի և բոլոր հավատացյալների ներկայությամբ. «ուզեմ եմ բոլորիդ դրախտ ուղարկել»:

     

    «Ի՞նչ ավելի գեղեցիկ բան կարող էր խնդրել Ասսիզեցիի Աղքատը` եթե ոչ փրկության շնորհը, Աստուծո հետ հավիտենական կյանքն ու անվերջ երջանկությունը, որը  Հիսուս իր մահով և Հարությամբ մեզ համար վաստակեց» – ասաց Ֆրանցիսկոս Պապը՝  հաստատելով, որ Դրախտը ոչ այլ ինչ է, եթե ոչ սիրո խորհուրդ, որը մեզ կապում է Աստծու հետ,  որպեսզի մենք Նրան գոհաբանենք առ հավետ:

     

    «Մենք հավատքի ապրումի մեջ երբեք միայնակ չենք, շարունակեց Սրբազան Քահանայապետը՝ ակնարկելով սրբերի հաղորդության մասին: Հույս ունենալով, որ այս ուղևորությանը  կընկերանան սրբերն ու երանելիները, ինչպես նաև՝ մեր սիրելիները, որոնք պարզությամբ և ուրախությամբ ապրեցին  իրենց հավատքն ու այն վկայեցին իրենց ողջ կյանքի ընթացքում»:

     

    Ապա Նորին Սրբությունը խոսեց  «ներումի» մասին` այն ներկայացնելով  որպես ճանապարհ դեպի  դրախտ։

    Ի՞նչ մեծ պարգև նվիրեց  մեզ Տերը` սովորեցնելով ներել ու ձեռքով դիպչել Հոր ողորմությանը». ասաց  Նորին Սրբությունը ու հիշեց  ավետարանական ընթերցումը` հարց տալով. «Ինչու՞ պետք է ներել մի անձի, ով մեզ  չարիք է պատճառում» և պատասխանեց. «Որովհետև մենք եղանք առաջինները, որ ներում ընդունեցինք»:

     

    Առակը` արդարև ասում է,  «Այնպես ինչպես Աստված մեզ ներում է, մենք ևս  ներելու ենք նրանց, որոնք մեզ չարիք են պատճառում, ճի’շտ «Հայր մեր» աղոթքի մեջ մեր արտասանած խոսքերի նման «Ների’ր  մեր մեղքերը, այնպես ինչպես մենք ենք ներում ուրիշներին…»։

     

    Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել  առակի այն ծառան, որ մեծ պարտք ունի վճարելիք,  այնքան մեծ, որ չի կարող այն փակել։ Մենք ևս, խոստովանարանի մեջ ծունկի գալով քահանայի դիմաց, ուրիշ բան չենք կարող անել` եթե  ոչ, այդ ծառայի խոսքերը կրկնել. «Տե’ր, համբերություն ունեցիր»:

     

    «Աստված չի հոգնում  երբեք իր ներումը մեզ շնորհել, ամեն անգամ,  երբ մենք այն Նրանից հայցում ենք»:

     

    Իր խոսքը շարունակելով՝ Սրբազան Քահանայապետը ընդգծեց, որ այդ ներումը ընդհանրական է։

     

    «Նա, արդարև,  մեր հանդեպ գթասիրտ է և երբեք չի դադառում մեզ սիրել:  Աստծո ներումը սահման չի ճանաչում: Այն ավելի խորն է, այն հասնում է բոլոր նրանց, որոնք իրենց սրտի խորքում ընդունում են իրենց սխալը և ցանկություն են հայտնում վերադառնալ դեպի Աստված: Աստված նայում է  այն սրտին, որը  ցանկանում է քավություն ընդունել…

     

    «Հարց է ծագում, սակայն, արդյո՞ք մենք նայում ենք մեր եղբորը, ով մեր դեմ փոքրիկ հանցանք է գործել»:

     

    Սրբազան Քահանայապետը այս խոսքերով ակնակարկեց առակում նշված այն ծառային, որ պարտապան լինելով հանդերձ`   գթություն ստացավ  թագավորի կողմից, մինչդեռ այդ ծառան իրենից  պարտք վերցրած բարեկամին «կոկորդից  բռնած խեղդելու աստիճան» պահանջում էր, որ պարտքը վճարի, եթե ոչ` նրան  բանտ կնետի:

     

    «Այս իրադարձության մէջ հայտնվում է  բոլոր մեր մարդկային հարաբերությունների ողբերգությունը».  ասաց Սրբազան Քահանայապետը։

     

    «Երբ մենք ուրիշներին  ենք պարտք, ողորմություն ենք հայցում, իսկ երբ ուրիշն է մեզ պարտք` մենք արդարություն ենք պահանջում»:

     

    «Սակայն սա Քրիստոսի աշակերտների քրիստոնեավայել կենցաղը չէ։ Հիսուս մեզ սովորեցնում է  ներել, ու դա անել անսահմանորեն. «Չեմ ասում՝  յոթն անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ յոթը»:

     

     

    «Այսպես պիտի վարվի ձեզ հետ Երկնավոր Հայրը, եթե ձեզնից յուրաքանչյուրը ամբողջ սրտով չների իր եղբորը»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Պապը ասաց.

     

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, ներումը, որի միջոց դարձավ Սուրբ Ֆրանչիսկոսը, այստեղ Փորցիունքոլայում շարունակում է  դրախտ հարուցել ութը դարեր շարունակ»:

     

    Այս Ողորմության Սուրբ տարվա ընթացքում ավելի ակնհայտ է դառնում, թէ ինչպես ներումի ճանապարհը կարող է վերանորոգել Եկեղեցին և աշխարհը։ Ողորմության վկայությունը  այսօրվա աշխարհը ընծայելու պարտականությունն է, որից ոչ մեկը չի կարող խուսափել։ Աշխարհը կարիքը ունի ներումի։ Հայցե՛նք Սուրբ Ֆրանչիսկոսից, որպեսզի մեզ համար լինի բարեխոս և որ մենք չհրաժարվենք  ներումի հեզ նշաններից  եւ ողորմության խոնարհ գործիքներ դառնալուց». իր խոսքը եզրափակեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապը:

     

    Խորհրդածության ավարտին Ֆրանցիսկոս Պապ ողջունեց  ներկա գտնվող եպիսկոպոսներին ու կղերական դասին, որից հետո  ուղևորվեց  Ֆրանցիսկյան միաբանության վանքի բուժարան, ուր հանդիպում ունեցավ այնտեղ խնամվող կրոնավորների, ինչպես նաև բուժարանի անձնակազմի հետ։

Օրացույց

Օրացույց