«Մինչև դու չտաս քո լավագույնը, աշխարհը երբեք տարբեր չի լինի»:
Ստորև ներկայացվում է Սրբազան Քահանայապետի՝ ԵՀՕ-2016 ի օրերի շաբաթ երեկոյան հսկման աղոթքի ժամանակ հնչեցրած ուղերձը: Հսկման աղոթքին ներկա էր մոտ 1.5 մլն. Երիտասարդ:
Հաճելի է գտնվել այստեղ, ձեզ հետ, այս Հսկման Աղոթքի ժամանակ: Իր հզոր և հուզիչ վկայության վերջում, Ռենդը (Ռենդը մի երիտասարդ է, ով իր կյանքի մասին վկայություն տվեց՝ երկու այլ երիտասարդների հետ միասին) մեզանից մի բան խնդրեց: Նա ասաց. «Ես ջերմեռանդորեն խնդրում եմ ձեզանից աղոթել իմ սիրելի երկրի համար»: Նրա պատմությունը, ներառելով պատերազմ, վիշտ և կորուստ, ավարտվեց աղոթքների համար խնդրանքով: Կա՞ ավելի լավ ճանապարհ սկսելու մեր հսկումը, քան աղոթքն է:
Մենք այստեղ ենք եկել աշխարհի տարբեր մասերից, տարբեր մայրցամաքներից, երկրներից, լեզուներից, մշակույթներից և ժողովուրդներից: Մեզանից ոմանք այն երկրների որդիներն ու դուստրերն են, որոնք տարաձայնություններ ունեն և ներգրավված են տարբեր հակամարտությունների և նույնիսկ բաց պատերազմի մեջ: Մյուսները եկել են այն երկրներից, որտեղ խաղաղ է, առանց պատերազմի և հակամարտության, որտեղ աշխարհում տիրող շատ սարսափելի բաներ պարզապես երեկոյան նորություններ են: Բայց մտածե´ք այդ մասին: Մեզ համար, այստեղ, ասօր, գալով աշխարհի տարբեր երկրներից, շատ երիտասարդների ապրած տառապանքներն ու պատերազմներն այլևս անանուն չեն, մի բան, որի մասին մենք կարդում ենք թերթերում: Դրանք ունեն անուն, դրանք ունեն դեմք, դրանք ունեն պատմություն և դրանք մոտ են: Այսօր Սիրիայում տիրող պատերազմը դարձել է մեր շատ սիրելի ընկեր Ռենդի նման մարդկանց և երիտասարդների տանջանքի ու ցավի պատճառը, ովքեր եկել են այստեղ և խնդրում են աղոթել իրենց սիրելի երկրի համար:
Որոշ իրավիճակներ հեռու են թվում այնքան ժամանակ, մինչև որ մենք ինչ-որ կերպ դիպչում ենք դրանց: Մենք որոշ բաներ չենք գնահատում, քանի որ մենք տեսնում ենք դրանք միայն բջջային հեռախոսի կամ համակարգչի էկրանին: Բայց երբ մենք շփման մեջ ենք մտնում կյանքի, մարկանց կյանքի, այլ ոչ թե էկրանի վրա եղած պատկերի հետ, ինչ-որ հզոր բան է տեղի ունենում: Մենք զգում ենք ներգրավված լինելու պահանջը: Տեսնել, որ այլևս չկան «մոռացված քաղաքներ», ինչպես ասաց Ռենդը, բացարձակ անօգնական քույրեր ու եղբայրներ, ովքեր «շրջապատված են մահով ու սպանությամբ»: Սիրելի՛ ընկերներ, ես խնդրում եմ, որ մենք միասին աղոթենք մեր սիրելի Սիրիայում գտնվող ընտանիքների և աշխարհի այլ մասերի պատերազմի տառապյալ զոհերի համար: Մեկընդմիշտ մենք կարող ենք գիտակցել, որ ոչինչ չի արդարացնում քրոջ կամ եղբոր արյունը թափելը, ոչինչ ավելի թանկ չէ, քան քո կողքին գտնվող մարդը: Խնդրելով ձեզ աղոթել այս ամենի համար, ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նատալիային ու Միգելին՝ իրենց կռիվներն ու ներքին հակամարտությունները մեզ հետ կիսելու համար: Դուք պատմեցիք մեզ ձեր պայքարի, նաև այն մասին թե ինչպես ձեզ հաջողվեց հաղթահարել դրանք: Դուք երկուսդ էլ կենդանի նշանն եք այն բանի, թե ինչ է ցանկանում աստվածային ողորմությունը կատարել մեր մեջ:
Հիմա կռիվ անելու կամ ինչ-որ մեկին դատապարտելու ժամանակը չէ: Մենք չենք ցանկանում նահանջել: Մենք չենք ուզում պայքարել ատելության դեմ առավել ատելությամբ, բռնության դեմ առավել բռնությամբ, ահաբեկչության դեմ առավել ահաբեկչությամբ:
Մենք այսօր այստեղ ենք, քանի որ Տերն է մեզ միասին կանչել այստեղ: Մեր արձագանքն աշխարհում տիրող պատերազմին ունի անուն՝ «եղբայրություն», «ընկերություն», «հաղորդություն», «ընտանիք»: Մենք տոնում ենք այն փաստը, որ գալով տարբեր մշակույթներից, մենք հավաքվել ենք միասին աղոթելու: Թող մեր ամենալավ բառը, մեր ամենալավ ապացույցն աղոթքի մեջ մեր միասնությունը լինի: Եկեք մի պահ լռենք ու աղոթենք: Եկեք մեր ընկերների այս վկայությունները դնենք Տիրոջ առջև և բացահայտենք մեզ համար նրանց, ում համար ընտանիքն անիմաստ հասկացություն է, իսկ տունը միայն ուտելու և քնելու համար է, և նրանց, ովքեր ապրում են վախենալով, որ իրենց կատարած սխալներն ու մեղքերը իրենց դարձրել են վտարվածներ: Եկե՛ք Տիրոջ առջև դնենք նաև ձեր սեփական «պայքարը», այն ներքին պայքարը, որը ձեզանից յուրաքանչյուրը կրում է իր սրտում:
…Մենք լսել ենք երեք վկայություններ: Մեր սրտերը հուզվեցին նրանց կյանքի պատմություններից: Հիմա մենք աշակերտների նման տեսանք, թե ինչպես են նրանք ապրել նման պահեր՝ երկար ժամանակ ապրելով մեծ վախ, երբ թվում է, թե ամեն ինչ քանդվում է: Վախն ու տագնապը, որ ծնվել է այն գիտակցումից, որ տունդ լքելը կարող է նշանակել այլևս երբեք չտեսնել սիրելի մարդկանց, վախը՝ քեզ գնահատված և սիրված չզգալու, վախը՝ ընտրության հնարավորություն չունենալու: Նրանք կիսում են մեզ հետ այն նույն ապրումները, որոնց միջով Հիսուսի աշակերտներն են անցել. նրանք զգացել են այն տեսակի վախը, որը միայն մի բանի է հանգեցնում՝ ինքդ քեզ ինքնամփոփ դարձնելն և թակարդի մեջ զգալը: Մեկ անգամ այդ ձևով զգալուց հետո, մեր վախը սկսում է թարախակալվել և անխուսափելիորեն միացնում է մեզ իր «երկվորյակ քրոջը»՝ կաթվածին, կաթվածահար լինելու զգացողությանը: Մտածել, որ այս աշխարհում, մեր քաղաքներում, մեր համայնքներում այլևս չկա մի սենյակ, որտեղ կարող ես մեծանալ, երազել, ստեղծել, հայացքդ սևեռել նոր հորիզոնների, մի խոսքով ապրել, կյանքում ամենավատ բանն է, որ կարող է պատահել մեզ հետ: Երբ մենք կաթվածահար ենք եղած, մենք կորցնում ենք ուրիշներին հանդիպելու, ընկերանալու, երազանքներ կիսելու, ուրիշների կողքից քայլելու գեղեցիկ հեքիաթը:
Բայց կյանքում կա մեկ այլ, նույնիսկ ավելի վտանգավոր տեսակի կաթված: Դրա պատճառը հասկանալը հեշտ չէ:
Ես ցանկանում եմ նկարագրել այն՝ որպես մի կաթված, որը գալիս է բազմոցն ու երջանկությունը իրար հետ շփոթելուց: Այլ կերպ ասած, երջանիկ լինելու համար մեզ ընդամենը մի լավ բազմոց է անհրաժեշտ: Բազմոց, որ օգնում է մեզ հարմարավետ, հանգիստ և ապահով զգալ: Մի բազմոց, որ նման է այն մեկին, որ մենք այսօր ունենք և որն օգտագործվում է մերսման ժամանակ՝ քնելու համար: Մի բազմոց, որը խոստանում է մեզ հարմարավետության ժամեր, այնպես, որ մենք կարողանանք փախչել դեպի վիդեոխաղերի աշխարհ և մեր ժամանակն անցկացնել համակարգչի էկրանի առջև: Մի բազմոց, որ հեռու է պահում մեզ ամեն տեսակի ցավից ու վախից: Բազմոց, որը թույլ է տալիս մեզ մնալ տանը և չզգալ աշխատելու կարիքը և կամ չանհանգստանալ ինչ-որ բանի համար:
«Երջանկության բազմոցը»:
Սա, թերևս կաթվածի ամենավնասակար և նենգ ձևն է, քանի որ կամաց-կամաց, առանց նույնիսկ գիտակցելու, մենք սկսում ենք կռանալ, դառնալ ալարկոտ ու ձանձրալի, իսկ մյուսները, ովքեր, գուցե, շատ ավելի զգոն են քան մենք, բայց ոչ միշտ մեզնից ավելի լավը, մեր փոխարեն որոշում են մեր ապագան:
Ըստ էության, շատերի համար ավելի հեշտ և լավ է ունենալ ալարկոտ ու ձանձրալի երեխաներ, ովքեր երջանկությունը բազկաթոռի հետ են շփոթում: Շատ մարդկանց համար, այս տարբերակն ավելի հարմար է, քան ունենալ այնպիսի երիտասարդներ, ովքեր զգոն են և որոնող, ովքեր փորձում են արձագանքել Աստծո երազանքին և մարդու սրտի անհանգստությանը:
Բայց ճշմարտությունը բոլորովին այլ է:
Սիրելի՛ երիտասարդներ, մենք չենք եկել այս աշխարհ՝ բույսերի վերածվելու համար, հեշտ ապրելու համար, մեր կյանքը հարմարավետ բազմոց դարձնելու համար, որի վրա կարելի է քնել:
Ո՛չ, մենք եկել ենք այս աշխարհ՝ հետք թողնելու համար:
Շատ ցավալի է անցկացնել կյանքն՝ առանց հետք թողնելու: Բայց երբ մենք ձգտում ենք հեշտության ու հարմարավետության, շփոթում երջանկությունը սպառնալիքի հետ, ապա վերջում անշուշտ թանկ գին ենք վճարում.մենք կորցնում ենք մեր ազատությունը:
Սա ինքնին մի խոր կաթվածի տեսակ է, երբ մենք սկսում ենք մտածել, որ երջանկությունը նույնն է, ինչ հարմարավետությունն ու հարմարությունը, որ երջանիկ լինել նշանակում է կյանքը քնած կամ թմրած ապրել, որ երջանիկ լինելու միակ ճանապարհը մշուշի մեջ ապրելն է: Անշուշտ, դեղերը վատ են, բայց կան շատ այլ սոցիալապես ընդունելի դեղեր, որոնք կարող են պարզապես նույն ձևով ստրկացնել մեզ: Այսպես թե այնպես նրանք խլում են մեզնից մեր ամենամեծ գանձը՝ մեր ազատությունը:
Իմ ընկերնե՛ր, Հիսուս համարձակության և հավերժական «ավելիի» Տերն է:
Հիսուս հարմարավետության, պաշտպանության և հեշտության Տերը չէ: Նրան հետևելը պահանջում է մեծ խիզախություն, պատրաստակամություն՝ վաճառելու բազմոցը՝ մեկ զույգ կոշիկ գնելու համար և դուրս գալ նոր, չգծված ուղիներ: Գծել արահետներ, որ բացում են նոր հորիզոններ, որոնք ընդունակ են ուրախություն տարածելու, ուրախություն, որ ծնունդ է առել Աստծո սիրուց և խորանում է ձեր սրտերում ամեն մի սիրո արարքից: Ընտրել Աստծո «խենթության» ուղին, ով սովորեցնում է մեզ հանդիպել Իրեն՝ սոված, ծարավ, մերկ, հիվանդ, դժվարության մեջ գտնվող ընկերոջ, բանտարկյալի, փախստականի ու գաղթականի և մեր հարևանների մեջ, ովքեր իրենց լքված են զգում: Ընտրել մեր Աստծո ուղին, ով քաջալերում է մեզ լինել քաղաքական գործիչներ, մտածողներ, հասարակական ակտիվիստներ: Տեր, ով խնդրում է մեզ մշակել մի տնտեսություն, որը ոգեշնչված է համերաշխությամբ: Բոլոր այն շրջանակներում, որոնցում դուք գտնում եք ինքներդ ձեզ, Տերը հրավիրում է ձեզ բերելու ավետարանական Բարի Լուրը՝ դարձնելով ձեր իսկ կյանքը մի նվեր՝ Իր և ուրիշների համար:
Դուք կարող էիք ասել ինձ. Հայր, սա բոլորի համար չէ, այլ՝ պարզապես, մի քանի ընտրյալների: Ճիշտ է, և այդ ընտրյալները բոլոր նրանք են, ովքեր պատրաստ են՝ իրենց կյանքը ուրիշների հետ կիսելու: Ճիշտ նույն ձևով, ինչպես Սուրբ Հոգին է Պենտեկոստեի օրը վերափոխում աշակերտների սրտերը, նա վարվեց մեր այն ընկերների հետ, ովքեր կիսվեցին իրենց վկայություններով:
Սա՛ է գաղտնիքը, սիրելի՛ ընկերներ, և բոլորիս կոչ է արված կիսվել դրանով: Աստված ինչ-որ բան է սպասում ձեզանից: Աստված ինչ-որ բան է ուզում ձեզանից: Աստված հույս է դնում ձեզ վրա: Աստված գալիս է կոտրելու մեր բոլոր ցանկապատները: Նա գալիս է բացելու մեր կյանքի դռները, մեր երազանքները, մեր աշխարհայացքը: Աստված գալիս է բացելու այն ամենը, որը քեզ փակ է պահում: Նա հուսադրում է քեզ երազել: Նա ցանկանում է ստիպել քեզ տեսնել, որ քեզնով աշխարհը կարող է տարբեր լինել:
Մինչև դու չտաս քո լավագույնը, աշխարհը երբեք տարբեր չի լինի:
Ժամանակները, որ մենք հիմա ապրում ենք, չի կանչում երիտասարդների «ովքեր ամբողջ օրը հեռուստացույցի դիմաց են և վարում են պասիվ կյանք», այլ կոշիկ հագած և առաջ գնալու պատրաստ երիտասարդների: Այն խաղացողներ է վերցնում միայն առաջին շարքից և ոչ մի տեղ չունի նստարան տաքացնողների համար:
Այսօրվա կյանքը պահանջում է ձեզանից՝ լինել պատմության առաջամարտիկներ, քանի որ կյանքը միշտ գեղեցիկ է, երբ մենք ընտրում ենք ապրել այն լիարժեքորեն, երբ մենք մի հետք ենք թողնում: Պատմությունն այսօր կոչ է անում մեզ պահպանել մեր արժանապատվությունը և չթողնել ուրիշներին որոշելու մեր ապագան: Ինչպես որ Տերն արեց Պենտեկոստեի ժամանակ, այնպես էլ ցանկանում է կատարել այն լավագույն հրաշքներից մեկը, որը մենք կարող ենք զգալ: Նա ցանկանում է ձեր, իմ, մեր ձեռքերը դարձնել հաշտեցման, հաղորդության և արարչության նշաններ: Նա ցանկանում է, որ մեր ձեռքերը շարունակեն կառուցել այսօրվա աշխարհը: Եվ Նա ցանկանում է ձեզ հետ կառուցել այդ աշխարհը:
Դուք կարող էիք ասել ինձ. «Հայր բայց ես սահմանափակ եմ, ես մեղավոր եմ, ի՞նչ կարող եմ անել»:
Երբ Տերը դիմում է մեզ, նրան չի հուզում թե, ինչ ենք մենք, ինչ ենք եղել, կամ ինչ ենք արել կամ չենք արել: Այլ հակառակը: Երբ նա դիմում է մեզ, նա մտածում է այն ամենի մասին, որ մենք տալու ենք, այն սիրո մասին, որը մենք ընդունակ ենք տարածելու: Նրա խաղադրույքներն ապագայի վրա են, վաղվա վրա են: Հիսուս մեզ ուղղորդում է դեպի ապագան:
Եվ ահա այսօր իմ ընկերներ, Հիսուս հրավիրում է ձեզ, կոչ է անում կյանքի վրա թողնել ձեր հետքը, պատմության վրա թողնել ձեր հետքը, ձեր սեփականը և ուրիշներինը նույնպես:
Այս օրերի կյանքը մեզ ասում է, որ ավելի հեշտ է կենտրոնանալ նրա վրա, ինչը բաժանում է մեզ, ինչը մեզ առանձին է պահում: Մարդիկ փորձում են մեզ հավատացնել, որ ինքնամփոփ լինելը մեզ ցավից հեռու պահելու ամենալավ միջոցն է: Այսօր, մենք՝ մեծահասակներս, կարիք ունենք ձեզանից սովորելու, թե ինչպես ապրել բազմազանության, երկխոսության մեջ, ընդունել բազմամշակութայնությունը ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն:
Քաջություն ունեցե´ք սովորեցնելու մեզ, որ կամուրջներ կառուցելն ավելի հեշտ է, քան՝ պատեր կառուցելը:
Միասին մենք խնդրում ենք, որ դուք մարտահրավեր նետեք մեզ՝ ընտրելու եղբայրության ուղին: Կառուցել կամուրջներ…Դուք գիտե՞ք, թե որն է այն առաջին կամուրջը, որը պիտի կառուցվի: Դա այն կամուրջն է, որը մենք կարող ենք այսօր և այստեղ կառուցել՝ հասնելով և մեկս մյուսիս ձեռքը բռնելով: Եկե´ք, կառուցե´նք այն հիմա, այստեղ, կամուրջներից այս առաջինը, բռնե´ք մեկմեկու ձեռքը: Սա եղբայրության մեծ կամուրջն է, և կուզենայի, որ աշխարհի իշխանությունները կարողանային սովորել կառուցել այն ոչ թե որպես երեկեյան նորությունների նկար, այլ ավելի մեծ հավիտենական կամուրջներ կառուցելու համար: Թո´ղ այս մարդկային կամուրջը շատ ու շատ կառուցվելիք այլ կամուրջների սկիզբը լինի. այս կերպ այն մի հետք կթողնի:
Այսօր Հիսուս, ով ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքն է, կոչ է անում ձեզ՝ պատմության վրա թողնել ձեր հետքը: Նա, ով կյանքն է, խնդրում է ձեզանից թողնել մի հետք, որը կյանք կբերի ձեզ և մյուսներին: Նա, ով ճշմարտությունն է, խնդրում է մեզ լքել մերժման, բաժանման և դատարկության ուղին: Համաձա՞յն եք: Ձեր գործերով ի՞նչ պատասխան եք տալու Տիրոջը, ով ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը:
Թարգմանեց Նարինե Գալոյանը