• «Ահաբեկչությունն այնտեղ է, ուր տնտեսության կենտրոնը փողն է և ոչ մարդը».Պապի հարցազրույցը ինքնաթիռում

    «Դեն են շպրտել արարչագործության հրաշքը՝ մարդուն և կնոջը, իսկ նրանց փոխարեն դրել են փողը»:


     

    Լեհաստան կատարած առաքելական 15-րդ ճամփորդության ավարտին՝ Կրակովից դեպի Հռոմ թռիչքի ժամանակ, սովորության համաձայն, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպում ունեցավ իր հետ ճամփորդող լրագրողների հետ և պատասխանեց նրանց հարցերին:

     

    Զրույցի սկզբում Նորին Սրբությունը ցանկացավ հատուկ շնորհակալություն հայտնել Հայր Ֆեդերիկո Լոմբարդիին, ով այդ օրն ավարտում էր իր Մամլո քարտուղարի պաշտոնը՝ 10 տարի ծառայելուց հետո:

     

    Լեհաստան  ճամփորդության մասին

     

    Սրբազան Քահանայապետը հույս հայտնեց, որ ճամփորդությունը հաջող անցավ և այն, որ նա  հիացած է լեհ ազգի ջերմ ու մտերմիկ ընդունելության համար:

     

    Անդրադառնալով երիտասարդներին ուղղած իր պատգամներին և այդ պատգամների երիտասարդական ոճին՝ Սրբազան Քահանայապետը հայտնեց, որ ինքը սիրում է երկխոսել երիտասարդների հետ և նրանցից շատ բան է սովորում:

     

    «Նրանք մեր ապագան են և մենք պետք է նրանց հետ երկխոսություն հաստատենք, և դրա համար էր, որ նրանց հանձնարարեցի կապ պահպանել տարեցների հետ, որպեսզի կարողանան տեսնել անցյալի փորձառությունները, պատմությունը, և քաջությամբ ընդառաջ գնալ ներկայիս մարտահրավերներին:  Ես չեմ սիրում լսել այն անձանց, ովքեր ասում են, թե երիտասարդները անիմաստ բաներ են ասում: Մենք ևս շատ անգամներ անիմաստ խոսքեր ենք ասում, նրանք նույնպես: Սակայն, պետք է լսել երիտասարդներին, խոսել նրանց հետ, որովհետև իրենք մեզանից են սովորում, մենք էլ նրանցից: Այդ ճանապարհով պատմությունը կզարգանա առանց փակուղիների»:

     

    Թուրքիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի մասին

    Ֆրանցիսկոս Պապին հարց ուղղվեց Թուրքիայում տիրող իրավիճակի մասին և թե, ինչու՞ մինչև օրս Ինքը ոչ մի հայտարարություն չի արել: Նորին Սրբությունը պատասխանեց, որ Ինքը արտահայտվել է Թուրքիայի մասին, երբ, որ անհրաժեշտ է եղել, անգամ, եթե դա Թուրքիային հաճելի չեղավ և ունեցավ իր հետևանքները:  «Ես դա ասացի, որովհետև վստահ էի (ակնարկը անշուշտ «ցեղասպանություն» եզրույթի մասին էր): Մինչ օրս չեմ խոսել, որովհետև մինչև հիմա վստահ չեմ, թե արդյոք այն տեղեկությունները, որ ստացա հստակ են, թե ոչ,  և իրավիճակը ուսումնասիրվում է Պետքարտուղարությունում: Ճիշտ է նաև, որ պետք է միշտ խուսափել փոքրաթիվ կաթողիկէներին վնաս հասցնելուց, սակայն դա չի կարելի անել ի գին ճշմարտության», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ վերահաստատելով, թե. «Երբ, որ պետք էր Թուրքիայի մասին բան ասել, ասացի»:

     

    Իսլամական ահաբեկչության մասին

     

    Սրբազան Քահանայապետը անդրադարձավ Վենեսուելայում տիրող լարվածությանը և այս կապակցությամբ Վատիկանի միջնորդի դերակատարությանը, խոսեց նաև մի քանի օր առաջ Ֆրանսիայի եկեղեցիներից մեկում վայրագորեն սպանված Հայր Ժակ Համելի մասին`դարձյալ ընդգծելով, որ բռնությունը իսլամին անհրաժեշտաբար բնորոշ չէ: Սրբազան Քահանայապետը ասաց, որ բոլոր իսլամիստները բռնարար չեն, դրա համար էլ ինքը չի խոսի Իսլամական ահաբեկչության մասին: Չմոռանանք, որ բազմաթիվ կաթողիկէներ ևս զանազան հանցանքներ են գործում: Քանի անգամներ օրաթերթերի մեջ կարդում ենք, թե այս ինչը կամ այն ինչը սպանել է իր զոքանչին, կնոջը կամ էլ զավակին: Եվ սրանք կաթողիկէներ են: Սակայն մենք չենք խոսում կաթողիկէ ահաբեկչության մասին:

     

     

    Սակայն կա մեկ իրականություն, որ բոլոր կրոններն էլ ունեն՝ ծայրահեղական խմբավորումները և երբ, կա ծայրահեղություն, կա նաև բռնություն:

     

     

    «Ես առիթ ունեցա զրուցելու Ալ Ազհար համալսարանի ավագ Իմամի հետ և գիտեմ, որ նրանք ևս խաղաղություն են փնտրում»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

     

     

    Նորին Սրբությունը պատմեց, թե ինչպես Աֆրիկյան երկրներում մահմեդականները աղոթում են Եկեղեցիներում՝ Աստծո սրբապատկերների առջև և հարց տվեց, թե արդյո՞ք Եվրոպան հանցավոր չէ, երբ երիտասարդներին զրկում է իդեալներից, ովքեր անգործության պատճառով դիմում են թմրամոլությանն ու խմիչքին, և ապա ընկնում ահաբեկչական կազմակերպությունների ձեռքը, ինչպես օրինակ Իսլամական ինքնահռչակ պետության: «Սրանք էլ սակայն ճշմարիտ մահմեդական չեն, այլ ահաբեկիչներ են, ծայրահեղ խմբավորումներ»,-ասաց Սրբազան Քահանայապետը` ընդգծելով, որ ահաբեկչությունը ծնվում է այն ժամանակ, երբ աշխարհն իր ուաշդրության առանցքում դնում է դրամը և ոչ`մարդ արարածին:

     

     

    «Ահաբեկչությունը զարգանում է, երբ այևս այլընտրանք չկա, և երբ համաշխարհային տնտեսության առանցքը փողի կուռքն է և ոչ մարդը.սա է թիվ մեկ ահաբեկչությունը: Դեն են շպրտել արարչագործության հրաշքը՝ մարդուն և կնոջը, իսկ նրանց փոխարեն դրել են փողը: Սա հիմնարար ահաբեկչություն է՝ ընդդեմ ամբողջ մարդկության: Խորհե՛ք այս մասին».ասաց Նորին Սրբությունը:

     

    Թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը

     

     

     

Օրացույց

Օրացույց