• Հաջորդ Երիտասարդության համաշխարհային օրը տեղի կունենա Պանամայում

    «Այս օրերին մենք զգացինք համընդհանուր եղբայրության գեղեցկությունը ի Քրիստոս»:


     

    Երեք տարի անց՝ 2019թ., Պանաման կդառնա ԵՀՕ անցկացման հաջորդ վայր: Այդ մասին հայտարարեց Ֆրանցիսկոս Պապը «Աստծո հրեշտակը»  աղոթքը կարդալուց առաջ Կրակովում Երիտասարդաց Համաշխարհային Օրվա XXXI եզրափակիչ Պատարագից հետո:

     

     

    «Սիրելի˜ եղբայրներ և քույրեր, այս տոնի վերջում ես կուզենայի միանալ ձեզ բոլորիդ և գոհունակություն մատուցել Աստծուն՝  անսահման ողորմածության Հորը, քանի, որ Նա է մեզ պարգևել ապրելու այս Երիտասարդաց Համաշխարհային Օրը»: «Շնորհակալությու˜ն ձեզ, երիտասարդնե’ր: Դուք Կրակովը լցրեցիք ձեր հավատքի խանդավառությամբ: Սուրբ Հովհաննես Պողոս Բ ուրախացավ Երկնքից և նա կօգնի ձեզ` ամենուր տանելու Ավետարանի ուրախությունը»:

     

     

    «Այս օրերին մենք զգացինք համընդհանուր եղբայրության գեղեցկությունը ի Քրիստոս, Ով մեր կյանքի սիրտն է և հույսը: Մենք լսեցինք Նրա ձայնը, Բարի Հովվի ձայնը: Նա խոսեց ձեզանից յուրաքանչյուրի սրտի հետ, Նա թարմացրեց ձեզ Իր սիրով, թույլ տվեց ձեզ զգալու Իր ներման լույսը, Իր շնորհի զորությունը, – շարունակեց Ֆրանցիսկոս Պապը: Հենց Նա ձեզ թույլ տվեց զգալու աղոթքի իսկությունը: Դա ամենաիրական լիցքավորումն էր  «հոգևոր թթվածնով», որը կօգնի ձեզ ապրել ու քայլել շնորհի մեջ ձեր համայնքեր վերադառնալուց հետո»:

     

     

    «Այստեղ, զոհասեղանի կողքին Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերն է, որը երկրպագում էր Հովհաննես Պողոս Բ-ը Կալվարիի սրբավայրում,- ասաց Ֆրանցիսկոս Պապը: Նա՝ մեր Մայրը, սովորեցնում է մեզ արգասաբեր փորձի մասին, իր օրինակով Մարիամը մեզ սովորեցնում է զուր տեղը չվատնել ստացած շնորհը, այլ այն պահել սրտի մեջ, որպեսզի այն ծաղկի ու պտղաբերի Սուրբ Հոգու օգնությամբ: Այսպիսով, ձեզանից յուրաքանչյուրը, իր սահմանափակումներով ու թերություններով հանդերձ, կարող է վկայել Քրիստոսին այնտեղ, որտեղ, որ ապրում է՝ ընտանիքում, համայնքում, ուսման վայրում, աշխատատեղում, միություններում ու խմբերում, ամեն տեղ, ուր ձեր ճանապարհին ձեզ կուղղորդի Նախախնամությունը»:

     

     

    «Աստծո Նախախնամությունը միշտ նախորդում է մեզ», – ասաց Սրբազան Քահանայապետը: Հաջորդ Երիտասարդաց Համաշխարհային Օրը տեղի կունենա Պանամայում 2019թ-ին», – հայտարարեց Սրբազան Քահանայապետը:

     

     

    Տեղեկություններ Պանամայի մասին

     

    Պանամա

     

    Պետական կարգը՝ Հանրապետություն

    Մայրաքաղաքը՝ Պանամա

    Տարածքը՝ 77,08 հզ. կմ2

    Բնակչությունը՝ 3,4 մլն (2010թ.)

    Պետական լեզուն՝ իսպաներեն

    Կրոնը՝ Քրիստոնեություն

    Դրամական միավորը՝ բալբոա

     

    Պանամա (իսպաներեն՝ Panamá) պաշտոնապես Պանամայի Հանրապետություն (República de Panamá), պետություն Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև։ Սահմանակցում է Կոստա Ռիկայի հետ արևմուտքում և Կոլումբիայի հետ արևելքում։

     

    Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում։ Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը։ Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը։

     

    Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ։ Խոշոր գետը Չագրեսն է։ Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ)։

     

    Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով։ 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը։ 1519 թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը։ Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար։ Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր։ Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ ԱՄՆ-ին։ Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը։ Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր։ Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թվականի հունիսի 12-ին։ Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում։ Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ։ 20-րդ դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում։ 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը։ ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը։ 1977 թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ 1999 թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը։ Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը՝ ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով 1513 թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս։

     

    Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները՝ հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ)։

     

    Էթնո-ռասայական կազմը.

    Մետիսներ – 65 %

    Հնդկացիներ – 12,3 %

    Նեգրեր – 9,2 %

    Մուլատներ – 6,8 %

    Սպիտակամորթներ – 6,7 %

     

    Ծնելիություն – 20,18 ‰ (96 տեղը աշխարհում), մահացություն— 4,66 ‰ (196 տեղը աշխարհում), մանկական մահացություն -12,67 1000 նորածնի հաշվով (139 տեղը), կյանքի միջին տևողությունը – 77,25 տարեկան (74,47 տարեկան տղամարդիկ, 80,16 տարեկան կանայք): Գրագիտության մակարդակը  կազմում է 91,9 % (2000թ. տվյալներով): Քաղաքային բնակչությունը կազմում է 73 %:

     

    Լեզուները

     

    Իսպաներեն (պետական լեզուն), ֆրանսերեն (տիրապետում է բնակչության 18 %), անգլերեն (տիրապետում է բնակչության 14 %), շատ պանամացիներ տիրապետում են մի քանի լեզուների:

     

    Կրոնը

     

    Կաթոլիկները կազմում են երկրի բնակչության 75% – 85%, բողոքականները՝ 15% – 25%: Բողոքականները բաժանվում են Աստծո Ժողովների, Բողոքական Եպիսկոպոսական Եկեղեցու, Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու հավատացյալների: Բնակչության մոտ 2 % դավանում է բախաիզմ, Եհովայի Վկաներ – 1,31 %, մորմոններ – 1,1 %:

     

    Խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը, Դեվիդը, Լաս Տաբլասը։ Պանաման գյուղատնտեսական երկիր է։

     

    Գլխավոր մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, լոբին, մշակում են նաև սրճենի, կակաո, աբակա, շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ և այլն։ Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ։

     

    2012թ-ին The New York Times թերթը հրապարակեց մեր մոլորակի այն վայրերը, որոնք արժեր այցելել գալիք տարում, Պանաման այդ ցուցակում առաջինն էր, երկրորդը՝ Հելսինկին էր, իսկ երրորդը՝ Մյանման էր:

     

     

    Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց