«Դեն նետելու» մշակույթից՝ դեպի «ընդունելու» մշակույթ:
Մի հուզիչ իրադարձություն էր Սրբազան Քահանայապետի 2016թ. հուլիսի 29-ի այցելությունը Յագելլենսկի համալսարանի մանկական հիվանդանոցը՝ Կրակովում: Դա մի մեծ ու լավ կահավորված մանկական հիվանդանոց է Լեհաստանի հարավում, յուրաքանչյուր տարի այստեղ բուժվում են 200.000 երեխաներ, և կատարվում են եզակի, հազվագյուտ վիրահատություններ: Սուրբ Հովհաննես Պողոս II այս հիվանդանոցը այցելել է 1991թ-ին:
Հիվանդանոցում Ֆրանցիսկոս Պապին դիմավորեցին Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն և հիսուն հիվանդ երեխաներ՝ իրենց ծնողների հետ միասին: Սրբազան Քահանայապետը ջերմ ողջունեց նրանց, այնուհետև ուղղվեց դեպի շտապ օգնության բաժանմունք՝ մյուս երեխաներին ևս տեսակցելու համար:
«Ես կուզենայի մի քիչ մնալ յուրաքանչյուր հիվանդ երեխայի անկողնու կողքին, գուրգուրել յուրաքանչյուրին, լսել ձեզանից յուրաքանչյուրին և միասին լռել այն հարցերի շուրջ, որոնք չունեն ուղղակի պատասխաններ: Եվ աղոթել»,- ասաց Սրբազան Քահանայապետը՝ նշելով, որ Հիսուս միշտ հիշում է հիվանդներին. «Նա նայում է նրանց, ինչպես, որ մայրն է նայում իր հիվանդ զավակին, նա իր սրտում զգում է կարեկցանք»:
«Ինչպե՛ս ես կուզենայի, որ մենք՝ քրիստոնյաներս, ի վիճակի լինենեինք Հիսուսի պես լինելու հիվանդների կողքին՝ լռությամբ, քնքշությամբ և աղոթքով: Սակայն, ցավոք, մեր հասարակությունը վարակված է «դեն շպրտելու մշակույթով», որը հակառակ է դիմացինին ընդունելու մշակույթին, և որի զոհերն են հանդիսանում ամենաթույլերն ու խոցելիները: Դա իրոք, որ դաժան է»:
Ըստ Սրբազան Քահանայապետի խոսքերի, քաղաքակրթությունը դառնում է «իրական, մարդկային ու քրիստոնաեական», երբ հասարակական և քաղաքական կյանքը կենտրոնացած է բնակչության առավել խոցելի շերտերի վրա: Սակայն, երբեմն, միայն առանձին ընտանիքներ են նրանց մասին հոգ տանում: Ի՞նչ է պետք անել»:
«Այստեղից, որտեղից, որ երևում է իրական սերը, ուզում եմ ասել. Եկեք բազմապատկենք ընդունման մշակույթի գործերը՝ ոգեշնչված քրիստոնեական սիրով, սիրով՝ դեպի խաչված Հիսուսն ու Նրա մարմնինը: Սիրով և հոգատարությամբ մարդկանց ծառայելը, ովքեր դրա կարիքն ունեն, օգնում է մեզ հասունանալ մարդկության մեջ: Դա մեր առջև բացում է հավերժական կյանքի դարպասները, նա, ով բարեգործություն է անում, չի վախենում մահից»:
Իր խոսքի վերջում Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց և օրհնեց բոլոր նրանց՝ բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության աշխատակիցներին, ինչպես նաև քահանաներին ու կամավորներին, ովքեր իրենց կյանքով պատասխանեցին ավետարանական կոչին՝ «այցելել հիվանդներին»:
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը