«Ողորմությունը միշտ երիտասարդ դեմք ունի»
2016թ. հուլիսի 28-ի երեկոյան Կրակովի Բլոնիա այգում Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր առաջին պաշտոնական հանդիպումն ունեցավ ԵՀՕ երիտասարդների հետ:
Ստորև ներկայացնում ենք Պապի նախօրոք պատրաստված խոսքն ամբողջությամբ՝ ուղղված երիտասարդներին: Սրբազան Քահանայապետը հիմանկանում հետևեց իր տեքստին՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ավելացնելով:
«Բարի՛ երեկո, սիրելի՛ երիտասարդ ընկերներ:
Վերջապես, մենք միասին ենք: Շնորհակալ եմ ձեր՝ ջերմ ընդունելության համար: Ես շնորհակալություն եմ հայտնում Կարդինալ Dziwisz-ին, եպիսկոպոսներին, քահանաներին, հոգևորականներին ու միանձնուհիներին, ճեմարանականներին և բոլոր նրանց, ովքեր ուղեկցում են ձեզ: Ես շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր հնարավոր են դարձրել այսօր մեր այստեղ գտնվելը, ովքեր արել են անհնարինը, որպեսզի մենք կարողանանք տոնել մեր հավատը:
Իր իսկ հողի վրա, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հովհաննես Պողոս 2-րդին, ով այս հանդիպման մտահաղացմամբ առաջինը հանդես եկավ և այսպիսի թափ հաղորդեց դրան: Նա երկնքից հոգով մեզ հետ է և տեսնում է բոլորիդ, այսպիսով, տարբեր ազգերի, մշակույթների պատկանող այսքան շատ երիտասարդներ, միևնույն նպատակն ունենալով, ուրախ են, որ Հիսուս ապրում է մեր մեջ: Ասել, որ Հիսուս կենդանի է, նշանակում է խթանել մեր խանդավառությունը՝ հետևելու Նրան, թարմացնել մեր դառնալու անզուսպ ցանկությունը՝ լինելու Նրա աշակերտները:
Ուրիշ ին՞չ ավելի լավ առիթ կարող է լինել՝ վերականգնելու մեր բարեկամությունը Քրիստոսի հետ, քան ձեր մեջ ընկերական հարաբերություններ ստեղծելը:
Ի՞նչ ավելի լավ ճանապարհ կա Քրիստոսի հետ ընկերանալու, քան՝ Նրան ուրիշների հետ կիսելը: Ի՞նչ ավելի լավ միջոց կա զգալու Ավետարանի վարակիչ ուրախությունը, քան Ավետարանի Բարի Լուրը բերելը՝ բոլոր տեսակի ցավալի և դժվարին իրավիճակներում:
Հիսուս կանչեց մեզ այս ԵՀՕ 2016-ին, Նա ասում է մեզ «Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք պետք է կգտնեն ողորմություն» (Մտթ. 5:7): Իսկապես երանի՛ նրանց, ովքեր կարող են ներել, ովքեր ցույց են տալիս սրտանց կարեկցանք, ովքեր կարող են իրենց բարիքներն ուրիշին առաջարկել: Սիրելի՛ երիտասարդներ, այս օրերին Լեհաստանը տոնական տրամադրության մեջ է, այս օրերին Լեհաստանը ցանկանում է լինել ողորմության երբեմնի երիտասարդ դեմքը: Այս երկրից, ձեր և այն բոլոր երիտասարդների հետ, ովքեր հնարավորություն չունեցան, այսօր ներկա գտնվել այստեղ, բայց միանում են մեզ տարբեր հաղորդակցական միջոցների օգնությամբ, մենք պատրաստվում ենք այս ԵՀՕ-ն վերածելու մի իսկական հոբելյանական տոնակատարության: Իմ եպիսկոպոսական տարիներին ես մի բան եմ սովորել: Ոչինչ ավելի գեղեցիկ չէ, քան տեսնել այն խանդավառությունը, նվիրվածությունը, եռանդը, էներգիան, որով այսքան շատ երիտասարդներ ապրում են իրենց կյանքը:
Երբ Հիսուս դիպչում է մարդու սրտին, նա ունակ է դառնում իրապես մեծ գործեր կատարելու:
Հետաքրքիր է լսել ձեզ, կիսել ձեր երազանքները, ձեր հարցերն ու ձեր անհամբերությունն այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե ոչինչ էլ չի փոխվի: Ինձ համար Աստծո կողմից նվեր է տեսնել ձեզանից շատերին՝ ձեր բոլոր հարցերով հանդերձ, ովքեր փորձում են ինչ որ բան փոխել: Շատ գեղեցիկ և հուզիչ է տեսնել այս անհանգստությունը:
Այսօր Եկեղեցին նայում է ձեզ և ցանկանում սովորել ձեզանից, լինել վստահ, որ Հոր Ողորմությունն ունի այդ միշտ երիտասարդ դեմք և մշտապես հրավիրում է մեզ՝ լինելու իր Թագավորության մի մասը:
Գիտենալով այս առաքելության հանդեպ ձեր խանդավառությունը, ես կրկնում եմ.
Ողորմությունը միշտ երիտասարդ դեմք ունի, քանի որ ողորմած սիրտը հակված է դուրս գալու իր հարմարավետ գոտուց:
Ողորմած սիրտը կարող է դուրս գալ և հանդիպել ուրշների, այն պատրաստ է գրկաբաց ընդունելու յուրաքանչյուրին: Ողորմած սիրտը պատրաստ է ապաստան լինել նրանց համար, ովքեր անտուն են, այն ունակ է տուն կառուցելու և ընտանիք լինելու՝ նրանց համար, ովքեր ստիպված են արտագաղթել, այն գիտի քնքշության և կարեկցանքի նշանակությունը: Ողորմած սիրտը կարող է կիսել իր հացը սովածի հետ և հյուրընկալել անտուններին ու գաղթականներին: Ասել «ողորմածություն» բառը՝ ձեզ հետ միասին, նույնն է, թե ասել հնարավորություն, ապագա, հանձնառու նվիրում, վստահություն, անկեղծություն, հյուրընկալություն, կարեկցանք և երազանքներ: Թույլ տվեք ասել ձեզ մեկ այլ բան, որը սովորել եմ այս տարիների ընթացքում: Ինձ ցավ է պատճառում հանդիպել երիտասարդների, ովքեր, թվում է թե արդեն անցել են «վաղ թոշակի»:
Ես անհանգստանում եմ, երբ տեսնում եմ երիտասարդների, ովքեր պարտվել են նույնիսկ նախքան խաղալ սկսելը, ովքեր խոժոռ դեմքով քայլում են այնպես, ասես կյանքն անիմաստ է: Ավելին, այս երիտասարդները և՛ ձանձրացած են և՛ ձանձրալի: Դժվար, նաև անհանգստացնող է տեսնել երիտասարդների, ովքեր վատնում են իրենց կյանքը՝ սենսացիաներ որոնելով, կամ իրենց կենդանի են զգում՝ ընտրելով խավար ճամփաներ և վերջում վճարում դրա համար…. և վճարում են թանկ: Անհանգստացնող է տեսնել երիտասարդների, ովքեր, վատնելով իրենց լավագույն տարիներն ու էներգիան, վազում են պատրանքներ սիրող մանրավաճառների հետևից, (մեր երկրում նրանց «ծխի վաճառողներ են կոչում») ովքեր գողանում են ձեր մեջ եղած լավագույնը: Մենք հավաքվել ենք այստեղ՝ միմյանց օգնելու, քանի որ մենք չենք ուզում, որ գողանան մեր մեջ եղած լավագույնը: Մենք չենք թողնի, որ անխոհեմ պատրանքը գողանա մեր էներգիան, մեր ուրախությունն ու երազանքները: Այսպիսով, ես հարցնում եմ ձեզ. «Արդյո՞ք դուք կյանքում սին զգացողություններ եք փնտրում, կամ ուզու՞մ եք զգալ մի ուժ, որը կարող է ձեզ տալ կյանքի և ինքնադրսևորման տևական զգացումը»: Դատարկ հուզմունքնե՞րը, թե՞ ողորմածության ուժը: Կա մի ճանապարհ՝ ինքնադրսևորվելու, ձեռք բերելու նոր ուժ: Այն ոչ թե իր կամ առարկա է, այլ մարդ է, և նա կենդանի է: Նրա անունը Հիսուս Քրիստոս է: Հիսուս կարող է տալ ձեզ կյանքի ճշմարիտ սերը: Հիսուս կարող է ոգեշնչել մեզ ոչ թե բավարարվել քչով, այլ մեր ունեցած լավագույնը: Հիսուս մարտահրավեր է նետում մեզ, դրդում և օգնում է չդադարել փորձել նույնիսկ այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք հանձնվել:
Հիսուս դրդում է մեզ վեր հառել մեր հայացքները և երազել մեծ բաների մասին:
Ավետարանում մենք տեսնում ենք, թե ինչպես Հիսուս, իր Երուսաղեմ գնալու ճանապարհին կանգ առավ Մարթայի, Մարիամի և Ղազարոսի տանը և ինչպես նրան դիմավորեցին: Նա կանգ առավ, ներս մտավ և նրանց հետ ժամանակ անցկացրեց: Երկու կանայք ընդունեցին Նրան, քանի որ գիտեին, որ Նա բաց է և ուշադիր: Մեր շատ գործեր ու պարտականություններ մեզ մի փոքր դարձնում են Մարթայի նման, զբաղված, ցրված, անընդհատ մի տեղից մյուսը վազելով, բայց մենք նաև կարող ենք լինել Մարիամի նման: Երբ տեսնում ենք ինչ-որ գեղեցիկ բնապատկեր, կամ հեռախոսով նայում ենք ընկերոջից ստացված մի տեսահոլովակ, մենք կարող ենք կանգ առնել և մտածել, կանգ առնել և լսել: Այս օրերին Հիսուս ցանկանում է կանգ առնել և մտնել մեր տուն: Նա կնայի մեզ, շտապելով իմանալ մեր բոլոր մտահոգությունների մասին, ինչպես արեց Մարթայի հետ և Նա կսպասի մեզ, որպեսզի մենք լսենք Նրան, ինչպես որ Մարիամն արեց, որպեսզի տեղ տանք Նրան այս կյանքի աղմուկի մեջ: Թող այս օրերը ծառայեն Հիսուսին և մեկս մյուսիս լսելուն: Թող այդ օրերն օգնեն մեզ ողջունելու Հիսուսին բոլոր նրանց մեջ, ում հետ մենք կիսում ենք մեր տները, մեր թաղամասերը, մեր խմբերն ու դպրոցները: Ով, որ ողջունում է Հիսուսին, սովորում է Նրա պես սիրել: Եվ նա հարցնում է մեզ, թե արդյո՞ք մենք լիարժեք կյանք ենք ուզում: Դուք կատարյալ կյա՞նք եք ուզում: Սկսեք՝ թույլ տալով ինքներդ ձեզ լինել բաց և ուշադիր: Քանի որ երջանկությունը սերմանվում է և ծաղկում ողորմության մեջ: Սա է Նրա պատասխանը, Նրա առաջարկը, Նրա մարտահրավերը, Նրա արկածախնդրությունը՝ Ողորմությունը: Ողորմությունը միշտ երիտասարդ դեմք ունի: Ինչպես որ Մարիամը Բեթանիայից, ով, որպես աշակերտ նստեց Հիսուսի ոտքերի առջև և ուրախությամբ լսեց նրա բառերը, և այդ պահից հասկացավ, որ այդտեղ կարող էր գտնել խաղաղություն: Ինչպես Նազովրեցի Մարիամը, ում համարձակ «Այոն» սկիզբ դրեց նրա ողորմության ճամփորդությանը: Բոլոր սերունդները նրան երանելի պիտի կոչեին, մեզանից յուրաքանչյուրի համար Նա «Գթության Մայրն» է:
Ուրեմն, բոլորս միասին, խնդրում ենք Աստծուց. «Բա՛ց մեր առջև Ողորմության արկածախնդրության ճանապարհը, որպեսզի մենք կամուրջներ կառուցենք և քանդենք պատերը, արգելքներն ու փշալարերը:
Օգնի՛ր, որ սկսկենք արկածախնդրության ճանապարհը՝ օգնելու աղքատներին, ովքեր միայնակ ու լքված են զգում, կամ այլևս չեն գտնում իրենց կյանքի իմաստը»:
Ուղարկի՛ր մեզ, ինչպես Բեթանիացի Մարիամին, ուշադիր լսելու նրանց, ում չենք հասկանում, նրանց, ովքեր պատկանում են այլ մշակույթի և ազգի, նույնիսկ՝ նրանց, որոնցից մենք վախենում ենք, քանի որ նրանց սպառնալիք ենք համարում:
Դարձրու՛ մեզ ուշադիր մեր տարեցների նկատմամբ, ինչպես որ Մարիամ Նազովրեցին էր՝ Եղիզաբեթի նկատմաբ, որպեսզի նրանցից իմաստություն սովորենք:
Մենք այստեղ ենք, Տե՛ր: Ուղարկի՛ր մեզ տարածելու Քո ողորմած սերը: Մենք ցանկանում ենք մեր մեջ ողջունել քեզ այս ԵՀՕ-ի օրերին:
Մենք ցանկանում ենք հաստատել, որ մեր կյանքը լիարժեք է, երբ այն ձևված է ողորմությամբ, և որ այն մեր կյանքի ավելի լավ մասն է և որը երբեք չեն խլի մեզանից»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը