• Աստված սիրում է աննշաններին. Քահանայապետի քարոզը Չեստոխովայում

    Սրբազան Քահանայապետը 2016թ. հուլիսի 28-ին Սբ. Պատարագ մատուցեց Չեստոխովայում, Լեհաստանի մկրտության 1050-րդ հոբելյանի առթիվ:


    Ստորև ներկայացնում ենք մի հատված՝ Լեհաստանի մկրտության 1050-րդ տարելիցին նվիրված Շեստոխովայում մատուցած Սուրբ Պատարագի ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետի  քարոզից:

     

    «…Այս Սբ. Պատարագը ընթերցումներում մի կարմիր թել է անցնում, որը հյուսում է մարդկության փրկության պատմությունը: Պողոս առաքյալը պատմում է մեզ Աստծո մեծ ծրագրի մասին, «Երբ ժամանակն իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց  իր Որդուն, որը ծնուեց կնոջից» (Գաղ. 4:4): Բայց պատմությունն ասում է մեզ, որ երբ այս «ժամանակի լրումը» եկավ, երբ Աստված մարդ դարձավ, մարդկությունը լավ տրամադրված չէր, ոչ էլ նույնիսկ կայուն ու խաղաղ ժամանակ էր,  չկար «Ոսկե Դարաշրջան»: Այս աշխարհի սցենարն արժանի չէր Աստծո  գալուն, իսկապես, «նա եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին»: Այսպիսով ժամանակի լրումը շնորհի նվերն է:Աստված լցրեց մեր ժամանակը Իր ողորմության առատությամբ: Մաքուր սիրուց մղված՝ նա հանդիսավոր կերպով բացեց ժամանակի լրումը:

     

    Հատկապես զարմանալի է, թե ինչպես տեղի ունեցավ Տիրոջ գալուստը պատմության մեջ, Նա «ծնվեց կնոջից»: Չկար Ամենազորի որևէ հաղթական մուտք կամ էլ զարմանալի հայտնություն: Նա չհայտնվեց պայծառ ծագող արևի նման, այլ մտավ աշխարհ ամենապարզ ձևերով, այնպես ինչպես երեխան է ծնվում մորից, այն «ոճով», որն Ավետարանն է պատմում մեզ, ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից (Ես. 55:10), ինչպես որ, մանանեխի հատիկը, երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի բոլոր սերմերը, բայց աճում ու տարածվում է (Մկ. 4:31-32): Այսպիսով, հակառակ մեր սպասումների և, գուցե, նույնիսկ մեր ցանկություններին, հիմա ևս, ինչպես այն ժամանակ, Աստծու արքայությունը չի գալիս այնպես, որ ուշադրություն գրավի (հմմտ.՝ Ղուկ. 17-20), այլ փոքրության մեջ, խոնարհությամբ:

     

    Այսօրվա Ավետարանը վեր է հանում այն  աստվածային թելը, որը նրբորեն անցնում է պատմության միջով.ժամանակի լրումից մենք գալիս ենք դեպի Քրիստոսի ծառայության  «երրորդ օրը» (Հվհ. 2:1) և փրկության «ժամի» հռչակումը (Հվհ. 2:4): Ժամանակը կրճատվում  է, Աստված Իրեն միշտ աննշան կերպով է ցույց  տալիս: Եվ այսպիսով մենք մոտենում  ենք «այն առաջին նշանին, որ Հիսուս արեց» (2:11)  Գալիլիայի Կանա քաղաքում:

     

    Չկա ոչ մի զարմանալի արարք` կատարված ամբոխի առաջ կամ նույնիսկ մի բառ, կարգավորելու թեժ քաղաքական հարցը, ինչպես ժողովրդի հնազանդեցումը Հռոմի իշխանությանը: Փոխարենը, մի փոքր գյուղում, մի հասարակ հրաշք է տեղի ունենում և ուրախություն է բերում երիտասարդ ու ամբողջությամբ անհայտ ընտանիքի հարսանիքին: Միաժամանակ հարսանիքի խնջույքի ժամանակ գինի դարձած ջուրը մի մեծ նշան է, քանի որ այն բացահայտում է Աստծո դեմքը՝ որպես Փեսա, մի Աստծու, ով մեզ հետ սեղան է նստում, ով երազում է և միություն է պահում մեզ հետ: Այն պատմում է մեզ, որ Տերը հեռավորություն չի պահպանում, այլ նա մոտ է և իրական: Նա մեր մտքերում է և հոգ է տանում մեր մասին՝ առանց մեր փոխարեն որոշումներ կայացնելու և առանց Իրեն իշխանության հարցերով մտահոգելու: Նա նախընտրում է լինել աննշան բաների մեջ, ի տարբերություն մեզ, որ միշտ ձգտում ենք ավելիին: Իշխանությունով, վեհությամբ  և արտաքինով հմայված լինելը, ցավոք, մարդկային է: Դա մի մեծ գայթակղություն է, որը փորձում է իրեն սերմանել ամեն տեղ: Բայց սեփական անձդ ուրիշներին նվիրելը, մարդկանց միջև հեռավորությունները վերացնելը, աննշանության մեջ լինելն ու ուրիշի առօրյա կյանքով ապրելը, բացառապես աստվածային է:

     

    Տերը փրկում է մեզ, հետո Ինքն Իրեն դարձնում աննշան, մոտ՝ մեզ և իրական: Սկզբում Աստված Ինքն Իրեն աննշան է դարձնում: Տերը, ով «հեզ է և սրտով խոնարհ» (Մտթ. 11:29), սիրում է, հատկապես,  այն աննշաններին, որոնց առաջ բացահայտվում է  Աստծո թագավորությունը (Մտթ. 11:25),  Աստծո աչքերում նրանք մեծ են  և Նա նայում է նրանց (Ես. 66:2): Նա, հատկապես, սիրում է աննշաններինն, քանի որ նրանք հակադրվում են «կյանքի հպարտությանը», որը աշխարհինն է (Հվհ. 2:16): Աննշանները խոսում են Նրա իսկ լեզվով, սիրում այն խոնարհ սիրով, որն ազատություն է բերում: Այսպիսով, նա կոչ է անում պարզ և ընկալունակ անձանց լինել Իր խոսնակները, վստահում է նրանց Իր անվան հայտնությունն ու սրտի գաղտնիքը: Մտածում ենք ձեր որդիների ու դուստրերի մասին, ինչպես օրինակ՝ այն նահատակների, ովքեր շողշողացրին Ավետարանական անպաշտպան զորությունը, ինչպես նաև այն հասարակ, բայց նշանավոր մարդկան, ովքեր մեծ փորձությունների մեջ  Աստծո սիրո վկաներն են, և ողորմության այն հեզ ու հզոր մունետիկների, ինչպիսիք են Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը և Սբ. Ֆաուստինան: Այս սիրո «անոթների» միջով, Տերը անգին ընծաներ շնորհեց ամբողջ Եկեղեցուն և ամբողջ մարդկությանը: Հատկանշական է այն, որ ձեր ազգի մկրտության այս տարելիցը համընկնում է Ողորմության Հոբելյանի հետ…

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

Օրացույց

Օրացույց