• «Հայր» բառի գաղտնիքը. Քահանայապետը մեկնում է «Հայր մեր» աղոթքը իր կիրակնօրյա քարոզի ժամանակ

    «Աղոթքի մեջ մենք մի զույգ ենք՝ ես և Աստված, ովքեր պայքարում են կարևորի համար»


    27 հուլիսի, 2016թ.

    «Բարի առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

     

    Այս կիրակի օրվա  ավետարանական հատվածը Հիսուսի միայնակ աղոթելու դրվագն է: Երբ նա վերջացրեց, աշակերտները խնդրեցին նրան. «Տե՜ր, մեզ աղոթել սովորեցրու»: Եվ նա պատասխանեց. «Երբ աղոթքի կանգնեք, ասացե´ք, Հայր մեր…»:

     

    Այս բառը Հիսուսի աղոթքի գաղտնիքն է, սա այն բանալին է, որը նա ինքն է տալիս մեզ, որ մենք  ևս կարողանանք մտնել վստահելի երկխոսական հարաբերությունների մեջ այն Հոր հետ, ով ուղեկցել և պահպանել է իր կյանքը:

     

    «Հայր» բառը Հիսուս կապում է երկու միջնորդությունների հետ.«թո´ղ սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թո´ղ գա»: Հիսուսի և, հետևաբար, նաև քրիստոնեական աղոթքի էությունն է  ամենից առաջ տեղ տալ Աստծուն, թույլ տալ նրան մեր մեջ արտահայտելու իր սրբությունը, և թույլ տալ նրա թագավորության առաջխաղացումը Իր սիրո տերությունը իրականություն դարձնելով մեր կյանքերում:

     

    Կան այլ երեք միջնորդություններ, որոնք լրացնում են Հիսուսի Տերունական աղոթքը: Դրանք երեք խնդրանք են, որոնք  արտահայտում են մեր հիմնական պահանջմունքները՝ հաց, ներողամտություն, և օգնություն փորձության մեջ: Ոչ ոք չի կարող ապրել առանց հացի, ոչ ոք չի կարող ապրել առանց ներողամտության և ոչ ոք չի կարող ապրել փորձության մեջ առանց Տիրոջ օգնության:

     

    Հացը, որ Հիսուս պատվիրում է մեզ խնդրել, այն է, ինչ անհրաժեշտ է, ոչ թե ինչ-որ ավելորդ բան: Սա ուխտավորների հացն է, սա արդարների հացն է, հաց, որը չի կուտակվում և չի վատնվում և որը չի  ծանրացնում մեր ճանապարհը:

     

    Ներողամտությունը վեր է բոլոր այն  ամենից, ինչ մենք ստանում ենք Աստծուց: Միայն մեղավոր լինելու և Աստվածային անսահման ողորմությամբ ներվելու գիտակցումը կարող է մեզ ունակ դարձնել իրականացնելու եղբայրական հաշտեցման կոնկրետ քայլեր:

     

    Եթե ինչ-որ մեկն իրեն ներված մեղավոր չի զգում, նա երբեք չի կարողանա ներման կամ հաշտեցման քայլեր անել: Այդ քայլերը սկսվում են սրտում, որտեղ մենք զգում ենք, որ ներված մեղավորներ ենք:

     

    Վերջին խնդրանքը՝ «մի´ տանիր զմեզ ի փորձութիւն», արտահայտում է այն փաստը, որ աղոթողը տեղյակ է իր վիճակի մասին՝ մշտապես ենթակա չարի և այլասերման խաբկանքին: Յուրաքանչյուրս գիտի, թե ինչ է փորձությունը»:

     

    Հիսուսի աղոթքի մասին ուսուցումը շարունակվում է երկու առակներով, որոնցում նա որպես օրինակ է վերցնում մի ընկերոջ վերաբերմունքը մյուսի նկատմամբ և հոր վերաբերմունքը որդու նկատմամբ:

     

    Երկուսն էլ նպատակ ունեն սովորեցնելու մեզ ունենալ կատարյալ վստահություն Տիրոջ հանդեպ, ով Հայրն է: Նա մեզանից լավ գիտի մեր կարիքները, բայց նա ցանկանում է, որ մենք ներկայացնենք դրանք համարձակորեն և հաստատակամորեն, քանի որ սա է Իր փրկության գործին մասնակցելու մեր ճանապարհը:

     

    Աղոթքն առաջին և գլխավոր «աշխատանքային գործիքն է » մեր ձեռքերում: Պնդել մի բան Աստծո առաջ Նրան համոզելու համար չէ, այլ ավելի շատ մեր հավատն ու համբերությունն զորացնելու, այսինքն, մեր ունակությունը Աստծո կողքին պայքարելու իսկապես կարևոր և անհրաժեշտ բաների համար: Աղոթքի մեջ մենք մի զույգ ենք՝ ես և Աստված, ովքեր պայքարում են կարևորի համար:

     

    Այս ամենի մեջ կա մի շատ կարևոր բան, որը Հիսուս պատմում է մեզ այսօրվա ավետարանական հատվածում, և որը հազիվ թե երբևէ մեր մտքով անցած լիներ. դա Սուրբ Հոգին է:

     

    «Շնորհի՛ր ինձ Սուրբ Հոգին»:

     

    Եվ Հիսուս ասում է. «Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին,  ո՞րչափ ևս առավել ձեր երկնավոր հայրը բարիքներ կտա նրանց, որոնք խնդրում են իրենից»:

     

    Սուրբ Հոգին: Մենք պետք է խնդրենք, որ Սուրբ Հոգին գա մեզ մոտ: Բայց ո ՞րն է Սուրբ Հոգու օգուտը: Լավ ապրել, իմաստությամբ ապրել, ապրել սիրով՝ կատարելով Աստծո կամքը:

     

    Ինչքա՛ն գեղեցիկ կստացվեր մեր աղոթքն այս շաբաթ, եթե մեզանից յուրաքանչյուրը Տիրոջից խնդրեր հետևյալը.«Հա՛յր, տու՛ր ինձ Սուրբ Հոգին»:

     

    Կույս Մարիամն իր գոյությամբ ցույց է տալիս այն մեզ՝ ամբողջությամբ լի Աստծո Հոգով: Նա  օգնում է մեզ աղոթել Հորը՝ միանալով Հիսուսին, որպեսզի ապրենք ոչ թե աշխարհիկ կյանքով, այլ, ըստ Ավետարանի՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով:

     

    («Աստծո հրեշտակը» աղոթքը)

     

    Այս անգամ ևս անհանգստացած ենք ահաբեկչության և բռնության մասին նորություններով, որոնք ցավ և մահ են բերել:

     

    Ես մտածում եմ Գերմանիայի՝ Մյունխենի և Աֆղանստանի`Քաբուլի ողբերգական դեպքերի մասին, որտեղ շատ անմեղ մարդիկ կորցրեցին իրենց կյանքը:

     

    Ես վստահեցնում եմ, որ վիրավոր  և տուժած ընտանիքների հետ եմ: Ես հրավիրում եմ ձեզ միանալու իմ  աղոթքին, որ Տերը ոգեշնչի բոլորին բարության ու եղբայրության վճռականությամբ:

     

    Այնքանով, որքանով որ դժվարություները թվում են ավելի անհաղթահարելի և անվտանգության ու խաղաղության հեռանկարները թվում են ավելի աղոտ, մեր աղոթքը պետք է լինի ավելի հաստատակամ:

     

    (Ողջույն քեզ Մարիամ)

     

    Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այս օրերին այսքան շատ երիտասարդներ ամբողջ աշխարհից գտնվում են դեպի Կրակով ճանապարհին, որտեղ տեղի կունենա 31-րդ ԵՀՕ-ն:

     

    Ես կմեկնեմ չորեքշաբթի օրը, որպեսզի հանդիպեմ նրանց և տոնեմ Ողորմության Հոբելյանը նրանց հետ միասին և նրանց համար, Հովհաննես Պողոս 2-րդի բարեխոսությամբ:

     

    Ես խնդրում եմ ուղեկցել ինձ աղոթքով: Հիմա արդեն  ես ողջունում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շատ եպիսկոպոսների, քահանաների և վանականների և միանձնուհիների հետ աշխատում են հյուրընկալել այս երիտասարդ ուխտավորներին:

     

    Մի կարևոր խոսք՝ այն բոլոր տարեկից երիտասարդներին, ովքեր չկարողացան անձամբ ներկա գտնվել միջոցառմանը, նրանք կհետևեն դրան լրատվամիջոցների օգնությամբ. «Մենք բոլորս միասնական ենք աղոթքի մեջ»:

     

    Եվ հիմա ես ողջունում եմ ձեզ, սիրելի ուխտավորներ` Իտալիայից և այլ երկրներից ժամանած ուխտավորներիդ, հատկապես Բրազիլիայի São Paulo-ի և São João de Boa Vista-ի ուխտավորներիդ, Կրեմոնայի «Giuseppe Denti» երգչախմբին, Հռոմի Piumazzo-ի հեծանվորդ ուխտավորներիդ, ովքեր հարուստ են այս համերաշխության ջանքերով: Ես ողջունում եմ Valperga-ի և Թուրինի Pertusio Canavese-ի երիտասարդությանը: Շարունակե՛ք ջանալ ապրել և ոչ թե պարզապես թրև գալ, ինչպես որ գրված է ձեր սպորտային վերնաշապիկների վրա:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց