Հետևե՛ք ԵՀՕ իրադարձություններին on-line:
26 հուլիսի, 2016թ.
Հայ ուխտավորները պատրաստվում են ԵՀՕ-2016 պաշտոնական բացման արարողությանն ու Սբ. Պատարագին, որը տեղի կունենա Կրակովի Բլոնյայի այգում, հուլիսի 26-ին, Լեհաստանի ժամով 17:30-ին, իսկ Հայաստանյան ժամով՝ 19:30-ին: Բլոնյայի այգում կառուցվել է մեծ բեմահարթակ և խորան՝ 145մ. Լայնությամբ և 30մ խորությամբ: Կենտրոնում Հիսուսի Աստվածային Ողորմության պատկերն է: Բեմի կողքին տեղադրված է 32մ բարձրությամբ խաչ, որի հետևի մասում երևում են Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի և Սբ. Ֆաուստինա Կավալսկայի նկարները: Բլոնյայի այգում տեղի կունենան նաև հուլիսի 28-ին Սրբազան Քահանայապետի ողջույնի արարողությունը և հուլիսի 31-ին՝ ամփոփիչ Սբ. Պատարագը՝ ձեռամբ Սրբազան Քահանայապետի:
Այս օրերին հայ ուխտավորների խումբը գիշերում և հանգիստ է առնում Կրակովին հարակից մի դաշտավայրում՝ վրանների մեջ, որտեղ նրանց համար ապահովված են կոմունալ հարմարություններ և սնունդ: Համացանցից օգտվելը նրանց շատ դժվար է, ուստի մեզ չի հաջողվում առայժմ մանրամասն տեղեկություններ ստանալ նրանց կեցության մանրամասների վերաբերյալ: Հուսով ենք, առաջիկա օրերին ավելի դյուրին կլինի նրանց հետ կապ հաստատելը: Ձայն խաղաղության TV նկարահանող խումբը ուղեկցում է հայ ուխտավորներին և գալուն պես նյութեր կունենանք ամբողջ անցուդարձի վերաբերյալ: Այնուամենայնիվ, վստահ ենք, որ նրանց համար ապահովված են բոլոր նվազագույն անհրաժեշտ պայմանները: Պետք չէ մոռանալ, որ ուխտագնացությունը ենթադրում է որոշակի դժվարությունների առկայություն, հակառակ դեպքում անիմաստ է: ԵՀՕ իրադարձություններից շատերին կկարողանաք հետևել on-line հեռարձակմամբ: