Սբ. Հովհաննես Պողոս Բ և քույր Ֆաուստինա Կավալսկա
26 հուլիսի, 2016թ.
Թարգմանված է Zenit գործակալության հրապարակումից:
Հայր Թոմաս Ռոսիկան անդրադառնում է սրբեր` Հովհաննես Պողոս 2-րդին և Ֆաուստինա Կովալսկին
Սբ. Հովհաննես Պողոս 2-րդ` ԵՀՕ–ի ճարտարապետն ու հիմնադիրը
Սուրբ Հովհաննես 23-րդի և սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի սրբադասման Սբ. Պատարագի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետը վերջինիս մասին այսպես խոսեց. «Իր` Աստծո ժողովրդին կատարած ծառայությամբ, Հովհաննես Պողոս 2-րդն ընտանիքի Պապ էր: Մենք հիմա ընտանիքների հետ միասին ճամփորդում ենք դեպի ընտանիքի թեմային նվիրված Սինոդը: Սա մի ճամփորդություն է, որը Հովհաննես Պողոս 2-րդը երկնքից առաջնորդում ու պահպանում է»: Կարոլ Վոյտիլան, վաղ հասակում իր ընտանիքում կրելով տառապանք ու կորուստ, մեծացավ ու դարձավ քահանա, Կրակովի եպիսկոպոս, Հռոմի եպիսկոպոս, ժամանակների սուրբ և հերոս: Իր հովվական ծառայության ընթացքում նա աշխարհին ուսուցանեց ամուսնության ու ընտանեկան կյանքի արժանապատվության, գեղեցկության և սրբության մասին:
Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը միշտ կհիշվի աշխարհի ազգերի և կրոնների միջև խիզախ կամուրջներ կառուցելու իր ջանքերի շնորհիվ, և միշտ հատուկ տեղ կունենա երիտասարդների սրտերում:
Սրբուհի Ֆաուստինա Կովալսկան`Կրակովում կայանալիք ԵՀՕ 2016-ի հովանավոր սուրբը
Հովհաննես Պողոս 2-րդի հետաքրքրությունը Աստվածային Ողորմության հանդեպ գալիս է Կրակովում անցկացրած իր երիտասարդության տարիներից, երբ Կարոլ Վոյտիլան դարձավ 2-րդ Համաշխարհային պատերազմի ընթացքում գրավված Լեհաստանում ահավոր չարիքի ու տառապանքի ականատեսը: Նա ականատես է եղել մեծ թվով մարդանց հավաքին, որոնց ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ և ստրկական աշխատանքի: Իր հայրենի Վադովիցե քաղաքում նա շատ հրեա ընկերներ ուներ, ովքեր հետագայում Հոլոքոստի զոհ դարձան: Այդ վախի և ահաբեկչության ժամանակ, Կրակովում Կարոլ Վոյտիլան որոշեց մասնակցել Կարդինալ Սապիեայի գաղտնի սեմինարներին: Նա զգաց`Աստծո ողորմության, միմյանց նկատմամբ ողորմած լինելու մարդկության կարիքը: Ճեմարանում նա հանդիպեց մեկ այլ ճեմարանականի` Andrew Deskur-ին (նա ավելի ուշ դարձավ կարդինալ), ով ծանոթացրեց նրան աստվածային ողորմության ուղերձին, որն հայտնվել էր լեհ միստիկ միանձնուհի սբ. Մարիա Ֆաուստինա Կովալսկային, ով մահացել է 1938 թ., 33 տարեկանում:
Աստվածային ողորմության Պապը
1981թ., իր քահանայապետական ծառայության սկզբին, Հովհաննես Պողոս 2-րդը մի շրջաբերական նամակ գրեց` նվիրված աստվածային ողորմությանը, Dives in Misericordia վերնագրով (հարուստ` ողորմությամբ), ցույց տալով, որ Հիսուս Քրիստոսի առաքելության նպատակն է բացահայտել Հոր ողորմած սերը: 1993 թ., երբ Հովհաննես Պողոս 2-րդ պապը երանելիների շարքը դասեց Ֆաուստինա Կովալսկային, նա իր քարոզում հայտարարեց. «Նրա առաքելությունը շարունակվում է և տալիս զարմանալի պտուղներ: Իսկապես սքանչելի է այն, թե ինչպես է նրա նվիրվածությունը Ողորմած Հիսուսին տարածվում մեր ժամանակակից աշխարհում` շահելով այդքան շատ մարդկային սրտեր»:
4 տարի անց`1997 թ. Սրբազան Քահանայապետն այցելեց Լեհաստան, Լագիեվնիկիում գտնվող Երանելի Ֆաուստինայի գերեզմանին, և քարոզեց ազդեցիկ խոսքերով.«Մարդ ոչ մի բանի կարիք այնքան չունի, ինչքան` աստվածային ողորմության… Այստեղից դուրս եկավ ողորմության ուղերձը, որ Քրիստոս Ինքը որոշեց փոխանցել մեր սերնդին` Երանելի Ֆաուստինայի միջոցով»:
2000 թ.-ի հոբելյանական տարվան, Հովհաննես Պողոս 2-րդ Պապը սրբացրեց Ֆաուստինային`դարձնելով նրան նոր հազարամյակի առաջին սրբադասված սուրբը, և հաստատեց «Աստվածային Գթության շաբաթը», որպես հատուկ անուն` Զատիկի երկրորդ շաբաթվա համար` ողջ Ընդհանրական Եկեղեցում: Հովհաննես Պողոս 2-րդը քարոզի ժամանակ ասաց խոսքերը.«Հիսուս ցույց է տալիս իր ձեռքն ու իր կողմը (առաքյալներին): Նա նշում է, որ Չարչարանքի վերքերը, հատկապես Նրա Սրտի վերքերը, աղբյուր է, որից ողորմության մեծ ալիք է թափվում մարդկության վրա»:
Մեկ տարի անց` 2001 թ., Ասվածային Ողորմության կիրակիի Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետը ողորմության ուղերձ է հղել` նվիրված Սբ. Ֆաուստինային. «Պատշաճ և հստակ պատասխանը, որն Աստված ցանկանում էր առաջարկել մեր հարցերին և մեր ժամանակների սարսափելի ողբերգությունների հետևանքները կրող մարդկանց ակնկալիքներին…Աստվածային Ողորմությունն է: Սա Զատկի նվերն է, որը ստանում է Եկեղեցին Քրիստոսից և առաջարկում մարդկությանը 3-րդ հազարամյակի արշալույսին»:
2002թ. կրկին Լեհաստանի Լագիեվնիկի քաղաքում նոր աստվածային ողորմության տաճարի օծման արարողությանը Սրբազան Քահանայապետն ամբողջ աշխարհը նվիրեց Աստվածային Ողորմությանը` ասելով.«Ես այսպես եմ անում այրվող ցանկությամբ, որ Աստծո ողորմած սիրո ուղերձը, հռչակված այստեղ Սբ. Ֆաուստինայի միջոցով, հայտնի լինի աշխարհի բոլոր ժողովուրդներին և նրանց սրտերը լցնի հույսով»:
Իր 2006թ. ապրիլի 23-ին “Երկնքի թագուհի” աղոթքի ժամանակ Հռոմի Սրբազան Բենեդիկտոս 16-րդը ասաց. «Աստծո ողորմած սիրո գաղտնիքը եղել է իմ նախորդի քահանայապետության կենտրոնում»: Հիմա նույն Աստվածային Նախախնամությունը կամեցել է, որ այս տարի`Աստվածային Ողորմության կիրակի, երեք տարի անց այն օրվանից, երբ այս նույն տոնին Հովհաննես Պողոս Բ-ը`Աստվածային Ողորմության մեծ առաքյալն ու դեսպանը, դասվեց երանելիների շարքը, հիմա հռչակվի սուրբ:
Ողորմությունը մեր տարբերանշանն է
Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ի՞նչ նոր բան կա այս աստվածային ողորմության ուղերձի մեջ: Ինչու՞ էր Հավհաննես Պողոս 2-րդն այսքան շատ պնդում Աստծո սիրո մասին մեր ժամանակներում: Արդյո՞ք սա նույն նվիրվածությունը չէ, ինչ որ Հիսուսի Սուրբ Սրտինն է: Ողորմությունը կարևոր քրիստոնեական առաքինություն է, որը շատ է տարբերվում արդարությունից և հատուցումից: Ընդունելով վնասի իրական ցավը և պատժի արդարացման պատճառը, ողորմությունն ունի վնասը մեղմացնելու մեկ այլ մոտեցում: Ողորմությունը ձգտում է արմատապես փոխել հանցավորի կարգավիճակն ու հոգին` դիմակայելու չարին, հաճախ ցույց տալով սեր և դիմացինի իրական գեղեցկությունը: Եթե որևէ պատիժ է կիրառվում, ապա դա միայն պետք է լինի միայն փրկության համար, այլ ոչ թե` վրեժի կամ հատուցման: Մեր օրերում սա շատ դժվարին գործ է և շատ բարդ ուղերձ, բայց այսօր սա միակ ճանապարհն է, եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և լինել թթխմոր այսօրվա աշխարհում, եթե մենք իսկապես ցանկանում ենք լինել աղն ու լույսը մի մշակույթի, որը կորցրել է Քրիստոսի լույսի և Ավետարանի համը»:
Որտեղ ատելությունն ու վրեժի ծարավն են տիրում, որտեղ պատերազմն անմեղներին տառապանք և մահ է բերում, վիրավորանքը անթիվ անմեղ կյանքեր է ավերում, այնտեղ ողորմության շնորհն անհրաժեշտ է մարդկային մտքեր և սրտեր կարգավորելու և բուժում ու խաղաղություն բերելու համար: Որտեղ որ մարդկային կյանքի և արժանապատվության հանդեպ պակաս կա, այնտեղ զգացվում է Աստծո ողորմած սիրո կարիքը, ում լույսի ներքո մենք տեսնում ենք յուրաքանչյուր կենդանի էակի անարտահայտելի արժեքը: Ողորմությունն անհրաժեշտ է` վստահեցնելու համար, որ կգա աշխարհում յուրաքանչյուր անարդարության վերջը: Ողորմության ուղերձն այն է, որ Աստված սիրում է մեզ բոլորիս` առանց հաշվի առնելու մեր մեղքերի չափը: Աստծո աղորմությունը մեծ է մեր մեղքերից, որի համար էլ մենք կարող ենք վստահորեն դիմել նրան, ստանալ նրա ողորմությունը և թողնենք, որ այն մեր միջոցով փոխանցվի մյուսներին: Ըստ էության, ողորմություն նշանակում է հասկանալ թուլությունը, կարողանալ ներել:
Աստվածային ողորմության առաքյալը
Իր ողջ քահանայական և եպիսկոպոսական ծառայության, և հատկապես իր ողջ պապական ծառայության ընթացքում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը քարոզել է Աստծո ողորմությունը, գրել դրա մասին և ամենաշատը ապրել ըստ այդմ: Նա առաջարկում էր ներել այն մարդուն, ով նպատակադրվել էր սպանել իրեն Սուրբ Պետրոսի հրապարակում: Պապը, ով ականատես է եղել քրիստոնյաների միջև բաժանմանումների սկանդալին և հրեա ժողովրդի դեմ դաժանությունների, մեծանալով, իր ուժերի սահմանում արեց ամեն ինչ` բուժելու այն վերքերը, որոնք առաջացել էին կաթողիկէ և քրիստոնեական այլ եկեղեցիների պատմական հակամարտությունների պատճառով, հատկապես, հրեա ժողովրդի վերքերը:
Ես երբեք չեմ մոռանա 2002 թ.հուլիսի 28-ին Տորոնտոյի Դաունսվյու այգում սբ. Հովհաննես Պողոս 2-րդի` ԵՀՕ-ի եզրափակիչ Սբ. Պատարագին հնչեցրած հուզիչ խոսքերը: Այս խոսքերը մեզ ստիպում են կենտրոնանալ այսօրվա Եկեղեցում Ողորմության կարևորությանն ու անհրաժեշտության վրա.
«Եկեղեցու կյանքի դժվար պահերին, սրբությանը հետամուտ լինելը դառնում է էլ ավելի անհրաժեշտ, և սրբությունը ոչ թե տարիքի, այլ Սուրբ Հոգով ապրելու հարց է»:
«Մի‘ թողեք, որ հույսը մեռնի: Ձեր կյանքը դրեք հանուն դրա: Մենք մեր թուլությունների և ձախողումների հանրագումարը չենք, այլ Տիրոջ` մեր հանդեպ Հոր սիրո հանրագումարն ենք և նրա Որդու պատկերը դառնալու մեր իրական կարողության հանրագումարը»:
Թարգմանեց Նարինե Գալոյանը