Միջազգային եղբայրություն և միասնության՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի բարեխոսական հովանու ներքո:
25 հուլիսի, 2016թ.
Հուլիսի 23-ին Պլոցկում, «Տումսկի բլուրներ» կոչվող վայրում, Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի արձանի մոտ, հայ երիտասարդները մասնակցել են նախ գեղեցիկ մի միջոցառման, որի ընթացքում ներկայացվել է լեհական ազգային միջնադարյան մշակույթը, կենցաղը, բեմադրվել են պատերազմական տեսարաններ:
Միջոցառումից հետո տեղի է ունեցել Սբ. Պատարագ, որին մասնակցել են տարբեր երկրների ուխտավորները՝ եպիսկոպոսների առաջնորդությամբ: Սբ. Պատարագը մատուցվել է Պլոցկի եպիսկոպոս Պյոտր Լիբերիի նախագահությամբ:
Համապատարագել են նաև հայ կաթողիկէ հոգևորականները՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի գլխավորությամբ, ով այս օրերին Լեհաստանում է՝ հայ երիտասարդների հետ միասին: Ռաֆայել Սրբազանը խոսել է ԵՀՕ և թեմական հանդիպումների կարևորության, Եկեղեցում երիտասարդության կարևոր դերակատարության, հայ երիտասարդների մեծաթիվ մասնակցության մասին: Ռաֆայել Սրբազանի խոսքի ամբողջական տեսաձայնագրությունը Պատարագի մասին պատմող տեսանյութի հետ միասին կներկայացնենք Ձայն խաղաղության TV-ով:
Պատարագի ընթացքում հնչել է գեղեցիկ երաժշտություն՝ վոկալ և սիմֆոնիկ: Նույն օրը երեկոյան երիտասարդները աղոթել են Աստվածամոր Վարդարանը, ապա սկսվել է համերգային ծրագիր: