Ջերմ հյուրընկալություն և մեծահոգություն, որը վկայում է ջերմեռանդ հավատքի մասին:
22 հուլիսի, 2016թ.
Լեհական «Թեմական օրերին» մասնակցող հայ երիտասարդների խմբի առօրյան հագեցած է հոգևոր և մշակութային գեղեցիկ իրադարձություններով: Plock, Sierps քաղաքներում տեղի են ունեցել համերգային ծրագրեր, որոնց ընթացքում խորհրդանշաբար այդ քաղաքների բանալիները հանձնվել են հայ երիտասարդներին՝ որպես հյուրընկալության, ջերմ ընդունելության արտահայտություն: Սա միայն արտաքին ցուցադրություն չէ.լեհ հոգևորականները, քաղաքային իշխանությունները, կամավորականները մեծ պատրաստակամությամբ հնարավորինս գեղեցիկ ու հետաքրքիր են դարձնում հայ և այլազգի ուխտավորների այցը իրենց երկիր:
Przasnysz քաղաքում հյուրընկալված հայ ուխտավորները մասնակցել են միասնական ուխտագնացության դեպի Ռոստկովո քաղաքը՝ Սբ. Ստանիսլավ Կոստկայի ծննդավայրը և ծանոթացել սրբի կենսագրությանը: Ճանապարհին երգել են լեհական ու հայկական երգեր: Տեղում մասնակցել են Սբ. Պատարագի, որը մատուցվել է հայկական ծեսով՝ ձեռամբ Տ. Անտոն քհն. Անտոնյանի: Երեկոյան խարույկի շուրջ զրուցել են, կազմակերպել ազգային պարեր:
Լուսանկարներ