Լեհաստանը Կաթողիկէ դավանանքի և քրիստոնեական ընդհանրականության հիմնական օջախներից է:
22 հուլիսի, 2016թ.
Հայ կաթողիկէ երիտասարդների 350 հոգանոց խումբն արդեն Լեհաստանում է: Երիտասարդները հոգևորականների առաջնորդությամբ Լեհաստան մեկնեցին Թբիլիսիի օդանավակայանից, քանի որ տոմսերն այնտեղ ավելի մատչելի էին: Չվերթը բավական երկար էր: Երիտասարդներին մեծ հոգևորությամբ Լեհաստանում դիմավորել են լեհ կամավորական երիտասարդները: Ուխտագնացության մասնակիցների խոսքով իրենց օրակարգը մանրակրկիտ կազմակերպված է: Նրան տեղակայվել են Պլոցկին հարակից տարբեր քաղաքներում, հյուրընկալող ընտանիքներում: Կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցում են նաև հայ երիտասարդները՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Ամեն օր մասնակցում են Սբ. Պատարագի, ապա լեհ ընկերների ուղեկցությամբ այցելում են տեղի սրբավայրերը, տեսարժան վայրերը: Սկվել է առաքելության շաբաթը, որի ընթացքում հայ երիտասարդները այլազգի տարեկիցների հետ միասին կատարելու են ողորմության գործեր:
Լեհ երիտասարդների մեծամասնությունը շատ ջերմեռանդ է հավատքի մեջ, ակտիվ հաճախում է Եկեղեցի, կանոնավոր մասնակցում Սբ. Պատարագին և կատարում կամավորական հսկայածավալ աշխատանք՝ օգնելով քահանաներին և կատարելով ավետարանացման կարևոր առաքելություն: Այս իմաստով հայ երիտասարդների համար շատ օգտակար է նրանց հետ շփումը և նրանց օրինակը՝ հայ կաթողիկէ համայնքներում սեփական ակտիվությունը մեծացնելու, նոր ծրագրեր սկսելու համար:
Պետք է ասել, որ Լեհաստանում կաթողիկէ Եկեղեցու հետևորդները կազմում են ընդհանուր բնակչության (37.507.000) 97,6 %-ը: Լեհաստանում կա 156 եպիսկոպոս, 30.661 քահանա, մոտ 21.000 վանական՝ արական և իգական սեռի, մոտ 3500 ճեմարանական, մոտ 14.000 կրոնուսույց: Լեհաստանը համարվում է Կաթողիկէ դավանանքի հիմնական օջախներից մեկը, ունի 1.425 կաթողիկէ կրթական կենտրոն, 3129 բարեսիրական կազմակերպություն և հարյուրավոր այլ սոցիալական հաստատություններ, որոնք հիմնել և ղեկավարում է Կաթողիկէ Եկեղեցին: Ի վերջո, Լեհաստանից է սերում Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը, ով հսկայական ազդեցություն թողեց 20-րդ դարի քրիստոնեության պատմության վրա: