Լսելու ունակությունը խաղաղության արմատն է:
22 հուլիսի, 2016թ.
Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Այսօրվա ավետարանում Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ Հիսուս, երբ ճամփորդում էր դեպի Երուսաղեմ, գնաց մի քաղաք ու մնում երկու քուրերի Մարիամի և Մարթայի տանը: (Ղուկաս 10:38-42): Երկուն էլ ողջունեցին Տիրոջը, բայց արեցին դա տարբեր ձևերով: Մարիամը նստեց Հիսուսի ոտքերին և լսում նրա խոսքը, մինչդեռ Մարթան զբաղված էր ինչ-որ բաներ պատրաստելով: Այդ պահին նա ասաց.«Տե´ր քեզ համար միևնու՞յնն է, որ իմ քույրը ամբողջ մատուցելու հոգսը թողել է ինձ վրա»: Եվ Հիսուս պատասխանեց.«Մարթա, Մարթա, դու անհանգիստ և մտահոգված ես շատ բաների համար: Բայց միայն մեկ բանի անհրաժեշտություն կա: Մարիամն ընտրել է ավելի լավ մասը, և այն չպետք է խլել նրանից»:
Զբաղված լինելով ինքն իրենով և այլ բաներով՝ Մարթան հայտնվեց` հյուրին մոռացության տալու վտանգի մեջ և հենց սա է խնդիրը` նրա հյուրի ներկայությունը, ով այս դեպքում Հիսուսն էր: Նա մոռացել էր իր հյուրի ներկայության մասին:
Հյուրին պետք չէ պարզապես ծառայել, կերակրել և հոգ տանել նրա մասին ամեն կերպ: Ամենից առավել կարևոր է լսել նրան, լավ հիշեք այս բառը, «լսել»: Հյուրին պետք է ընդունել որպես մի անձնավորություն` իր պատմությամբ, իր սրտով, որը հարուստ է հուզականությամբ և մտքերով, այնպես, որ նա զգա, որ իսկապես գտնվում է ընտանիքում: Բայց եթե դու ընդունես հյուրին քո տուն և շարունակես ինչ-որ բաներ անել, իսկ այդ ընթացքում նա նստի լուռ, այսպիսով դու նրան քարի նման կլռեցնես, հյուր, որը պատրաստված է քարից: Ո՛չ:
Հյուրին պետք է լսել: Իհարկե, Հիսուս տվեց Մարթային պատասխան, երբ ասում էր նրան, որ միայն մեկ բան է անհրաժեշտ, այդ պատասխանը իր լիակատար իմաստը ստանում է Հիսուսի խոսքը լսելու մեջ, խոսք, որը լուսավորում ու հիմնավորում է այն ամենն ինչ մենք կանք և ինչ մենք անում ենք: Օրինակ, եթե մենք պատրաստվում ենք աղոթել խաչելության առջև, և մենք խոսում ենք ու անվերջ խոսում, ապա հեռանում ենք, մենք չենք լսում Հիսուսին: Մենք թույլ չենք տալիս նրան` խոսել մեր սրտերի հետ:
Լսել, սա է բանալին: Մի՛ մոռացեք դա…
Մենք նաև չպետք է մոռանանք, որ Մարիամի ու Մարթայի տանը Հիսուս, Տեր և ՈՒսուցիչ լինելուց զատ նաև ճամփորդ էր և հյուր: Այսպիսով, նրա պատասխանն ունի այս առաջնային և ավելի անմիջական նշանակությունը. «Մարթա, Մարթա, ինչու՞ ես այդքան անհանգստացել այն հյուրի համար, որի ներկայության մասին մոռացել ես »: Այդ հյուրը նրա համար քարի պես էր: Նրան հյուրընկալելու համար շատ բաներ կարևոր չեն, ավելին, միայն մեկ բան է կարևոր, լսել նրան, նրա խոսքերը, ցույց տալ եղբայրական վերաբերմունք, այնպիսի մի վերաբերմունք, որ նա զգա, որ գտնվում է ընտանիքում, այլ ոչ թե մի ժամանակավոր կացարանում: Այս ձևով հասկանալով հյուրընկալությունը, որը ողորմության գործերից մեկն է, այն իսկապես դիտվում է որպես մարդկային և քրիստոնեական առաքինություն, մի առաքինություն, որն այսօր մի կողմ է թողնված: Փաստ է, որ հյուրընկալող տների թիվն աճում է, բայց միշտ չէ, որ դրանցում ճշմարիտ հյուրընկալություն կա: Տարբեր հաստատություններ են ստեղծվել աջակցելու տարբեր տեսակի հիվանդների, միայնակների, արհամարհվածների, բայց քիչ է հավանականությունը, որ մեկը, ով անծանոթ է և մեկուսացած, կարող է գտնել մեկին ով պատրաստ է լսել իրեն: Լսել օտարերկրացու, փախստականի, գաղթականի ցավալի պատմությունները: Նույնիսկ սեփական տանը, մեկի սեփական ընտանիքում ավելի հեշտ է գտնել տարբեր տեսակի ծառայություններ և խնամք, քան լսելը և ողջունելը: Այսօր մենք այնքան զբաղված ենք և այնպես ենք շտապում, տարված ենք խնդիրներով, որոնցից շատերը կարևոր էլ չեն, որ մեզ պակասում է լսելու ունակությունը: Մենք անընդհատ զբաղված, ենք դրա համար էլ ժամանակ չունենք լսելու: Ես կցանկանայի հարց տալ մեզանից յուրաքանչյուրին, և յուրաքանչյուրը թող պատասխանի իր սրտում,- «Դու´, ամուսին, ժամանակ ունե՞ս լսելու քո կնոջը: Դու´, կին, ժամանակ ունե՞ս լսելու քո ամուսնուն: Դու´ք, ծնողներ, ժամանակ ունե՞ք, որ կորցնեք և լսեք ձեր երեխաներին, կամ ձեր տատիկներին և պապիկներին, ձեր մեծերին»: «Տատիկներն ու պապիկները միշտ խոսում են, նրանք ձանձրալի են»: Բայց նրանց պետք է լսել: Լսել, ես խնդրում եմ ձեզ սովորել լսել և ավելի շատ ժամանակ նվիրել լսելուն: Լսելու կարողությունը խաղաղության արմատն է: Թո´ղ Կույս Մարիամը, լսելու և հոգատար ծառայության Մայրը, սովորեցնի մեզ լինել ջերմ և հյուրընկալ մեր քույրերի և եղբայրների հանդեպ:
Zenit լրատվական գործակալության կայքից թարգմանեց Նարինե Գալոյանը