Մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը Եկեղեցու վարդապետության հիմնական դրույթներից է:
18 հուլիսի, 2016թ.
Կարիտաս Եվրոպան և գործընկերները Ֆրանսիայի և Իտալիայի կառավարություններին կոչ են արել հարգել իտալական սահմանի մոտ գտնվող Վենտիմիգլիա քաղաքում ապաստան գտած միգրանտների մարդկային արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները:
Կարիտասը տեղեկացնում է, որ ավելի քան 1000 միգրանտներ մնացել են ծանր պայմաններում, քանի որ Ֆրանսիայի սահմանային ոստիկանությունից չեն ստացել Ֆրանսիայի սահմանը հատելու իրավունքը: Անլուծելի իրավիճակը լարել է հարաբերությունները երկու հարևան պետությունների միջև` միգրանտների ազատ Եվրոպա ներթափանցելու խնդրի պատճառով: Մարիա Տեմպեստան՝ Կարիտաս Եվրոպայի քաղաքականության շահերի պաշտպանության պատասխանատուն, խոսել է Ռադիո Վատիկանի հետ այս խնդրի մասին: Արգելափակված մնալով Վենտիմիգլիայում առանց որևէ ապաստանի, ասել է Տեմպեստան, միգրանտներից շատերը ստիպված են եղել գիշերել բաց երկնքի տակ, նրա խոսքերով, «գրեթե աղետալի պայմաններում», և նրանց մեջ եղել են նաև հղի կանայք, երեխաներ և նորածիններ: Հաջողակները ապաստան են գտել տեղի Կաթողիկէ եկեղեցում, որն իր նկուղում ունի մի քանի բաղնիք, սակայն այն բավարար չէ ապահովելու սահմանակից քաղաքում մնացածների կարիքները: Միգրանտներից շատերը Սուդանից, Էրիտրեայից և Եթովպիայից էին, սակայն Տեմպեստան նշել է, որ կան նաև Սիրիայից գաղթած մի շարք ապաստան փնտրողներ: Նա նկարագրել է, թե ինչպես էին Կարիտասի աշխատակիցները օգնում նրանց՝ բաժանելով հիգիենիկ փաթեթներ, որոնք պարունակում էին պարզ, բայց էական բաներ:
Եվրամիությունը ձգտում է «դուրս մղել» միգրանտների ճգնաժամը Հարցին, թե ինչպիսին է ԵՄ վերաբերմունքը միգրանտների և քաղաքական ապաստան փնտրողների նկատմամբ, և թե ինչպես լուծել այդ խնդիրը, Տեմպեստան, ցույց տալով իր կարեկցանքը այդ խոցելի անձանց նկատմամբ, պատասխանել է որ, երկար ժամանակ է անհրաժեշտ՝ այս հարցին լուծում տալու համար: Նա քննադատել է այն, ինչը պատճառ է «դուրս մղելու» միգրանտների ճգնաժամը Եվրոպայում՝ համոզելով երեք կողմի երկրներին ընդունել միգրանտներին, կանխելով առաջին հերթին նրանց մուտքը դեպի ԵՄ:
Կարիտաս Եվրոպայի մամլո հաղորդագրությունը, որը կոչ է անում Ֆրանսիային և Իտալիային քայլեր ձեռնարկել այս խնդրի ուղղությամբ
Կարիտաս Եվրոպան Ֆրանսիայի Ամենափրկիչ Կաթողիկե Կարիտասի և Իտալական Կարիտասի անդամների հետ միասին կոչ է անում ԵՄ-ին ու հատկապես ֆրանսիական ու իտալական կառավարություններին հարգել Իտալիայի Վենտիմիգլիա քաղաքում մնացած միգրանտների մարդկային արժանապատվությունն ու հիմնական իրավունքները: Հունիսի 24-ին, Կարիտաս Վենտիմիգլիա-Սան Ռեմո-ի 25-ամյակին նվիրված տոնակատարության ընդունելության ամենաերիտասարդ անձնավորությունը Շարիֆա Մարիան էր, ով ընդամենը մի քանի օրական աղջնակ էր: Նա Կարիտաս Վենտիմիգլիա-Սան Ռեմո-ի ճամբարում առաջինը ծնված երեխաներ էր: Այդ ճամբարը աջակցում է Վենտիմիգլիայում գտնվող միգրանտներին: Բայց նա անկասկած վերջինը չէ, քանի որ ճամբարում ապրում են ևս մի քանի հղի կանայք: Միգրանտները, հատկապես սուդանցի, էրիթրեացի և եթովպացի, Սիցիլիայից Վենտիմիգլիա են եկել՝ իրենց ճանապարհորդությունը դեպի Ֆրանսիա և հյուսիսային Եվրոպա շարունակելու հույսով: Հավանաբար, նրանք արգելափակվել են Ֆրանսիայի և Իտալիայի միջև սահմանի մոտ: Արգելափակվելով Վենտիմիգլիայում, առանց օգտվելու որևէ տեսակի ծառայություններից ու պատշաճ ընդունարաններից՝ ընտանիքները, հղի կանայք և երեխաները ստիպված գիշերել են բաց երկնքի տակ:
Մայիսի 30-ին Հայր Սուետտան բացեց Սուրբ Անտոնիո եկեղեցին, որը ապահովում էր անվտանգ ապաստարան՝ 5000 ուժասպառ միգրանտների համար, մի կարճատև հանգստի ապաստարան, որը մարդիկ կօգտագործեին նախքան սահմանը կրկին հատելու փորձը: Նրանց հետագա տառապանքները նվազեցնելու համար Կարիտաս Վենտիմիգլիա-Սան Ռեմո-ն Նիցցայի Ամենափրկիչ Կաթողիկե Կարիտաս Ֆրանսիա պատվիրակության, Կարիտաս Մոնակոյի և այլ քրիստոնեական և իսլամական կազմակերպությունների աջակցությամբ, բաժանում է սնունդ, հիգենիկ փաթեթներ և հագուստ: Միգրանտները նաև կարող էին օգտվել եկեղեցու նկուղում գտնվող լոգարաններից: Բացի այդ հաջողությամբ են պսակվել Կարիտասի ջանքերը՝ ընդունարանների վերաբացման համար, որոնք կբավարարեն միգրանտների տարրական կարիքները և կապահովեն նրանց մարկային արժանապատվության հանդեպ հարգանքը: Կենտրոնը կբացվի մի քանի օրից:
Սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծանր և այն պահանջում է անհապաղ գործողություն: Կարիտաս Եվրոպան, Կարիտաս Իտալիան և Կարիտաս Ֆրանսիան կոչ են անում ԵՄ-ի իշխանություններին.
ապահովել միգրանտների տարրական պայմանները՝ ներառելով տրանզիտը, երաշխավորել նրանց մարդկային արժանապատվությունը և զերծ մնալ կամայական ձերբակալումից և կալանավորումից,
երաշխավորել համերաշխություն և պատասխանատվություն ԵՄ անդամ պետությունների, ԵՄ և ոչ ԵՄ երկրների միջև: Ֆրանսիական և իտալական կառավարությունները պետք է այս իրավիճակում ընդհանուր հայտարարի գան՝ հարգելով միգրանտների հիմնարար իրավունքները:
առաջնահերթություն տալ պաշտպանել մարդկանց, սահմանները պաշտպանելու փոխարեն` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երեխաներին,
բացել առավել անվտանգ և օրինական ճանապարհներ դեպի Եվրոպա:
Ռադիո Վատիկանից թարգմանեց Նարինե Գալոյանը