«Ես ուզում եմ տեսնել բաց, հասկացող, վիրավոր ընտանիքներին աջակցող Եկեղեցի»
6 հուլիսի, 2016թ.
2016թ. հունիսի 28-ին Սրբազան Քահանայապետը պատասխանել է արգենտինական «La Nacion» թերթի լրագրողի հարցերին, հենց այդ օրն էլ Բենեդիկտ XVI Սրբազան Քահանայապետը տոնում էր իր քահանա ձեռնադրության 65-րդ տարելիցը: Խոսելով իր նախորդի մասին՝ Սրբազան Հայրը նշեց, որ «նրա մեծահոգությունը աննախադեպ էր: Նրա հրաժարականը՝ բացահայտելով Եկեղեցու բոլոր խնդիրները, ոչ մի կապ չուներ անձնական հարցերի հետ: Դա նրա ղեկավարման վերջնական ակտն էր»: Ինչ վերաբերում է Պապի առողջությանը, ապա Սրբազան Հայրը նշեց, որ Բենեդիկտ XVI ունի շարժողական խնդիրներ, սակայն նրա բանականությունն ու հիշողությունը անթերի են:
Այնուհետև անդրադառնալով արգենտինական իրականությանը՝մասնավորապես Պապի ու նախագահ Մաուրիսիո Մակրիի փոխհարաբերություններին, որոնք Արգենտինայի քաղաքական գործիչներն անվանում են սառը և խուսափողական, Սրբազան Հայրը ասաց.
«Ես ոչ մի խնդիր չունեմ նախագահ Մակրիի հետ, ես չեմ սիրում հակամարտություններ: Կարծում եմ, որ Մակրին լավ ընտանիքից է և ազնիվ մարդ է»:
Անցյալում նրանց ճանապարհները խաչվել են Բուենոս Այրեսում, երբ ապագա նախագահը քաղաքական վարչության ղեկավարն էր, իսկ ապագա Պապը գլխավորում էր արքեպիսկոպոսարանը: Համաձայն Ֆրանցիսկոս Պապի խոսքերի, այդ ընթացքում միայն մեկ անգամ է կոնֆլիկտային իրավիճակ առաջացել. «Այդ երկար ժամանակահատվածի ընթացքում միայն մեկ անգամ, դա շատ ցածր ցուցանիշ է», ընգծեց Սրբազան Հայրը: «Մյուս բոլոր հարցերը քննարկվում և լուծվում էին մասնավոր կարգով, մենք երկուսս էլ հարգում էինք գաղտնիության այդ համաձայնագիրը: Ես ոչ մի նախատինք, կշտամբանք չեմ արել նախագահ Մակրիի հանդեպ», – հայտարարեց Ֆրանցիսկոս Պապը:
Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր մասնավոր ունկնդրությանը, որը Հռոմի Սրբազան Քահանայապետը հատկացրել էր Էբե դե Բոնաֆինային՝ Մայա հրապարակի Մայրերի շարժման ամենառադիկալ ճյուղի առաջնորդին: Նա նախկինում քննադատել է Ֆրանցիսկոս Պապին՝ նրան մեղադրելով զինվորական ռեժիմին աջակցելու համար: Ժամանակի ընթացքում Բոնաֆինան փոխել է իր կարծիքը և հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ կեղծ մեղադրանքների համար:
«Սպանել են այդ կնոջ երկու երեխաներին, ես խոնարհվում ու ծնկի եմ իջնում նրա տառապանքների առաջ: Ես գիտեմ, որ նա նախկինում սարսափելի բաներ է խոսել իմ մասին, սակայն դա ոչ մի նշանակություն չունի ինձ համար»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը: Սրբազան Հոր խոսքերով Վատիկանի ուկնդրությունը «ներման ժեստ էր: Նա ներողություն խնդրեց, ես էլ չմերժեցի», քանի որ « պետք է ներել բոլորին»:
Արգենտինայում Հռոմի Սրբազան Քահանայապետի և Սուրբ Աթոռի պաշտոնական տեղեկատվության ներկայացուցչության վերաբերյալ Սրբազան Հայրը հայտարարեց, որ այդ երկրի համար, ինչպես և մյուս բոլոր երկրների համար, այդպիսին հանդիսանում է Վատիկանի կնիքի ծառայությունը:
Լրագրողի վերջին հարցը վերաբերում էր «եկեղեցու ուլտրա-պահպանողականներին»: Ֆրանցիսկոս Պապը ասաց.
«Նրանք անում են իրենց աշխատանքը, իսկ ես՝ իմը: Ես ուզում եմ տեսնել բաց, հասկացող, վիրավոր ընտանիքներին աջակցող Եկեղեցի: Իսկ նրանք ամեն ինչին պատասխանում են «ոչ»: Ես շարունակում եմ առաջ գնալ՝ առանց շրջվելու և որևէ մեկի «գլուխը կտրելու»: Ես երբեք չեմ սիրել դա անել և նորից եմ կրկնում. ես չեմ ընդունում հակամարտությունները»:
Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը