Հարկ է մեր համայնքները վերածել «շփման, ընկերության և եղբայրության արտադրամասերի»:
5 հուլիսի, 2016թ.
Ֆրանցիսկոս Պապի տեսաուղերձը համամիութենական հանդիպման մասնակիցներին «Միասին՝ Եվրոպայի համար»
«Միասին՝ Եվրոպայի համար» նախաձեռնության համամիութենական հանդիպման կապակցությամբ, որը Մյունխենում հավաքեց տարբեր Եկեղեցիների ու համայնքների ներկայացուցիչների, Սրբազան Քահանայապետը հատուկ տեսաուղերձով դիմել է նախաձեռնության մասնակիցներին:
Մեկնաբանելով միջոցառման թեման «Հանդիպում, հաշտեցում, ապագա»` Սրբազան Քահանայապետը, ընդգծեց, որ իսկապես եկել է համախմբվելու ժամանակը՝ ճշմարիտ եվրոպական ոգով հրատապ խնդիրները լուծելու համար: Եվրոպայի ցավոտ հարցերի շարքում է «անտեսանելի պատերը», որոնք բաժանում են աշխարհամասը, անցնում են մարդկային սրտերի միջով, պատեր, որոնք առաջացել են վախից ու ագրեսիայից՝ այլ ծագում և այլ կրոնական հայացքներ ունեցող մարդկանց չհասկանալու պատճառով: Այդ պատերը քաղաքական ու տնտեսական եսասիրությունից, մարդու կյանքի ու արժանապատվության հանդեպ անհարգանքի հետևանք են:
Ֆրանցիսկոս Պապը նշեց, որ «Եվրոպան գտնվում է բարդ և դինամիկ աշխարհում, որը ստանում է էլ ավելի գլոբալ բնույթ և դրա հետևանքով՝ էլ ավելի քիչ եվրակենտրոն բնույթ»:
«Եթե մենք ընդունում ենք այդ դարակազմիկ խնդիրների գոյությունը, ապա պետք է նաև քաջություն ունենանք հայտարարելու. «մենք փոփոխություննե՜րի կարիք ունենք»: Եվրոպան պետք է խորհի ու մտածի մի հարցի շուրջ՝արդյո՞ք իր մեծագույն քրիստոնեական ժառանգությունը միայն թանգարանի համար է, թե այն դեռևս ի վիճակի է ոգեշնչելու մշակույթը և իր գանձերը նվիրելու ամբողջ մարդկությանը»:
Սրբազան Հայրը՝ դիմելով միջոցառման մասնակիցներին, հիշեցրեց հանդիպման նպատակի մասին. աշխատել լուծել այդ եվրոպական խնդիրները և ստեղծել այնպիսի քաղաքացիական հասարակություն, որը գործում է համաձայնեցված՝ հանուն թույլերի ու կարիքավորների, որը կամուրջներ է կառուցում ու հաղթահարում բացահայտ ու թաքնված հակամարտությունները:
Ֆրանցիսկոս Պապի խոսքերի համաձայն, ամբողջ Եվրոպայի պատմությունը «մշտական հանդիպում է երկնքի ու երկրի միջև». այդ հավերժական անկեղծությունը տրանսցենդենտալի՝ Աստծո նկատմամբ, և մյուս կողմից էլ կոնկրետ խնդիրներ ու հարցեր լուծելու բնածին կարողությունը: Ինչպես նաև, Եվրոպայի քրիստոնեական համայնքերն ու եկեղեցական շարժումները հանդիսանում են բազմաթիվ պարգևների, Աստծո շնորհների կրողը, որոնցով պետք է կիսվել նաև ուրիշների հետ: «Միասին Եվրոպայի համար» նախաձեռնությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, իր մեջ կրում է մի հիանալի ներուժ՝ «քրիստոնեության հիմնարար արժեքների կյանքի կոչման համար, որպես գործնական պատասխան աշխարհամասի հրատապ հարցերին, մարտհրավերներին ճգնաժամի պայմաններում»:
Ֆրանցիսկոս Քահանայապետը միջոցառման մասնակիցներին ասում է, որ նրանց կենսակերպը հիմնված է փոխադարձ սիրո վրա՝ ավետարանական արմատականությամբ: Փոխադարձության մշակույթը նշանակում է հարգանք և աջակցություն միմյանց նկատմամբ: Դա նշանակում է հատուկ ուշադրություն շնորհների բազմազանությանը՝ ուղղված հարուստ միասնությանը: Քրիստոսի թափանցիկ և զգալի ներկայությունը մեր մեջ հանդիսանում է վկայություն, որը տանում է մարդկանց դեպի հավատք, նշեց Ֆրանցիսկոս Պապը:
«Ցանկացած ճշմարիտ միասնություն ապրում է իր հարուստ բազմազանությամբ»: Այդպես միասնությունը նման է ընտանիքի, որն նույնքան ավելի միասնական է և համախմբված, որքան ազատ ու անվախ «այդ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարող է լինել ինքնուրույն, այնպիսին ինչպիսին կա»:
Եթե ամբողջ Եվրոպան կոչված է լինելու ժողովուրդների ընտանիք, ապա նա պետք է կետրոնում դնի անձի անհատականությունը, դառնա անկեղծ ու հյուրընկալ աշխարհամաս, ինչպես նաև խթանի համագործակցությունը տնտեսական, սոցիալական և մշակույթային առումներով», վստահ է Սրբազան Քահանայապետը:
«Աստված միշտ լուրեր է բերում»,- իր տեսաուղերձի մեջ ընդգծում է Ֆրանցիսկոս Պապը: Որքա՜ն ենք մենք դա զգացել մեր կյանքում: Արդյո՞ք մենք պատրաստ ենք այսօր ևս անկեղծանալու և բացվելու Աստծո անակնկալների համար: Շատ կարևոր է թույլ տալ աճելու Բարի Լուրի և քրրիստոնեական արմատների պտուղներին, որոնք արդեն երկու հազար տարի է ինչ սնուցում են Եվրոպան:
Համամիութենական հանդիպման մասնակիցներին Սրբազան Հայրը կոչ է անում պահպանել պարգևների թարմությունը և իրենց տները, համայնքներն ու քաղաքները վերածել «շփման, ընկերության և եղբայրության արտադրամասերի», որոնք բաց կլինեն ամբողջ աշխարհի համար: Լինել «Միասին՝ Եվրոպայի համար» այսօր առավել ակտուալ է, քան երբևէ:
«Բազմազգ Եվրոպայում մենք վկայում ենք այն մասին, որ մենք բոլորս միակ Երկնային Հոր զավակներն ենք, որ բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Դուք հանդիսանում եք սաղմերը թանկարժեք այն հույսի, որ Եվրոպան նորից կվերականգնի իր սեփական կոչումը. «նպաստել ամբողջ մարդկության միասնությանը».ասում է Քահանայապետը:
Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը