«Ես աղոթեցի քեզ համար, Պետրոս, որպեսզի քո հավատը չպակասի» (Ղուկաս 22, 32)
1 հուլիսի, 2016թ.
2016թ. հունիսի 29-ի առավոտյան Սբ. Պետրոս և Պողոս առաքյալների՝ Հռոմ քաղաքի հովանավորների, տոնին, Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի բազիլիկայում գլխավորեց Սուրբ Պատարագը, որի ժամանակ օրհնեց պալլիումները՝ 25 արքեպիսկոպոս մետրոպոլիտների համար՝ հինգ մայրցամաքներից: Ըստ սովորության, տոնին մասնակցեց Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի պատվիրակությունը:
Իր քարոզում Սրբազան Քահանայապետը նշեց, որ Պատարագը տարբեր նկատառումներով վերաբերում է քրիստոնյայի բացվածության և փակվածության թեմաներին: Գործք Առաքելոց գրքից ընթերցված հատվածը խոսում է բանտում փակված Պետրոսի մասին, քրիստոնեական համայնքի մասին, որը թաքնվում է հալածանքների վախի պատճառով, և Մարկոսի մոր փակ դռների մասին, որոնք թակեց Պետրոսը ազատագրվելուց հետո:
Երբ, որ առաքյալը դեռ բանտում էր. «Եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր» (Գործք 12,5): Հենց աղոթքն է, որ արտահայտում է խոնարհ վստահությունը Աստծուն և Նրա սուրբ կամքին, հանդիսանում է բանալի, որը բացում է մեր եսասիրության ու վախի բանտի դռները՝ մեզ բերելով Քրիստոսի իրական ազատագրությունը,- ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը:
Սուրբ Պողոսը նույնպես Տիմոթեոսին ուղղված նամակում վկայում է իր ազատագրման փորձի մասին, Աստված փրկում էր նրան վտանգներից և միշտ օգնության էր հասնում, որպեսզի առաքյալը շարունակեր հեթանոսներին Ավետարանը քարոզելու իր առաքելությունը: Բայց սուրբ Պողոսը խոսում է ոչ միայն այդ մասին, նրա շրթունքներից հնչում է հավերժական կյանքի հորիզոնների բացվածության մասին լուրը: Սրբազան Հոր խոսքերի համաձայն, Պողոս առաքյալի կյանքը եղել է անընդհատ ելք դեպի մարդիկ:
Ավետարանական ընթերցանության մեջ սուրբ Պողոս առաքյալը խոստովանում է իր հավատը առ Հիսուս և Աստված նրան նվիրում է շնորհ նրա առջև դրված առաքելության բացվածության համար, ինչպես նաև քաջություն իրականացման համար: Ազատագրման այս ճանապարհին վճռական է Հիսուսի աղոթքը. «Ես աղոթեցի քեզ համար, Պետրոս, որպեսզի քո հավատը չպակասի» (Ղուկաս 22, 32):
«Աղոթքը թույլ է տալիս, որպեսզի աստվածային շնորհը բացի դռները՝ դուրս գալու համար վախից դեպի խիզախություն, տխրությունից դեպի ուրախություն: Մենք կարող ենք ավելացնել նաև՝ մեկուսացումից դեպի միասնություն: Այո, այսօր մենք վստահորեն խոսում ենք այդ մասին մեր եղբայրների հետ՝ Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսի ուղարկած պատվիրակությունից, ովքեր ժամանել են Հռոմի սուրբ հովանավորների տոնին մասնակցելու համար»:
Իր քարոզի ավարտին Ֆրանցիսկոս Պապը աղոթք բարձրացրեց սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների բարեխոսության համար, որպեսզի բոլոր հավատացյալները ուրախությամբ կարողանան իրականացնել իրենց ճանապարհը, զգան Աստծո ազատագրման ուժը և վկայեն դրա մասին:
Սուրբ Պատարագի ժամանակ աղոթքներ բարձրացվեցին Եկեղեցու միասնության, աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման, Ավետարանի միսիոներների համար, ինչպես նաև չինարեն լեզվով՝ հալածվող քրիստոնյաների համար, որպեսզի Աստված ամրապնդի նրանց հավատը փորձության ժամանակ և ազատի «թշնամու ձեռքերից»:
Ռադիո Վատիկանից թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը