• «Նայի՛ր հայելու մեջ՝ նախքան ուրիշին դատելը».Քահանայապետի առավոտյան քարոզը

    «Մի՛ դրեք ձեզ Աստծո տեղը»


    28 հունիսի, 2016թ.

     

    Պապն այս խորհուրդը տվեց իր քարոզում Սուրբ Մարթայի Մատրան մեջ հունիսի 21-ին մատուցած Սբ. Պատարագի ընթացքում, եւ նշեց, որ Աստծո դատաստանը տարբերվում է մերից  «ողորմությամբ», ոչ  թե «ամենազորությամբ»։

     

    «Քանի որ դատաստանը պատկանում է միայն Աստծուն, -բացատրեց Պապը,- եթե չենք ուզում  դատվել,  չպիտի դատենք ուրիշներին»:

     

    Հենվելով Ավետարանից ընթերցված հատվածի վրա՝ Պապն ասաց․ «Բոլորս էլ ուզում ենք, որ Տերը մեզ վրա բարությամբ  նայի Դատաստանի օրը եւ հույս ենք փայփայում, որ Նա  կմոռանա բոլոր վատ բաները, որ արել ենք կյանքում»:

     

    Հետեւաբար, եթե մշտապես դատեք ուրիշներին, «նույն չափով էլ դուք կչափվեք»: Ուստի,  Տերը խնդրում է մեզ նայել  հայելու մեջ:

     

    «Նայե՛ք հայելու մեջ, բայց ոչ՝ դիմահարդարվելու եւ կնճիռները թաքցնելու համար։ Ո՛չ, ո՛չ, դա չէ խորհուրդս։ Նայե՛ք հայելու մեջ, որպեսզի տեսնեք ինքներդ ձեզ, ինչպիսին որ կաք։ «Ինչու՞ քո եղբոր  աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում։ Կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կա»։  Եւ ինչպե՞ս է Տերը նայում մեզ, երբ անում ենք դա։ Մեկ բառ․ «Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա հստակ կտեսնես  քո եղբոր աչքից շյուղը անելու համար»:

     

    Մի՛ դատեք ուրիշներին, աղոթե՛ք նրանց համար։

     

    Պապը նկատեց, որ այստեղ, «տեսնում ենք, որ Տերը մի փոքր «բարկանում է», անվանում է մեզ «կեղծավորներ», երբ փորձում ենք դնել մեզ Իր տեղը, ինչպես Ադամն ու Եվան արեցին:

     

    Օձը համոզեց Ադամին ու Եվային չենթարկվել Աստծուն, ասելով. «Եթե ուտեք սա, նրա նման կլինեք»։

    «Այդ իսկ պատճառով, դատելը շատ տգեղ է։ Դատելը  պատկանում է միայն Աստծուն, միայն նրան», – բացականչեց Պապը: Մենք պիտի «սիրենք», «հասկանանք, աղոթենք ուրիշների համար, երբ տեսնում ենք բաներ, որոնք այնքան էլ լավ չեն», – ասաց  Պապը, կոչ անելով մեզ սիրալիր խոսել ուրիշների հետ, որպեսզի նրանք կարողանան սովորել իրենց սխալներից․  «բայց երբեք չդատեք, երբեք: Դա կեղծավորություն կլինի, եթե դատենք»։

     

    Պապը զգուշացրեց, որ եթե դատենք ուրիշներին, «կդնենք մեզ Աստծո տեղը» մեր «էժանագին» եւ «մշտապես ոչ ճիշտ դատաստանով»: Մեր դատաստանը չի կարող նման լինել Աստծո դատաստանին, քանի որ մեր դատաստանում չկա ողորմություն, բայց երբ Աստված է դատում, Նա դատում է ողորմությամբ»։

     

    «Եկեք այսօր մտածենք, թե ինչ է Տերն ասում մեզ. մի՛ դատեք, որպեսզի չդատվեք. այն չափը,  որով դատում ենք, կօգտագործվի նաեւ մեզ համար. եւ, երրորդը, եկեք նայենք հայելու մեջ, նախքան դատելը:

     

    Սրբազան Քահանայապետը եզրափակեց նշելով, որ մարդկային դատաստանը չունի Տիրոջ դատաստանի ողորմությունը, «Թող Տերն օգնի մեզ հասկանալ այս բաները»:

     

    Zenit  լրատվական գործակալության կայքից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

Օրացույց

Օրացույց