• 1915-ի հայերի կոտորածների մասին կարելի է օգտագերծել միայն «ցեղասպանություն» եզրույթը.վստահ է Պապը

    Մամլո ասուլիս՝ Երևանից Հռոմ մեկնելիս


    27 հունիսի, 2016թ.

     

    Հունիսի 26-ին Երևանից Հռոմ վերադառնալիս Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը մամլո ասուլիս հրավիրեց ինքնաթիռում, որը սկսվեց Հայաստան կատարած առաքելական այցի վերաբերյալ հարցերով:

     

    Երբ Քահանայապետին հարց է ուղղվել Հայաստան կատարած այցից իր տպավորությունների մասին, նա ասել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ տառապանքներ է կրել, հայ ժողովրդի կյանքը նման է քարե կյանքի, որը միաժամանակ մայրական քնքշություն ունեցող մի սրբապատկեր է: Քարե կյանք, որովհետև կրել է անթիվ խաչեր՝ առանց կորցնելու մայրական քնքշությունը, արվեստականությունը և երաժշտությունը: Լոկ իր հավատքով կարողացավ հայ ժողովուրդը կանգուն մնալ, վստահ է Քահանայապետը:

     

    Հայ ժողովուրդը եղավ Տիրոջից օրհնված առաջին քրիստոնյա ազգը, տվեց սուրբ եպիսկոպոսներ, նահատակներ, ասել է նա:

     

    Քահանայապետն ասել է, որ Արգենտինայում ինքը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել տեղի հայերի հետ, հաճախել հայկական եկեղեցիներ:

     

    Սրբազան Քահանայապետը խոսեց նաեւ «ցեղասպանություն» բառի օգտագործման մասին: Ընդունելով արտահայտության իրավական նշանակությունը՝ Քահանայապետը  բացատրեց, որ դա  տերմին է, որը  սովորաբար օգտագործվում է Արգենտինայում՝ բնութագրելու հայերի կոտորածը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Նա ասել է, որ ինքը հայերի ոչնչացման վերաբերյալ այլ բառ չգիտի, քան միայն՝ «ցեղասպանությունը»: Արգենտինայում օգտագործել են միայն այդ բառը, իսկ երբ Հռոմ է եկել, լսել է այլ բառեր՝ «մեծ չարիք, ողբերգություն», իրեն ասել են, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է, բացատրել է Քահանայապետը:

     

    Նորին Սրբությունն ասել է, որ ինքը մշտապես խոսել է 20-րդ դարում իրականացված երեք ցեղասպանությունների մասին՝ հայոց ցեղասպանության, Հիտլերի ցեղասպանության և Ստալինի ցեղասպանության:

     

    Անդրադառնալով ՀՀ նախագահական պալատում իր արտասանած «ցեղասպանություն» բառին՝ Քահանայապետն ասել է, որ դա նախատեսված չէր իր ելույթի տեքստում, բայց ինքը չէր կարող այդ եզրույթը չօգտագործել ՀՀ նախագահի ելույթից հետո և որոշեց այդ եզրույթն օգտագործել ոչ թե որպես վիրավորանք, այլ՝ որպես լավ ապագայի հեռանկար:

     

    Այլ հարցեր

     

    Համայն ուղղափառ ժողովի մասին խոսելիս, որն ավարտվեց կիրակի օրը Կրետեյում, Պապն ասաց «Մեկ քայլ առաջ է արվել․․․Կարծում եմ, որ արդյունքը դրական էր»: Ի պատասխան բողոքական «Ռեֆորմացիայի» 500-ամյակին նվիրված առաջիկա հիշատակի արարողությունների հարցին Ֆրանցիսկոս Պապն ասաց․«Կարծում եմ՝  սա նաեւ ճիշտ պահ է մեզ համար ոչ միայն հիշելու երկու կողմերի վերքերը, այլեւ ճանաչելու Ռեֆորմացիայի պարգեւները»: Նա նաեւ գովաբանական խոսքեր ասաց Մարտին Լյութերի մասին։

     

    Պապը պատասխանեց նաեւ կին սարկավագների, եւ այդ հարցը քննարկելու համար հանձնաժողով ձեւավորելու իր որոշման վերաբերյալ հարցին: «Կանանց միտքը կարեւոր է», քանի որ նրանք մոտենում են հարցերին այլ տեսանկյունից։ «Մարդ չի կարող լավ որոշում կայացնել առանց կնոջ լսելու»։

     

    Աշխարհիկ մամուլը կենտրոնացավ միասեռականների հետ Եկեղեցու հարաբերությունների վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի կատարած դիտարկումների վրա։ Եւս  մեկ անգամ պնդելով, որ համասեռամոլների նկատմամբ չպետք է խտրական վերաբերմունք ցուցաբերվի՝ Սրբազան Պապն ասաց, որ Եկեղեցին պետք է ներողություն խնդրի համասեռամոլներից  նրանց վիրավորելու համար, Եկեղեցին պետք է ներողություն խնդրի ցանկացած մարդուց, ում վիրավորել է քրիստոնյան, ով չի ապրում ըստ Ավետարանի: Եկեղեցում միշտ էլ կլինեն լավ ու վատ քրիստոնյաներ, – ասաց նա՝ մեջբերելով Քրիստոսի առակը ցորենի եւ որոմի մասին: «Մենք բոլորս սրբեր ենք, քանի որ բոլորս էլ ունենք Սուրբ Հոգի: Բայց բոլորս էլ մեղավոր ենք, եւ ես առաջին մեղավորն եմ».ասել է Քահանայապետը:

     

    Սրբազան Քահանայապետն անդրադարձավ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցին, ինչպես նաեւ  առաջիկայում Լեհաստան կատարելիք իր ճանապարհորդությանը, որը կներառի այց Օսվենցիմ: Պապն ասաց, որ նման վայրերում սիրում է խորհել լռության մեջ, «միայնակ», աղոթելով, որ Տերը իրեն «լաց լինելու» շնորհը պարգեւի:

     

    Ասուլիսի վերջում Պապը շնորհակալություն հայտնեց լրագրողներին իրենց քրտնաջան աշխատանքի եւ բարության համար։

Օրացույց

Օրացույց