• Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հարցազրույցը՝ Քահանայապետի Հայաստան կատարելիք այցի մասին

    «Պապի այցը Հայաստան սիրո եւ երախտագիտության նշան է»


    21 հունիսի, 2016թ.

     

    Հարցազրույց Արեւելյան Եկեղեցիների միության պրեֆեկտ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ․«Պապի այցը այս երկիր ուխտագնացություն կլինի՝ ողորմության եւ խաղաղության անունով»։

     

    Արեւելյան Եկեղեցիների միության պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին շատ լավ ծանոթ է երկրին եւ ուղեկցելու է Պապին Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում։

     

    Գերաշնորհ Սրբազան Հայր, ո՞րն է Քահանայապետի Հայաստան կատարելիք այցի էությունը:

     

    -«Կարծում եմ, այս այցը նախեւառաջ ուխտագնացության մի տեսակ է․ Քահանայապետի այցը սիրո եւ հիացմունքի նշան է՝ այս հինավուրց Եկեղեցու հանդեպ, իր դարավոր քրիստոնեական ավանդությամբ, այս երկրին նվիրվածության մի քայլ է, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը  301 թ., երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչն առաջնորդեց ամբողջ ազգին դեպի կրոնափոխություն եւ մկրտություն: Սրբազան Քահանայապետը կհայտնի իր երախտագիտությունն ու հարգանքը մի ժողովրդի հանդեպ, որը ձեւավորվել է քրիստոնեական ոգով եւ կարողացել է պահպանել հավատքի թանկարժեք գանձը եւ իր ինքնությունը դարեր շարունակ: Սա է հոգեւոր ուժը, որի վրա Հայաստանը կարող է կառուցել խաղաղության ու հույսի ապագա: Կարծում եմ նաեւ, որ այս այցը շատ կարեւոր կլինի ողջ հայկական սփյուռքի համար, բոլոր այն տղամարդկանց եւ կանանց համար, ովքեր բնակվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում եւ բազմաթիվ այլ երկրներում, որոնք այս ժողովրդի արժեքների եւ մարդկային ու քրիստոնեական հարստության փայլող օրինակներն են: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի խոսքը եւ օրհնությունը մեծ մխիթարություն ու խթան կհանդիսանա նրանց համար:

     

    -Դուք մի քանի անգամ եղել եք  այս երկրում, վերջին անգամ եղել եք 2015 թ., Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Եկեղեցու օծման արարողությանը։ Հայ ժողովրդի արժեքներից ո՞րն է ապշեցնում ձեզ ամենաշատը։

     

    -Ինձ ապշեցնում եւ խորին հիացմունք է առաջացնում այս ժողովրդի զոհաբերության ոգին, նրանց կարողությունը դիմակայելու յուրաքանչյուր պատմական իրադարձությանը՝ ճշմարիտ քրիստոնեական ոգով եւ Քրիստոսի խաչի վրա հիմնված, թե՛ ազատության, եւ թե՛ հալածանքների ու տառապանքի ժամանակներում: Խաչքարերը Քրիստոսի Խաչի հետ այս կապի ազդեցիկ խորհրդանիշներն են, ամբողջ երկրում կան դրանք, կարծես, ունեն տեսանելի ոսկրային կառուցվածք: Հաստատակամությունը հավատքի մեջ, խոնարհությունը եւ ծառայության ոգին Հայաստանի ուժեղ կողմերն են, որոնք օգնել են այս հսկա քրիստոնեական համայնքին հաղթահարել 20-րդ դարի սարսափելի վայրագությունները, որոնք խլել են ավելի քան մեկ ու կես միլիոն հայ քրիստոնյայի կյանք»:

     

    Ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ վայրագությունները հայ ժողովրդի հոգու եւ հոգեւորականության վրա:

     

    -Այս աներեւակայելի ցավալի իրադարձություններն անջնջելի հետք են թողել նրանց վրա: Մտածում եմ հայկական Պատարագի մասին, նրանց երգեցողությունը ապշեցուցիչ է ինձ համար․ այն սրտաճմլիկ է, գալիս է հոգու խորքից։ Արտահայտում է Աստծուն նվիրված ոգի, հավատք, որ երբեք չի մերժվել եւ վաճառվել, այլ պահպանվել է բարձր գնի՝ տառապանքի հաշվին: Սա մի ժողովուրդ է, որին շատ ծանոթ է տառապանքը: Զգում եմ, որ աղոթք է ծնվում սրտումս, երբ մտածում եմ, որ Ֆրանցիսկոս Պապը պատրաստվում է դիպչել հայ ժողովրդին՝ մխիթարությամբ եւ կարեկցանքով, այսինքն՝ այս ամբողջ ցավը ավելի մեծ հույս ու սեր կծնի»:

     

    -Ինչպե՞ս եք գնահատում Կաթողիկե Եկեղեցու եւ Հայ Առաքելական Եկեղեցու ընթացիկ հարաբերությունները:

     

    -Համարում եմ դրանք շատ եղբայրական եւ, հատկապես, բարեկամական։ Կաթողիկէ համայնքը շատ փոքր է քանակապես, եւ  պիտի շնորհակալ լինենք Տիրոջը այն բանի համար, որ Հայ Առաքելական Եկեղեցին Գարեգին Բ-ի եւ նրա նախորդի՝ Գարեգին Ա-ի մեծահոգության շնորհիվ թույլ է տվել, որ Կաթողիկե Եկեղեցին գոյություն ունենա եւ ապրի իր հավատը եւ ողորմության գործերը՝ ծառայելով ողջ ժողովրդին։ Նկատի ունեմ, օրինակ, Գթության Քույրերի կատարած աշխատանքը Սպիտակում, Երեւանում եւ Աշոցքի հիվանդանոցում, որոնք մինչ օրս ղեկավարում են Կամելիանները եւ Հիսուսի Փոքր Քույրերը։ Այս հիվանդանոցը նվիրաբերել է Կարիտաս Իտալիան Հովհաննես Պողոս Բ-ի խնդրանքով, 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Համոզված եմ, որ Ֆրանցիսկոս Պապի այցը էլ ավելի սերտ կապեր կստեղծի երկու Եկեղեցիների միջեւ՝ խթանելով եղբայրության, բարեկամության եւ փոխադարձ աջակցության ավելի ամուր եւ պտղաբեր կապերի զարգացումը, որոնք կհանգեցնեն ժրաջան համագործակցությանը բազմաթիվ ոլորտներում։

     

    -Ի՞նչ եք կարծում, Ֆրանցիսկոս Սրբազան Պապը եւ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրե՞ն «Համատեղ հռչակագիր», ինչպես արեցին Ս. Հովհաննես Պողոս Բ-ն եւ Գարեգին Բ-ն 2001 թ.:

     

    -Ենթադրում եմ, որ Համատեղ Հռչակագիրը այս առիթով եւս կստորագրվի եւ կընդգծի ու կշեշտի ընդհանուր հավատը Քրիստոսի՝ մեր Փրկչի հանդեպ եւ կարտահայտի մտադրությունը եւ պատրաստակամությունը կառուցելու զարգացող եղբայրական կապեր՝ Աստծո բարեհաճությամբ:

     

    Ի՞նչ եք կարծում, Ֆրանցիսկոս Պապի այցը կազդի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների խմբի վրա, որը լուծում է փնտրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած  հակամարտության համար, թեեւ առայժմ առանց որեւէ հաջողության։

     

    -Միանշանակ կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կընձեռի ուշադրություն հրավիրելու եւ խրախուսելու այն արժեքները, որոնք յուրաքանչյուր մարդկային հասարակության ողնաշարն են․ բռնության, զենքի կիրառման մերժում, խաղաղության հաստատում՝ դիվանագիտական քայլերի, երկխոսությունների եւ բանակցությունների միջոցով: Կարծում եմ, Հայաստան կատարելիք իր այցի ժամանակ՝ դեպի կովկասյան տարածաշրջան իր ճամփորդության առաջին փուլում (սեպտեմբերին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կգնա Վրաստան եւ Ադրբեջան), Պապը խաղաղության հզոր կոչ կանի  եւ սրտառուչ կերպով կհրավիրի աշխատել այն ուղղությամբ, որ Կովկասը դառնա այն, ինչ աշխարհագրական իմաստ, որ ունի՝ կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»:

     

    Vatican Insider պարբերականի հրապարակումից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

Օրացույց

Օրացույց