• «Դու՛ք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ».Նորին Սրբության կիրակնօրյա քարոզը։

    «Մեզ բոլորիս հարկավոր են բավարար պատասխաններ մեր գոյաբանական (existential) հարցերին»:


    21 հունիսի, 2016թ.

    Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, բարի՛ լույս:

     

    Այս կիրակի օրվա Ավետարանի ընթերցված հատվածը (Ղուկ․ 9: 18-24) կոչ է անում մեզ, այսպես ասած,  եւս մեկ անգամ դեմ առ դեմ կանգնել Հիսուսի հետ:

     

    Իր հազվադեպ հանգիստ պահերից մեկի ընթացքում, երբ Հիսուսն իր աշակերտների հետ էր,  հարցրեց նրանց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում․ ո՞վ եմ»։ Եվ նրանք պատասխանեցին․ «Հովհաննես Մկրտիչը. եւ ոմանք թե՝ Եղիան, իսկ ուրիշներ, թե՝ մի մարգարե հարություն է առել»:

     

    Այսպիսով, տեսնում ենք, որ մարդիկ հարգում էին Հիսուսին եւ մեծ մարգարե համարում, սակայն դեռ չգիտեին Նրա ճշմարիտ ինքնության մասին, որ Նա Մեսիան էր, Աստծո Որդին՝ ուղարկված Հայր Աստծու կողմից՝ մարդկության փրկության համար։

     

    Այնուհետեւ, Հիսուսը հարցն ուղղում է առաքյալներին, քանի որ դա էր առավելապես հետաքրքրում նրան. «Դու՛ք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ»։

     

    Անմիջապես, բոլորի անունից, Պետրոսը պատասխանեց․ «Աստծու Քրիստոսը»: Ասել է թե՝ Դու ես Մեսիան, Աստծո օծյալը՝ ուղարկված Նրա կողմից՝ փրկելու Իր ժողովրդին, ըստ Ուխտի եւ Իր խոստման: Այսպիսով, Հիսուսը հասկանում է, որ Տասներկու առաքյալները եւ մասնավորապես Պետրոսը, ստացել են Հոր կողմից հավատի պարգեւը, եւ այդ պատճառով սկսեց բացահայտ խոսել նրանց հետ այն մասին, ինչ սպասվում է իրեն՝ Երուսաղեմում. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի եւ անարգվի քահանայապետներից եւ ծերերից ու օրենսգետներից․  եւ սպանվի ու երրորդ օրը հարություն առնի»:

     

    Այս նույն հարցերը տրվում են մեզանից յուրաքանչյուրին: «Ո՞վ է Հիսուսը՝ մեր օրերի մարդկանց համար։ Ո՞վ է Հիսուսը մեզանից յուրաքանչյուրի համար»։

     

    Մենք կոչված ենք Պետրոսի պատասխանը դարձնելու մեր սեփականը, ուրախությամբ հայտարարելու, որ Հիսուսը Աստծո Որդին է, Հոր հավերժական Խոսքը, որ մարդացավ, որպեսզի փրկի մարդկությանը՝ առատորեն հեղելով մարդկության վրա աստվածային ողորմությունը։

     

    Աշխարհն ավելի քան երբեւէ ունի Քրիստոսի կարիքը, Նրա փրկության եւ ողորմած սիրո կարիքը: Շատ մարդիկ դատարկություն են նկատում իրենց  շուրջը եւ իրենց ներսում։ Մյուսներն ապրում են անհանգստության եւ անապահովության մեջ՝ անհուսալիության եւ հակամարտությունների պատճառով: Մեզ բոլորիս հարկավոր են բավար պատասխաններ՝ մեր գոյաբանական հարցերին: Քրիստոսի մեջ եւ միայն Նրա մեջ է հնարավոր գտնել իրական խաղաղություն եւ մարդկային յուրաքանչյուր ձգտման իրականացում։ Հիսուսը ճանաչում է մարդու սիրտը, ինչպես ոչ ոք։ Հետեւաբար կարող է բուժել այն, տալով նրան կյանք ու մխիթարություն:

     

    Առաքյալների հետ իր երկխոսությունն ավարտելուց հետո Հիսուսը դիմում է բոլորին. «Եթե մեկը կամենում է իմ հետեւից գալ, թող ուրանա իր անձը եւ իր խաչը մշտապես վերցնի ու գա իմ հետեւից»:

     

    Սա չի վերաբերում դեկորատիվ կամ գաղափարական խաչին, այլ պարտականությունների խաչին, ուրիշների համար սեփական աձը սիրով զոհաբերելուն, աղքատների հետ համերաշխության մեջ լինելու պատրաստակամությանը, արդարության եւ խաղաղության համար ջանքեր գործադրելուն:

     

    Այս վերաբերմունքը ստանձնելիս՝ չպետք է մոռանանք, որ «ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի»:

     

    Հետեւաբար, եկեք հրաժարվենք մեր անձերից  վստահելով Նրան՝ մեր եղբայր Հիսուսին, ընկերոջը եւ փրկչին։ Սուրբ Հոգու միջոցով Նա մեզ ուժ կտա, որ  առաջ գնանք հավատի եւ վկայության ուղով: Տիրամայրը միշտ մոտ է այս ճանապարհին․ եկեք թույլ տանք, որ նա բռնի մեր ձեռքը խավարի ու դժվարության պահերին։

     

    Հրեշտակ Տեառն ուղերձից հետո Ֆրանցիսկոս Պապը հիշեցրեց, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 20-ին, Փախստականների համաշխարհային օրն է, որը հովանավորվում է Միավորված Ազգերի Կազմակերպության  կողմից։

     

    Նա ընդգծեց, որ փախստականները «մեզ նման մարդիկ են, բայց պատերազմը խլել է նրանց տները, աշխատանքը, հարազատներին եւ ընկերներին»:

     

    «Նրանց պատմությունները եւ դեմքերը կոչ են անում մեզ նորոգել մեր ջանքերը եւ խաղաղություն ու արդարություն կառուցել»,- ասաց Ֆրանցիսկոսը՝ հավելելով,-ուզում ենք լինել նրանց հետ, հանդիպել նրանց, ընդունել նրանց, որպեսզի կրկին դառնանք խաղաղության արհեստավորներ՝ համաձայն Աստծո կամքի:

     

    Ֆրանցիսկոս Պապը նշեց նաեւ, որ շաբաթ օրը Ֆոջջիայում՝  Իտալիայում, քույր Մարիա Չելեստե Քրոսթարոսան՝ Սուրբ Փրկչի Ուխտի հիմնադիրը, երանելի հռչակվեց: Նա հույս հայտնեց, որ «նոր երանելին, իր օրինակով եւ բարեխոսությամբ, կօգնի մեզ մեր ողջ կյանքը համապատասխանեցնելու Հիսուսի՝ մեր Փրկչի կյանքին»:

     

    Զենիտ լրատվական գործակալության կայքից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

Օրացույց

Օրացույց