Հարցազրույց Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի հետ
14 հունիսի, 2016թ
2016թ.հունիսի 12-ին Մոսկվայի Սուրբ Կույս Մարիամի Անարատ Հղության կաթողիկէ եկեղեցում հանդիսավորապես նշվեց Ս. Գրիգոր Լուսավորչի Նշխարների գյուտի տոնը, որը նշանավորվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների փոխանցմամբ հայ կաթողիկէ համայնքին: Սբ. Գրիգորի իտալական Նեապոլ քաղաքում պահվող մասունքների մասը փոխանցվեց Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքին՝ ի դեմս Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի: Մասունքները ժողովրդապետին փոխանցել են Նեապոլի արքեպիսկոպոս Կրեշենցիո Սեպեն և Նեապոլի Ս. Գրիգոր Լուսավորչի վանքի մայրապետ Ջիզզելլա Նակկան:
Այս մասին զրուցեցինք Հ. Պետրոս վրդ Եսայանի հետ:
–Հայր Պետրոս, ինչպե՞ս մասունքերը փոխանցվեցին Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքին:
Պետք է ասել, որ նշանակությունը այս մասունքերի շատ մեծ է: Մենք ունենք մեծ համայնք: Ես ցանկանում էի, որպեսզի Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքը ունենանք մեզ մոտ` Մոսկվայում: Այս պատճառով էլ հատուկ նամակով դիմեցի Նեապոլի Կարդինալին և ցանկություն հայտնեցի, որպեսզի Նեապոլի Ս. Գրիգոր եկեղեցում մատուցեմ Սուրբ Պատարագ և Սբ. Գրիգոր Լուսավորչի մի մասունք ինձ հետ բերեմ Ռուսաստան: Նամակը գրելուց հետո էլ պապական դեսպանության մոնսինյոր Անժեյ Յուզկովիչն էլ իր հերթին, ինձ օժանդակելու համար, իր անունից նամակ ուղարկեց Կարդինալին: Այսպես, իմ խնդրանքը հավանության արժանացավ և Կարդինալի հրամանով մեզ տրվեց սուրբ մասունքը: Զատվեց ոսկորը և տրվեց ինձ:
–Ինչպե՞ս տեղի ունեցավ մասունքների փոխանցման արարողությունը
Ամեն ինչ տեղի է ունեցել փաստաթղթերով, և մասունքը օրինական կերպով պատկանում է Մոսկվայի կաթողիկէ համայնքին: Ես վստահ չէի, որ մասունքը կկարողանամ ինձ հետ բերել Մոսկվա, այդ իսկ պատճառով էլ իմ վերջին Պատարագի ժամանակ ոչինչ չէի ասել Մոսկվայի համայնքին, սակայն վերադարձա մասունքով, և մասունքը մեծ շուքով` թափորով ու երգչախմբի ուղեկցությամբ, տարվեց եկեղեցի` որտեղ էլ մատուցվեց Սբ. Պատարագ: Իսկ Սբ. Պատարագից անմիջապես հետո տեղի ունեցավ համերգային ծրագիր, որտեղ Սոնա Արշակյանը նվագեց բազմաթիվ ստեղծագործություններ, ինչպես նաև՝ կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանի ստեղծագործություններից:
–Մասունքերի փոխանցումը ի՞նչ նշանակություն ունի եկեղեցու ու համայնքի համար
Այս տարի Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը դարձավ մեզ համար կրկնակի տոն: Ամբողջ Ռուսաստանում Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքը չունենք, և սա մեզ համար մեծ ուրախություն է: Սուրբ պաշտպանը մեզ հետ կլինի ոչ միայն Երկնքում, այլ նաև արդեն ֆիզիկապես: Սա, իսկապես մեծ իրադարձություն է մեզ բոլորիս համար: Հույսեր ենք կապում, որ այն մեզ պետք է էլ ավելի ուժ տա՝ հավատքը պահելու և զորացնելու համար: Սա կարող է խթան հանդիսանալ և կարող է միավորել ամբողջ հայությանը:
Այսպես, օրինակ, երեկ ազգությամբ ռուս մի կին էր մոտեցել ինձ և հարցնում էր թե ինչ է սա: Այդ կինը անցած տարի եղել էր Նեապոլում` որտեղ պահվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքները: Նա ինձ ասաց, թե որքան է նրան մեծապես ձգում այս սուրբ մասունքները և թե ինչպես է զգացել մեծ շնորհի ազդեցությունը:
Ուզում եմ ասել, որ մենք պետք է Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների միջոցով ավելի զորանանք ու միասնական դառնանք մեր հավատքի մեջ:
-Սրբի մասունքների հանդեպ կազմակերպվելու՞ է ջերմեռանդություն
Անշուշտ, մենք պետք է անենք ինչպես տոնական աղօթքը, այնպես էլ իննօրյա աղօթքը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչին:
-Ինչպե՞ս կգնահատեք համայնքի հոգևոր ջերմեռանդությունը
Հիմա շատ ուրախ եմ և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում համայնքը էլ ավելի կակտիվանա: Չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի, թե ժողովրդի թիվը կշատանա, բայց, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ժողովրդի և Եկեղեցու միջև կապը ավելի կսերտանա: Իսկ դա նշանակում է հավատարիմ մնալ Քրիստոսի նկատմամբ և ապրել քրիստոնեավայել կյանքով: Ժողովուրդը անչափ ոգևորված է, եթե այսպես մնա ամեն բան. Փա՛ռք Տիրոջը:
-Ի՞նչ բարդություններ կան սեփական եկեղեցի ունենալու հետ կապված
Սկզբում մենք գրանցում չունեինք և գրանցում ունեցել ենք միայն 2012թ.: Այժմ ունենք հողատարածքի խնդիր, չունենք հովանավորներ: Ցավոք, սրանք խնդիրներ են, որոնք կարծում եմ, Աստծո կամոք մի օր կլուծվեն և մենք էլ կունենանք մեր եկեղեցին: Հույսս դնում եմ Գրիգոր Լուսավորչի բարեխոսության վրա և, որ իր հավատքի օրինակով զորացնի մեզ`բոլորիս:
Լիլիթ Մկրտչյան