«Երջանկություն կարելի է ձեռք բերել միայն ուրիշներին առանց բացառության սիրելու ունակության միջոցով»:
13 հունիսի, 2016թ.
2016թ.հունիսի 12-ին Սբ. Պետրոսի հրապարակում Սրբազան Քահանայապետը Սբ. Պատարագ է մատուցել հիվանդների և հաշմանդամների համար: Քարոզի նա ժամանակ քննադատել է հիվանդների և հաշմանդամների նկատմամբ անտարբերության երևույթը:
«Ինչպիսի՛ պատրանք է, երբ մարդիկ այսօր փակում են իրենց աչքերը հիվանդության եւ հաշմանդամության վրա»։ Ֆրանցիսկոս Սրբազան Պապն ասել է կշտամբելով․ «Նրանք չեն կարողանում հասկանալ կյանքի իրական իմաստը, որը պիտի ընդունի նաեւ տառապանքը եւ սահմանափակումները».ասել է նա:
Քահանայապետը խոսել է Սուրբ Պողոսի Գաղատացիներին ուղղված նամակի հետևյալ հատվածի մասին. «Քրիստոսի հետ խաչը ելա. կենդանի եմ այսուհետեւ, բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոսը»՝ նշելով, թե ինչպես է առաքյալը զորավոր կերպով արտահայտում քրիստոնեական կյանքի խորհուրդը:
Պապն ընդգծել է, որ այս վերածնունդն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները, նույնիսկ հիվանդությունը, տառապանքը եւ մահը Քրիստոսի մեջ են գտնում իրենց վերջնական իմաստը: Նա նշեց, որ հիվանդների եւ հաշմանդամների այս հոբելյանական օրը շատ հարմար առիթ է՝ հիշելու սա եւ այն, որ բոլոր հավատացյալները ինչ – որ պահի կոչված են դեմ առ դեմ կանգնելու տկարության ու հիվանդությանը, լինի դա իրենց սեփականը կամ ուրիշներինը։
Պապը հիշեցրել է, որ մարդկային բնությունը բնորոշվում է իր սահմանափակումներով:
«Այն տարիքում, երբ մարմնի խնամքը դառնում է մոլուցք եւ մեծ բիզնես, ցանկացած անկատար բան պիտի թաքցվի», – ցավով նշել է Քահանայապետը, -քանի որ այն սպառնում է մի քանի արտոնյալների երջանկությանն ու խաղաղությանը եւ վտանգում գերիշխող մոդելը»:
Պապն ասել է, որ նման մարդիկ «լավ կլինի, որ հեռու լինեն իրարից»:
Մարդիկ խաբում են իրենք իրենց, երբ փակում են աչքերը տառապյալների առաջ, նրանք չեն հասկանում կյանքի իմաստը:
«Աշխարհը չի դառնում ավելի լավը, որովհետեւ միայն թվացյալ «կատարյալ» մարդիկ են ապրում այնտեղ, այլ՝ միայն այն ժամանակ, երբ մարդկային համերաշխությունը, փոխադարձ ընդունումը եւ հարգանքը աճում են»։
Նորին Սրբությունը հիշեցրել է, որ օրվա Ավետարանը (Ղուկ 7: 36-8: 3) ներկայացնում է մեզ տկարության կոնկրետ իրավիճակ, որտեղ մեղավոր մի կին դատապարտվում եւ մերժվում է, բայց Հիսուսը ընդունում եւ պաշտպանում է նրան: Այս քնքշությունը ցույց է տալիս Աստծո սերը նրանց հանդեպ, ովքեր տառապում են եւ մի կողմ են նետված:
Սրբազան Քահանայապետը նշել է, որ տառապանքը միայն ֆիզիկական չէ, այսօր առավել հաճախակի հանդիպում են հոգեւոր չարիքներ։
«Դա սրտի տառապանքն է. սիրո բացակայությունը տխրություն է առաջացնում։ Երբ զգում ենք հիասթափություն կամ դավաճանություն կարեւոր հարաբերություններում, սկսում ենք գիտակցել, թե որքան խոցելի եւ անպաշտպան ենք»:
Ֆրանցիսկոս Պապը բացատրել է, որ երջանկությունը, որը ցանկանում ենք, կարելի է ձեռք բերել միայն առանց բացառության սիրելու ունակության միջոցով:
Ներկաներին ուղղել է նաեւ այն հարցը, թե արդյո՞ք կարող ենք «մեղադրել Աստծուն, մեր տկարությունների ու տառապանքների համար, երբ գիտակցում ենք, թե որքան տառապանք կա խաչված Որդու դեմքին»։
Պապը կոչ է արել հավատացյալներին ընդօրինակել Հիսուսին, ում «ֆիզիկական ցավը ուղեկցվում էր ծաղրանքով, ամբարտավանությամբ եւ արհամարհանքով», բայց «Հիսուս այդ ամենին պատասխանում էր ողորմությամբ, որ ընդունում եւ ներում է ամեն ինչ»:
«Հիսուսն է բժիշկը, ով բուժում է սիրո դեղով, քանզի վերցնում է իր վրա մեր տառապանքները եւ փրկում մեզ: Գիտենք, որ Աստված կարող է հասկանալ մեր տկարությունները, քանի որ ինքն էլ անձամբ զգացել է դրանք (Եբր․ 4.15)»:
Քահանայապետը եզրափակել է՝ հիշեցնելով հավաքվածներին, որ մեր վերաբերմունքը հաշմանդամների հանդեպ «սիրո ցուցանիշն է»:
Zenit լրատվական գործակալության կայքից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը