• Հոգևոր համերգ Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին

    Մենակատարն է երգչուհի Մերի Մկրտչյանը


    13 հունիսի, 2016թ.

     2016թ. հունիսի 24-ին, ժամը 19:00-ին, Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա երգչուհի Մերի Մկրտչյանի մենահամերգը՝ երգակցությամբ Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի և նախաձեռնությամբ Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի:

     

    Համերգի խորագիրն է՝ «Հոգևոր համերգ՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին»:

     

    Մերի Մկրտչյանի մենահամերգի նպատակն է՝ տոնական դարձնել Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան, և մասնավորապես՝ Գյումրի, նախապատրաստել հաջորդ օրը կայանալիք Սբ. Պատարագին՝ ապահովելով հաճելի և հարուստ հոգևոր մտթնոլորտ՝ որպես գեղեցիկ մի նախերգանք այս պատմական հույժ կարևոր հոգևոր իրադարձության համար: Այդ մենահամերգը Գյումրիի հայ կաթողիկէ համայնքի և Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու սպասումի, Սրբազան Պապի այցի առիթով հոգևոր խանդավառության մի յուրահատուկ արտահայտություն է:

     

    Համերգին հրավիրված են հավատացյալներ, հասարակական, մշակութային գործիչներ, ինչպես նաև՝ բազմաթիվ օտարերկրյա հյուրեր (հայ կաթողիկէ բարձրաստիճան հոգևորականներ, սփյուռաքահայեր և այլք), ովքեր ներկա են գտնվելու 2016թ. հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սուրբ Պատարագի արարողությանը:

     

    Մենահամերգի ընթացքում կհնչեն հոգևոր ստեղծագործություններ, շարականներ, հատվածներ Սբ. Պատարագից, որոնցից շատերը «Ալաշկերտ» երգչախումբը մշտապես կատարում է Սբ. Պատարագի ժամանակ, առաջնորդանիստ եկեղեցում:

     

    Համերգի տեղեկատվական հովանավորն է՝ Շիրակ ՀՌԸ-ը:

     

    MEI POSTER

     

     Մերի Մկրտչյանի կենսագրականը

     

    Մերի Մկրտչյանը ծնվել է Գյումրիում, 1977թ. դեկտեմբերի 6-ին:

     

    1997-2002թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժնում:

    2003-2005թթ.սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի բաժնում:

    1992թ. մասնակցել է  «Հմայիչ ձայներ» մրցույթին և ստացել դափնեկրի կոչում:

     

    2003թ.-ից  մինչև այսօր աշխատում է Երևանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի վոկալ ամբիոնում` որպես դասախոս: Ունի բազմաթիվ միջազգային մրցույթների առաջին կարգի դիպլոմակիր ուսանողներ (դափնեկիրներ):

     

    1993թ. մասնակցել է  «Ամադեուս» մրցույթ-փառատոնին, արժանացել «Լավագույն հոգևոր երգի կատարում» անվանակարգի գլխավոր մրցանակին:

     

    1995թ.-ից մինչև այսօր երգում է Գյումրու հայ կաթողիկէ եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբում:

     

    2012-2015թթ.աշխատել է Ժան և Ալբեր Պողոսյաններ արվեստի քոլեջում` որպես դասատու և վոկալի բաժնի վարիչ:

     

    2015թ.աշխատել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես վոկալի դասախոս:

     

    Ունի գիտական աշխատություն` «Էդվարդ Միրզոյանի վոկալ-կամերային ստեղծագործությունների ոճական առանձնահատկություները» վերնագրով:

     

    Բազում անգամներ մենակատարումներով հանդես է եկել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

     

    2005-2007թթ.մենահամերգային ծրագրերով հանդես է եկել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում` Փարիզի Աստվածամոր տաճարում, Մարսելի Նոթղ դամ դե լա Գաղ եկեղեցում ինչպես նաև Լիոնի Ֆուղ Վիեղ եկեղեցում, նաև Պարսկաստանի` Թեհրան քաղաքում:

     

    2000-ից մինչ օրս երգում է «Գոհար» երգչախմբում և մասնակցել է երգչախմբի համերգներին տարբեր երկրներում:

     

    2009թ.եղել է «Երաժիշտ-կատարողներ» միջազգաին մրցույթ փառատոնի դասական երգեցողության հանձնաժողովի անդամ:

    Մենահամերգային  ծրագրով հանդես է եկել նաև Երևանի պետական կոնսերվատորիայի դահլիճում:

    Ունի բազմաթիվ շնորհակալագրեր:

     

    2005թ. թողարկվել է Մերի Մկրտչյանի «Հոգիի ծիածան» անվանումով ձայնասկավառակը (մաեստրո` Սեպուհ Աբգարյանի ստեղծագործությունների կատարումներով):

     

    Երգչուհին պատրաստում է շուտով թողարկել նաև երկրորդ ձայնասկավառակը` ժամանանակակից մշակմամբ դասական ստեղծագործությունների կատարմամբ:

     

    «Ալաշկերտ» հոգևոր երգչախումբը

     

    Հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախումբը ձևավորվել է 2010թ., Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի ջանքերով: Քառաձայն երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը, նվագակցողն է երաժիշտ Գոհար Շախուլյանը:

     

    Երգչախումբը մշտապես կատարել է Սբ. Պատարագի հոգևոր երգեցողությունը և այլ շարականներ, երգեր, որոնք պատշաճ են տոներին և այլ ծիսական ու ջերմեռանդական արարողություններին: Մինչև 2015թ. սեպտեմբերի 24-ը՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը, երգչախումբը երգել է հայ կաթողիկէ առաջնորդարանի ներքնահարկում, որտեղ կատարվում էին Գյումրիի հայ կաթողիկէ ժողովրդապետության պաշտամունքային բոլոր արարողությունները, նաև՝ Սբ. Պատարագը: Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումից հետո երգչախումբն էլ, համայնքի հետ միասին, որպես անքակտելի մի մասը, տեղափոխվեց նորակառույց եկեղեցի:

     

    Ծիսական արարողություններից զատ իր առաջին համերգով «Ալաշկերտ» հոգևոր երգչախումբը հանդես է եկել 2016թ. հունվարի 31-ին, Սրբոց Նահատակաց եկեղեցում:

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց