Եվրոպայում հաճախակի են լսվում «ատելության խոսքեր»՝ փոքրամասնությունների հանդեպ:
9 հունիսի, 2016թ.
Հռոմի Սուրբ Աթոռը խիստ անհանգստացած է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Եվրոպայում թշնամական արտահայտությունների թվի աճով: Այդ մասին հայտարարեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մեջ Վատիկանի ներկայացուցիչ գերապայծառ Յանուշ Ուրբանչիկը՝ Վիեննայում փոքրամասնությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ:
Սուրբ Աթոռի մշտական դիտորդ Յանուշ Ուրբանչիկը վճռականորեն հայտարարել է, որ Եվրոպայում հաճախակի են լսվում «ատելության խոսքեր» (նրա բնորոշմամբ), որոնք սպառնում են դառնալ «բռնություններ» և վերածվել լայնամասշտաբ բախումների (հակամարտությունների): «Ատելության հրահարման կանխարգելումը նշանակում է հակամարտությունների կանխում, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդում՝ մեր տարածաշրջնում».ասել է նա:
Վատիկանի դիվանագետը ընդգծել է, որ պետք է խուսափել «այդ սայթաքուն ճանապարհի ողբերգական հետևանքներից, որը հաճախ սկսվում է ծաղրանքից կամ էլ՝ սոցիալական օտարացման այլ ձևերից», դա էլ իր հերթին բերում է «խտրականության դրսևորումների՝ երբեմն, անգամ կանոնադրության մեջ ամրագրված, անհանդուրժողականություն և բռնություններ»:
Սուրբ Աթոռի ԵԱՀԿ մշտական դիտորդը քննադատեց «քաղաքական ելույթների աճը՝ ուղղված ազգային փոքրամասնությունների դեմ, ինչպես նաև արմատացած կարծրատիպերի կիրառումը նրանց նկատմամբ՝ կոնկրետ քաղաքական ծրագրերի առաջընթացի համար: Նման միտումին պետք է հակառակվել, դիմադրել՝ քաղաքական կյանքի մեջ ներգրավելով նաև բոլոր քաղաքացիներին»:
Ըստ գերապայծառ Ուրբանչիկի խոսքերի, քաղաքացիների, հատկապես երիտասարդների դաստիարակությունը «շատ կարևոր է բախումների կանխարգելման» և «ճշմարիտ հանդուրժողականություն դրսևորելու» առումով: Դրա համար էլ Սուրբ Աթոռը հույսով է, որ կմշակվեն, կզարգացվեն կրթական ծրագրեր՝ ուղղված «տարբեր մշակույթների, ազգությունների և կրոնների փոխըմբռման ու հագանքի ամրապնդմանը»: Նման ծրագրերը կոչված են տարածելու «այնպիսի ունիվերսալ արժեքներ, ինչպիսիք են հարգանք յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ, համերաշխություն մարդկանց միջև և հարգանք ուրիշի դավանանքի նկատմամբ»:
Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը