• Ի՞նչ է նշանակում լինել երկրի աղը.Քահանայապետի հունիսի 7-ի քարոզը

    «Եղե՛ք լույս լուսավորելու համար, եղե՛ք աղ համ տալու եւ այն պահպանելու համար»


    8 հունիսի, 2016թ.

     

     

     

    «Քրիստոնյաները պետք է լինեն երկրի աղը եւ աշխարհի լույսը․մենք ունենք մի  «մարտկոց», որ որն անսպառ է»:

     

    Ըստ Վատիկանի Ռադիոյի, Քահանայապետն ընդգծել է այս միտքը Սանթա Մարթայի տաճարում 2016թ.հունիսի 7-ի առավոտյան մատուցած Սբ․ Պատարագի ընթացքում, երբ մեկնաբանեց  օրվա սուրբգրային ընթերցումը:

     

    Ավետարանում Հիսուսն ասում է իր աշակերտներին. «Դու՛ք եք երկրի աղը», «Դո՛ւք եք աշխարհի լույսը»։ Քրիստոնյաները, – ասաց նա, -պիտի լինեն աղ եւ լույս, երբեք չպիտի ծառայեն իրենք իրենց․ աղը պիտի համ տա, իսկ լույսը պիտի լուսավորի մյուսներին։

     

    Պապը շարունակեց հարցնելով. «Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, որպեսզի աղը չսպառվի, որպեսզի ճրագը վառելու համար նավթը չվերջանա»։ «Մարտկոցը», որ քրիստոնյան պիտի օգտագործի լույս առաջացնելու համար, աղոթքն է»:

     

    «Կան շատ բաներ, որ կարող եք անել, շատ բարեգործական աշխատանքներ, շատ մեծ բաներ Եկեղեցու համար՝ կառուցել կաթողիկէ համալսարան, քոլեջ, հիվանդանոց, կարող եք նույնիսկ հուշարձանով պարգեւատրվել որպես Եկեղեցու բարերար, բայց, եթե չեք աղոթում, դա կլինի մռայլ ու աղոտ լույս», – խորհուրդ տվեց Պապը:

     

    Աղոթքն է լուսավորում քրիստոնեական կյանքը․ այն «լուրջ» բան է: Նա ընդգծեց, որ մեր աղոթքները, իրենց բոլոր ձեւերով, պիտի գան սրտից:

     

    Անդրադառնալով աղին, որ քրիստոնյաները կոչված են լինելու, նա նշեց, որ «այն աղ է դառնում, երբ տրվում է ուրիշներին»։ Սա մեկ այլ Քրիստոնեական վերաբերմունք է՝ «տալ քո անձը, համ տալ ուրիշների կյանքին, համ տալ շատ բաների Ավետարանի պատգամով»:

     

    «Իհարկե, կարող եք հարցնել, թե աղն ու լույսը որքան կարող են օգտագործվել առանց սպառվելու, եթե շարունակենք անդադար տալ ինքներս մեզ»։ «Ահա այստեղ է գալիս Աստծո զորությունը, քանի որ քրիստոնեությունը աղ է, որ տրվում է մեզ Աստծո կողմից մկրտության ժամանակ, դա պարգեւ է, որը երբեք չի ավարտվում»:

     

    «Եղե՛ք լույս լուսավորելու համար, եղե՛ք աղ համ տալու եւ այն պահպանելու համար», – եզրափակեց Ֆրանցիսկոս Պապը։

     

    Zenit լրատվական գործակալության անգլերեն հրապարակված տեքստից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

Օրացույց

Օրացույց